Գիրք` 30. Յոբ

Գլուխ 28

ԻՄԱՍՏՈՒԹԵԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ
   

1. «Յայտնի է տեղը արծաթի, որտեղից այն հանւում է, եւ տեղը ոսկու, ուր այն զտւում է:
2. Երկաթը հողից է դուրս գալիս, պղինձն էլ քարի պէս տաշւում է:
3. Կարգ է սահմանել խաւարի համար.ինքն է ճշգրտում բոլոր ծիրերը՝
4. քարի, խաւարի, մահուան ստուերի, ինչպէս փոշուց է կտրում-բաժանում խրամն հեղեղատի: Ով մոռանում է ճամփան ճշմարիտ, մարդկանց մէջ տկար պիտի լինի նա:
5. Գալով այս հողին՝ ապա այնտեղից է ելնում հացը. իսկ իր ընդերքը շուռ-մուռ է տրուած, ինչպէս կրակից:
6. Նրա քարերը շափիւղայ ունեն, իսկ հողը՝ ոսկի:
7. Շաւիղ կայ՝ երբեք ծանօթ չէ թռչնին, եւ ոչ էլ անգղի աչքն է այն տեսել,
8. ուր ոտք չի դրել մարդն ամբարտաւան, որտեղով առիւծ չի անցել անգամ:
9. Մարդ ձեռքն է գցել ապառաժներին, հիմքից սասանել բարձրաբերձ լեռներ:
10. Պատառոտել է գետի յորձանքներ: Բոլոր պատուական այս բաները ես աչքովս եմ տեսել:
11. Գետերի խորքն է երեւան հանել, իր զօրութիւնը ցոյց տուել լոյսին:
12. Այդ որտեղի՞ց է իմաստութիւնը, եւ ո՞րն է տեղը խելք ու հանճարի:
13. Բայց մահկանացուն չգիտէ ուղին դէպ իմաստութիւն. չի էլ երեւում սա մարդկանց միջին:
14. Անդունդը ասաց. «Ինձ մօտ դա չկայ», իսկ ծովը ասաց. «Իմ խորքում չէ դա»:
15. Դրա փոխարէն գրաւ չի դրւում, ու չի կշռւում դրա գնով մէկ՝ որեւէ արծաթ:
16. Սոփերի ոսկու հետ չի դրուի այն նժարի վրայ, ոչ էլ պատուական եղնգաքարի ու շափիւղայի:
17. Չեն համեմատ նրա հետ ոսկի, ոչ էլ ապակի, ու չի ճարուի նրա գնով անօթ ոսկեղէն:
18. Բարձրութիւններ 624, խորութիւններ թող չյիշուեն է՛լ. խորքում է փռել Նա ճշմարտութիւնն:
19. Չի չափուի հետը եւ տպազիոնը այն եթովպացւոց, ոսկիների հետ չի դրուի երբեք նժարի վրայ:
20. Այդ որտեղի՞ց է իմաստութիւնը, եւ ո՞րն է տեղը խելք ու հանճարի:
21. Թաքնուած է այն բոլոր մարդկանցից,ծածկուած՝ երկնի ամէն թռչունից:
22. Կորուստը, մահը ասացին. «Շատ ենք մենք լսել նրա համբաւի մասին»:
23. Տէրը հեշտութեամբ պատրաստեց նրա ճանապարհները, քանզի նրա տեղն Ինքը լոկ գիտէ.
24. Ինքը ամէն բան երկնքի ներքոյ տեսնում է անձամբ: Գիտէ ամէն ինչ, որ ստեղծել է աշխարհի վրայ՝
25. կշիռը հողմի, չափը ջրերի, որ Ինքն է կարգել:
26. Նա Ինքն է տեսել ու մէկ-մէկ հաշուել: Եւ ճանապարհ է սահմանել ամպի որոտման ձայնով:
27. Այն ժամանակ էլ տեսել է Ինքը իմաստութիւնը ու նրա մասին յայտնել է մարդուն.:
28. Պատրաստել, քննել ու ասել է Նա. «Աստուածպաշտութիւնն է մաստութիւն,
ու չարիքներից հեռու մնալը՝ խելացիութիւն»»: