ՍԽԱԼՆԵՐԸ ՀԱՏՈՒՑՒՈՒՄ ԵՆ ՎԱՂ ԹԷ ՈՒՇ
1․ Բաղդատ Սոքեցին խօսեց ու ասաց.
2․ «Մինչեւ ե՞րբ ես այդպէս խօսելու: Մեծաբանութեան հովեր կան քո բերանում:
3․ Միթէ անիրա՞ւ դատաստան կը տեսնի Տէրը, կամ նա, որ ամէն ինչ ստեղծեց, իրաւունքը կ՚աղաւաղի՞:
4․ Եթէ քո զաւակները մեղանչեցին նրա առաջ, ինքն էլ պատիժներ ուղարկեց անօրէնութիւնների համար:
5․ Բայց դու աղօթքներով վաղ առաւօտեան դիմի՛ր Ամենակալ Տիրոջը.
6․ եթէ սուրբ ու ճշմարիտ լինես՝ քո աղօթքներին ականջ կը դնի, քեզ կը վերադարձնի արդար յարկը քո:
7․ Եթէ սկզբում քոնը քիչ էր, վերջում այն անբաւ կը լինի:
8․ Բայց դու տեղեկացի՛ր հին ազգերից եւ քննի՛ր տոհմերի գլխաւորներին:
9․ Քանի որ մենք երէկուան ենք պատկանում, բան չենք իմանում. ստուեր է երկրի վրայ կեանքը մեր:
10․ Միթէ նրանք չպիտի սովորեցնե՞ն քեզ ու պատմեն, իրենց իմաստութիւնից չպիտի բխեցնե՞ն խօսքերն իրենց:
11․ Միթէ պապիրուս բոյսը կը կանաչի՞ առանց ջրի, կամ կը բարձրանա՞յ եղեգն առանց ջրուելու:
12․ Չի՞ հնձուելու այն, մինչ իր արմատների վրայ է. եթէ ամէն խոտ մինչեւ յագեցում չոռոգուի՝ չի՞ չորանայ:
13․ Արդ, բոլորի վախճանն այնպիսին կը լինի, որ կը մոռանան Տիրոջը, այդպէս էլ ամբարշտի յոյսը կը կորչի:
14․ Շէն չի լինի տունը նրա. սարդոստայնի պէս կ՚անհետանայ յարկը նրա:
15․ Թէկուզ եւ հաստատի տունն իր՝ այն չի մնայ կանգուն. հէնց իր ձեռքը գցի դրան՝ այն չի խարխլի:
16․ Արեգակից է խոնաւութիւնը, եւ նրա նեխուածքից է դուրս գալու իր շիւը 608:
17․ Քարակարկառի վրայ է ննջելու ու մանրախիճ քարերի վրայ ապրելու. իսկ եթէ արմատախիլ արուի իր տեղից, նրա տեղն էլ ուրանալու է նրան:
18․ Այսպիսի բան չե՞ս տեսել միթէ.
19․ ամբարշտի կործանումն այսպիսին է լինելու, իսկ հողից ուրիշն է բուսնելու:
20․ Տէրը չի մերժում անմեղին, ամբարշտի ամէն ընծայ ընդունելի չի լինելու:
21․ Ճշմարիտ մարդկանց բերանները ծիծաղով են լցուելու, նրանց շրթունքները՝ գոհութեամբ:
22․ Նրանց թշնամիներն ամօթով են ծածկուելու. ամբարշտի բնակավայրերն այլեւս չեն մնալու»:

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: