ԱՍՏՈՒԱԾ ՊԱՏԺՈՒՄ Է ՄԻԱՅՆ ՅԱՆՈՒՆ ԱՐԴԱՐՈՒԹԵԱՆ
1. Եղիփազ Թեմնացին նորից խօսեց ու ասաց.
2. «Չէ՞ որ Տէրն է, որ ուսուցանում է իմաստութիւն եւ գիտութիւն:
3. Արդ, Տիրոջն ի՞նչ փոյթ, թէ դու անարատ ես քո գործերով, կամ ի՞նչ օգուտ, որ դու ուղղես վարքդ:
4. Կամ բանի տեղ դնելով՝ կը յանդիմանի՞ քեզ, քեզ հետ դատաստանի՞ կը նստի:
5. Չէ՞ որ քո չար արարքները բազմաթիւ են, մեղքերդ՝ անթիւ:
6. Առանց պատճառի քո եղբայրներին գրաւ ես վերցրել, մերկերի զգեստները յափշտակել:
7. Ծարաւածներին ջուր չես խմեցրել, նաեւ քաղցածների հացը կտրել:
8. Ոմանց աչքի տակ ես առել ու նրանց բնակեցրել երկրի վրայ:
9. Այրիներին ձեռնունայն ես արձակել եւ որբերին չարչարել:
10. Հիմա քո շուրջը որոգայթներ են դրուած, եւ սաստիկ պատերազմն է քեզ տագնապի մէջ գցել:
11. Լոյսդ քեզ խաւար թուաց. քնի մէջ քեզ ջրերը ծածկեցին:
12. Միթէ Նա, ով բարձունքում է ու նայում է՝ չի՞ տեսնելու. նա չէ՞ր, որ ահա ամբարտաւանութեամբ զգեստաւորուածներին խոնարհեցրեց:
13. Եւ ասացիր. «Ի՞նչ գիտէ Հզօրը», կամ թէ՝ «Ամպի մէ՞ջ է դատ անելու»:
14. Ամպն է նրա ծածկոյթը, ու երբ շրջում է նա երկնի ծիրի մէջ, ոչինչ տեսանելի չէ:
15. Չե՞ս պահելու այն յաւիտենական շաւիղները, որոնց վրայ կոխեցին տարաժամ յափշտակուած արդար այրերը:
16. Նրանց հիմքերը յորդաբուխ գետ են:
17. Նրանք ասում էին. «Տէրը մեզ ի՞նչ կ՚անի», կամ՝ «Ամենակալն ի՞նչ կը թափի մեր գլխին»:
18. Նա սրանց տները բարիքներով լցրեց: Բայց ամբարիշտների մտադրութիւնը հեռու է նրանից:
19. Արդարները տեսան ամբարիշտների կործանումը ու ծիծաղեցին. անարատն էլ տեսաւ ու արհամարհեց՝ ասելով.
20. «Արդարեւ, նա չքանդե՞ց դրանց նեցուկը: Դրանց ունեցուածքների մնացորդները հուրն է ճարակելու»:
21. Բայց եկ խստակեա՛ց եղիր, թէ կարող ես համբերել. եւ քո պտուղը կը փարթամանայ:
22. Ուսմո՛ւնք ընդունիր նրա բերանից, նրա խօսքերը սրտիդ մէ՛ջ վերցրու:
23. Եւ եթէ դարձի գաս ու քո անձը խոնարհեցնես Տիրոջ առաջ, անիրաւութիւնը հեռացրած կը լինես քո յարկից:
24. Կը բազմես ամուր վէմի վրայ, ինչպէս Սոփերի ձորի ժայռի։ վրայ:
25. Եւ Ամենակալը քեզ օգնական կը լինի թշնամիներիդ դէմ ու յայտնապէս կը վարձատրի քեզ, ինչպէս զտած արծաթ:
26. Ապա համարձակ կը կանգնես Տիրոջ առաջ ու զուարթ կը նայես դէպի երկինք:
27. Երբ նրան աղերսես՝ կը լսի քեզ ու կատարել կը տայ քեզ՝ քո ուխտը:
28. Քեզ կը վերադարձնի արդար բնակարանդ: Քո ճանապարհներին լոյս կը լինի,
29. որովհետեւ ինքդ քեզ խոնարհ պահած կը լինես ու կ՚ասես, թէ ամբարտաւանութիւն ես արել:
30. Կ՚ապրեցնի նրանց, ում աչքերը խոնարհ են. կը փրկի անարատին: Քո մաքուր ձեռքերով կ՚ազատես քեզ»:

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: