Գիրք` 30. Յոբ

Գլուխ 19

ՎԵՐՋՈՒՄ ԻՄ ՊԱՇՏՊԱՆԸ ՊԻՏԻ ՄԻՋԱՄՏԻ
   

1. Յոբը խօսեց ու ասաց.
2. «Մինչեւ ե՞րբ պիտ տանջէք իմ հոգին, խօսքերով պիտ ընկճէք իմ անձը:
3. Իմացէ՛ք, որ Տէրը ինձ հետ այսպէս վարուեց: Բամբասում էք ինձ, յարձակւում վրաս, չէք էլ ամաչում:
4. Այո՛, արդարեւ ես մոլորուեցի (մոլորութիւնս իմ ներսում է հանգուցուել)՝ասելով բաներ, որոնք արժան չեն: Խօսքերս եւս մոլորութիւն են ու չեն պատշաճում մեր ժամանակին:
5. Մի կողմ թողնենք այն, որ դուք ինձ վրայ մեծ-մեծ խօսում էք, յարձակւում վրաս նախատինքներով:
6. Արդ, իմացէ՛ք դուք, որ իմ Տէրն է ինձ տակնուվրայ արել, վրաս անխնայ պատնէշ բարձրացրել:
7. Ահա ծաղրւում եմ նախատինքներով՝ բերան չեմ բացում. աղաղակեմ էլ՝ եւ ոչ մի տեղից ինձ համար արդար դատաստան չկայ:
8. Շրջապատուած եմ՝ չեմ կարող խոյս տալ: Խաւարն է չոքել համակ ինձ վրայ:
9. Մերկացրել է ինձ փառքերից բոլոր, հանել իմ գլխից պսակը նաեւ:
10. Պաշարել է ինձ բոլոր կողմերից, ու կործանուած եմ. յոյսս կտրել է յաւէտ՝ ծառի պէս:
11. Սաստիկ բարկութեամբ է վարուել ինձ հետ ու իր թշնամին է համարել ինձ:
12. Գնդերը նրա, բոլորը մէկտեղ, հասել են վրաս. դարանակալներ կտրել են բոլոր ճանապարհներս:
13. Ինձնից հեռացել են եղբայրներս. ինձնից առաւել՝ օտարներին են ճանաչել նրանք:
14. Բարեկամներս անողորմ դարձել, անգոսնել են ինձ մերձաւորներս,
իսկ ծանօթներս անունս անգամ արդ մոռացել են:
15. «Հիւրընկալուածներն իմ յարկի ներքոյ, աղախիններն իմ համարել են ինձ լիովին օտար. մի այլազգի եմ թուացել նրանց:
16. «Ծառա՜յ» եմ կանչել, բայց նա չի լսել.
17. ես իմ բերանով կնոջս աղաչում, աղերսում էի: Պաղատանքներով կանչում էի ես որդներին իմ բոլոր հարճերի,
18. յաւէտ ուրացել են նրանք էլ ինձ. հէնց վեր եմ կենում՝ բամբասում են ինձ:
19. Զզուել են ինձնից իմ ծանօթները. ում սիրում էի՝ իմ դէմ են ելել:
20. Իմ այս մորթի տակ մսերս են փտել. ատամներիս մէջ իմ ոսկորներն եմ պահում սեղմելով:
21. Ո՛վ բարեկամներ, ողորմեցէ՛ք ինձ, ողորմեցէ՛ք ինձ, զի Տիրոջ ձեռքն է բարձրացել վրաս:
22. Տիրոջ պէս ինչո՞ւ էք ինձ հալածում. մի՞թէ իմ մարմնով չէք յագեցել դուք:
23. Ի՜նչ կը լինէր, որ կարողանայի ես գրել խօսքերս, յաւիտենական մի մատեանի մէջ գրանցել դրանք՝
24. երկաթէ գրչով կապարի կամ թէ վէմերի վրայ փորագրելով,
25. քանի որ գիտեմ՝ յաւերժական է Նա, ով երկրի վրայ պիտի փրկի ինձ՝
26. յարութիւն տալով մարմնիս, որ այս բոլորը համբերեց, տարաւ: Տիրոջ կողմից են հասել բոլորը,
27. որ ինքս անձամբ քաջ գիտակցում եմ,ինչ որ տեսել եմ ես իմ աչքերով, ոչ թէ ուրիշը: Այդպէս ամէն ինչ իմ ծոցում հանգաւ:
28. Իսկ թէ հարցնէք՝ «Ինչի՞ մասին մենք խօսենք իր առաջ, ինչպէ՞ս գտնենք մենք արմատը գործի»,
29. դո՛ւք էլ վախեցէք մթին գործերից: Զի բարկութիւնն է անօրէնների վրայ հասնելու. ապա կ՚իմանան, թէ ո՛ւր է իրենց բուն էութիւնը»: