Երեմիա մարգարէն այն մարդն է, որը, Պողոս առաքեալից շատ առաջ, ապրել է Աստծու հետեւեալ խօսքով․ «Իմ զօրութիւնն ամբողջանում է քո տկարութեան մէջ» (Բ Կորնթ․ 12։9)։
Դեռեւս երիտասարդ հասակում Երեմիան Երուսաղէմում դառնում է Աստծու Խօսքի տարածողը (դա 626 թուականին էր (ն․ Ք․) Յոսիայի թագաւորութեան ժամանակ) եւ այդպիսին էլ նա մնում է աւելի քան քառասուն տարի, փոթորկալի մի ժամանակաշրջանում։
Ասորեստանի հզօրութիւնը սկսում է թուլանալ բաբելոնացիների անընդմէջ յարձակումների պատճառով։ Օգտուելով դրանցից՝ Յոսիան ձեռք է գցում Իսրայէլի հին թագաւորութեան մի մասը։ Սակայն 609 թուականին նա սպանւում է Մեգիդդոյում՝ ցանկանալով դէմ դուրս գալ Ասորեստանին օգնելու նպատակով եգիպտացիներին ուղարկած բանակին։ Եգիպտացիները գերեվարում են նրա որդի Շալլումին եւ նրա փոխարէն թագաւոր են նշանակում Յովակիմին։ 597 թւականին Նաբուքոդոնոսորի զօրքերը հասնում են մինչեւ Երուսաղէմ եւ նրա բնակչութեան մի մասին աքսորում են Յովակինի հետ միասին, որը յաջորդել էր իր հօրը՝ Յովակիմին։ Նրանք Դաւթի գահին են նստեցնում Սեդեկիային։ Սա թոյլ մի թագաւոր լինելով՝ հեշտութեամբ ներգրաււում է բաբելոնացի տէրերի դէմ բորբոքուած ապստամբական շարժումների մէջ, որոնք աղէտալի հետեւանքներ են ունենում․ մեկ տարուայ պաշարումից յետոյ Երուսաղէմը գրաււում է Նաբուքոդոնոսորի զօրքերի կողմից (587 թ․ յուլիսին), որոնք կալանաւորում են Սեդեկիային, հրդեհում տաճարը եւ գերի տանում ապստամբութեան մասնակիցներին։
Նրանց մեկնումից յետոյ սպանւում է Գոդողիան, որը Երուսաղէմում կառավարիչ էր նշանակուել բաբելոնացիների կողմից։ Սպանդից ճողոպրած Յուդայի երկրի բնակիչները ապաստանում են Եգիպտոսում՝ բռնի իրենց հետ տանելով Երեմիա մարգարէին։ Այնտեղ էլ նա վախճանւում է։
Ինչպէս միւս մարգարէները, Երեմիան նոյնպես ողբերգական իրադարձութիւնների մէջ տեսնում է Աստծու խստագոյն ազդարարութիւնները՝ ուղղուած իր անհաւատարիմ ժողովրդին, որի համար դժբախտութիւնից խուսափելու միակ միջոցը, ասում է Երեմիան, Աստծուն վերադառնալն է։ Դադարեցնել թաքուն մեքենայութիւնները Եգիպտոսի հետ եւ ընդունել բաբելոնեան գերիշխանութեան փորձութիւնը։ Այս պատճառով էլ Երեմիան մեղադրւում է դաւաճանութեան մէջ եւ ենթարկւում հալածանքների, որը մեծ վիշտ է պատճառում նրան, քանի որ նա խորունկ սիրով կապված էր իր ժողովրդին։
Այդպէս էլ նա վերջացնում է իր կեանքը՝ ողբալով իր ժողովրդի դժբախտ ճակատագրի վրայ, բայց հաւատալով նրա յարութեանը, որը կարող էր իրականանալ միայն Աստծու հետ կնքուած մի «նոր դաշինքով»։

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: