Գիրք` 30. Յոբ

Գլուխ 20

ԱՐԴԱՐՈՒԹԵԱՆ ՕՐԷՆՔԸ ԲԱՑԱՌՈՒԹԻՒՆ ՉՈՒՆԻ
   

1. Սոփար Մինեցին նորից խօսեց ու ասաց.
2. «Չէի կարծում, թէ դու մեր դիմաց այդպէս կը խօսես: Մի՞թէ դու ինձնից աւելի իմաստուն ես:
3. Ես ունկնդրելու եմ իմ ակնածալից խրատին, եւ իմ բանականութեան ոգին է, որ պատասխան է տալու ինձ:
4. Մի՞թէ դու դա հիմա ես իմացել եւ ոչ թէ այն ժամանակուանից, երբ երկրի վրայ մարդն է ստեղծուել:
5. Ամբարիշտների ուրախութիւնը չարաչար կործանման նշան է, անօրէնների խնդութիւնը՝ կորուստ:
6. Եթէ անգամ երկինք բարձրանան նրա ընծաները, ողջակէզներն էլ ամպերին հասնեն,
7. երբ թուայ, թէ հաստատուած է՝ այն ժամանակ իսպառ կորչելու է. իսկ ովքեր որ նրան ճանաչում էին, ասելու են՝ ո՞ւր է:
8. Երազի պէս է թռչելու եւ չի գտնուելու. գիշերային տեսիլքի պէս է թռչելու նա:
9. Այն աչքը, որ նայել է նրան, այլեւս չի տեսնելու, ոչ էլ նրա բնակավայրն է նրան ընդունելու:
10. Նրա որդիներին վատ մարդիկ են սպանելու. ձեռքերը ախտերից են բորբոքուելու:
11. Ոսկորներն իր, որ երիտասարդական ուժով էին յագեցած, իր հետ էլ հողում են ննջելու:
12. Եթէ անգամ քաղցրանայ չարութիւնը նրա բերանում, թաքցնի այն իր լեզուի տակ,
13. չի՛ խնայելու նրան, թողութիւն չի՛ շնորհելու:
14. Կուտակելու է այն իր կոկորդում, ու ինքն էլ չի կարողանալու իրեն օգնութեան հասնել. իժի թոյն կայ նրա փորում:
15. Անիրաւութեամբ հաւաքուած նրա հարստութիւնը դուրս է փսխուելու. հրեշտակը նրան քաշել հանելու է տնից:
16. Վիշապների զայրոյթն է նա ծծելու, եւ նրան օձի լեզուն է սպանելու:
17. Չի տեսնելու նա արածող կենդանիների կիթը, ոչ էլ մեղրի ու կարագի պաշարներ:
18. Զուր ու պարապ տեղն է նա հարստութիւն վաստակել, ուստի չի վայելելու այն ու չի կարողանալու կուլ տալ, ինչպէս չծամուող ու չկտրտուող կարծր բան,
19. որովհետեւ շատ տկարների տներ է խորտակել, բնակարաններ խլել, բայց չի կառուցել:
20. Նրա ունեցուածքին փրկութիւն չկայ. իր ցանկացած ձեւով չի ազատուելու:
21. Ուտելու մթերք չի ունենալու: Դրա համար նրա բողբոջները չեն ծաղկելու:
22. Երբ իրեն թուայ, թէ ահա առատութեան մէջ է՝ նեղութիւն է կրելու:
Ամէն անգամ տագնապի մէջ է լինելու,
23. թէ ինչպէ՛ս է լցուելու իր որովայնը: Աստուած նրա վրայ է ուղարկելու իր սրտմտութիւնն ու զայրոյթը, վրան ցաւեր է թափելու,
24. եւ նա սրի ձեռքից չի ազատուելու:
25. Պղնձէ աղեղն է խոցոտելու նրան. նետն է թափ անցնելու նրա մարմնով:
Նրա յարկի տակ աստղեր են շուռ գալու, եւ արհաւիրքներ են թափուելու գլխին:
26. Համակ խաւարն է սպասում նրան, եւ անշէջ հուրն է ճարակելու նրան:
Եկուորն է չարչարելու նրա ընտանիքը:
27. Երկինքը մէջտեղ է հանելու նրա անօրէնութիւնները, եւ աշխարհն է վեր կենալու նրա դէմ:
28. Կործանումն է իսպառ քանդելու նրա տունը. հասնելու է նրա վրայ ցասման օրը:
29. Տիրոջից այս է բաժին հասնելու ամբարիշտ մարդուն, եւ այս է լինելու նրա ունեցուածքը՝ Վերակացուից սահմանուած»: