1․ «Ու դրա վրայ խռովուել է սիրտս, շարժուել իր տեղից:
2․ Լսի՛ր Տիրոջ սրտմտութեան ու զայրոյթի լուրը. նրա բերանից խորհուրդ է դուրս գալու:
3․ Ամէն ինչ նրա երկնային իշխանութեան տակ է, իսկ նրա լոյսը՝ երկրի ծագերի վրայ:
4․ Նրա յետեւից մի ձայն է գոչելու, որոտալու է իր բարձր ձայնով եւ դրանք ուրիշներով չի փոխանակելու, որ լսելի դարձնի ի՛ր ձայնը:
5․ Ամենազօրը որոտալու է սքանչելի ձայնով, քանի որ կատարել է մեծամեծ բաներ, որ մենք չգիտենք:
6․ Հրամայել է ձիւնին՝ «Իջի՛ր լերան վրայ», նաեւ ձմեռային անձրեւներին,
որ ցոյց տան իրենց զօրութիւնը:
7․ Խափանում է ամէն մարդու ձեռքի գործը, որպէսզի իւրաքանչիւր ոք իմանայ իր թոյլ լինելը:
8․ Գազաններն իրենց որջերն են մտել, խշտիներով ծածկուել:
9․ Հարաւային քամու շտեմարաններից խորշակ է դուրս գալիս, բարձրաւանդակներից՝ ցուրտ,
10․ եւ Ամենազօրի շնչից սառնամանիք է սփռուելու:
11․ Ուղղութիւն է տալիս ջրերին, ինչպէս կամենայ, խիտ ամպերը ցիրուցան է անելու:
12․ Մէգը ցրելու է նրա լոյսը, իսկ ինքը դարձնելու է շրջանակները: Ուր որ կամեցել՝ տնօրինել է դրանց գործը եւ այն ամէնը, ինչ կը հրամայի նրանց: Սրանք երկրի վրայ կարգուած են իր կողմից՝
13․ խրատի համար լինի թէ երկիւղ գցելու կամ ողորմութեան համար, եւ բոլորը կը գտնեն Նրան:
14․ Ակա՛նջ դիր սրան, Յո՛բ, եկ խրատուի՛ր Տիրոջ զօրութեամբ:
15․ Գիտենք, որ Աստուած տնօրինել է իր գործերը. լոյսն է ստեղծել խաւարի մէջ:
16․ Գիտէ ամպերի էութիւնը: Չարագործների յանցանքներն արհաւիրք են:
17․ Ինչո՞ւ է պատմուճանդ տաքանում, երբ երկիրը հանգստանում է հարաւային հողմից:
18․ Այդ Տէրն է հաստատել երկինքը եւ նրա մէջ գտնուող ջրալի ամպերը, որոնք իր զօրութեամբ ցած է թափում:
19․ Բայց հէնց ինչո՞ւ, դէ հասկացրո՛ւ ինձ, ի՞նչ ենք ասելու նրան, ու ապա դադարենք շատ բաների մասին խօսելուց:
20․ Միթէ մօտս մատեա՞ն կայ, կամ դպի՞ր է կանգնած, որ մարդկանց գրածը լինելով՝ լռեցնեմ:
21․ Ամէն մարդու չէ, որ լոյսը տեսանելի է. փայլածուն ամպերի մէջ է,
ինչպէս որ լոյսը՝ ամպերի վերեւում:
22․ Հիւսիսից ոսկեճաճանչ ամպերն են. սրանց համեմատութեամբ մեծ են Ամենակալի փառքն ու պատիւը:
23․ Չգիտենք մենք նրա զօրութեանը նմանուող ուրիշ ոչ ոքի, որ արդար դատելիս լինի, եւ դու պէտք չէ՞ որ լսես նրան:
24․ Դրա համար են մարդիկ նրանից երկիւղ կրում. նրանից վախենում են նաեւ սրտով իմաստունները»:

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: