Գիրք` 1. Ծնունդ

Գլուխ 25

Աբրահամի մյուս կանայք
   
1. Եվ Աբրահամը դարձյալ կին առավ, որի անունը Քետուրա էր:
2. Եվ նա Աբրահամի համար ծնեց Զեմրանին, Հեքսանին, Մադանին, Մադիանին, Հեսբոնին և Սովեին:
3. Եվ Հեքսանը ծնեց Սաբային և Դեդանին: Եվ Դեդանի որդիներն էին Ասուրիմը, Լատուսիմը և Լովոմիմը:
4. Եվ Մադիանի որդիներն էին Գեփան, Ափերը, Ենոքը, Աբիդան և Ելդագան: Սրանք բոլորը Քետուրայի որդիներն էին։
5. Եվ Աբրահամն իր ամբողջ ունեցվածքը տվեց Իսահակին:
6. Աբրահամն իր հարճերի որդիներին պարգևներ տվեց, բայց քանի դեռ ողջ էր, նրանց իր որդի Իսահակի մոտից ուղարկեց դեպի արևելք՝ արևելյան երկիր:
   
Աբրահամի մահը և թաղումը
   
7. Եվ Աբրահամի կյանքի բոլոր տարիների օրերը, որ նա ապրեց, եղան հարյուր յոթանասունհինգ տարի:
8. Եվ Աբրահամը խոր ծերության մեջ՝ ալևոր դարձած ու կյանքից հագեցած, ավանդեց իր հոգին և մեռավ՝ միանալով իր ժողովրդին:
9. Եվ նրա որդիները՝ Իսահակը և Իսմայելը, թաղեցին նրան Մաքփելայի այրում, որ գտնվում էր քետացի Սահառի որդի Եփրոնի արտում՝ Մամբրեի դիմաց:
10. Աբրահամն ու իր կին Սառան թաղվեցին այն արտում, որն Աբրահամը գնել էր Քետի որդիներից:
11. Աբրահամի մեռնելուց հետո Աստված օրհնեց նրա որդի Իսահակին: Եվ Իսահակը բնակվում էր Լահայրոյի ջրհորի մոտ:
   
Իսմայելի սերունդը
   
12. Եվ սրանք են Աբրահամի որդի Իսմայելի սերունդները, որին Սառայի եգիպտացի աղախին Հագարը ծնեց Աբրահամի համար:
13. Եվ սրանք են Իսմայելի որդիներն իրենց անուններով ու իրենց սերունդներով: Իսմայելի անդրանիկն էր Նաբեոթը, ապա՝ Կեդարը, Ադբեելը, Մաբսամը,
14. Մասման, Դուման, Մասսեն,
15. Քոդադը, Թեման, Հետուրը, Նափեսը և Կեդման:
16. Սրանք են Իսմայելի որդիները, և սրանք են նրանց անուններն իրենց վրաններով ու իրենց ավաններով, տասներկու իշխաններ՝ ըստ իրենց ցեղերի:
17. Եվ Իսմայելի կյանքի օրերը եղան հարյուր երեսունյոթ տարի: Նա ավանդեց իր հոգին և մեռավ՝ միանալով իր ժողովրդին:
18. Եվ Իսմայելը բնակվեց իր բոլոր եղբայրների առաջ, իսկ իսմայելացիները բնակվեցին Եվիլայից մինչև Սուր, որը գտնվում է Եգիպտոսի դիմաց՝ Ասորեստան գնալու ճանապարհին:
19. Եվ սրանք են Աբրահամի որդի Իսահակի սերունդները. Աբրահամը ծնեց Իսահակին:
20. Եվ Իսահակը քառասուն տարեկան էր, երբ Միջագետքից ասորի Բաթուելի դուստր և ասորի Լաբանի քույր Ռեբեկային իրեն կին առավ:
   
Եսավը և Հակոբը
   
21. Եվ Իսահակն աղաչեց Տիրոջն իր կնոջ համար, որովհետև նա ամուլ էր: Տերը լսեց նրա աղաչանքը, և նրա կին Ռեբեկան հղիացավ:
22. Եվ մանուկները բախվում էին նրա որովայնում: Եվ նա ասաց. «Եթե այսպես պիտի լիներ, ապա ինչո՞ւ ինձ այս եղավ»: Եվ գնաց Տիրոջը հարցնելու:
23. Եվ Տերն ասաց նրան. «Երկու ազգեր կան քո արգանդի մեջ, և երկու տարբեր ժողովուրդներ դուրս կգան քո որովայնից: Ժողովուրդներից մեկը մյուսից զորավոր կլինի, և մեծը կծառայի փոքրին»:
24. Լրացան նրա ծննդաբերելու օրերը, և ահա երկվորյակներ էին նրա արգանդում:
25. Առաջինը դուրս ելավ կարմրագույն և ամբողջ մարմինը թավ մազածածկույթով, և նրա անունը Եսավ դրեցին:
26. Եվ նրանից հետո ելավ նրա եղբայրը՝ ձեռքով Եսավի գարշապարից բռնած, և նրա անունը Հակոբ դրեցին: Եվ երբ նրանք ծնվեցին, Իսահակը վաթսուն տարեկան էր:
   
Անդրանկությունը վաճառելը
   
27. Եվ մանուկները մեծացան: Եսավը դաշտի մարդ եղավ՝ հմուտ որսորդ, իսկ Հակոբը համեստ մարդ էր և բնակվում էր վրանների մեջ:
28. Իսահակը սիրեց Եսավին, որովհետև ուտում էր նրա որսից, իսկ Ռեբեկան սիրեց Հակոբին:
29. Մի օր Հակոբն ապուր էր եփում: Եսավը եկավ դաշտից՝ քաղցած ու հոգնած:
30. Եվ Եսավն ասաց Հակոբին. «Տո՛ւր խնդրեմ այդ կարմիր ապուրից, որովհետև ես հոգնած եմ»: Այդ պատճառով նրա անունը Եդոմ կոչվեց:
31. Եվ Հակոբն ասաց. «Այսօր վաճառի՛ր ինձ քո անդրանկությունը»:
32. Եվ Եսավն ասաց. «Ես մեռնելու վրա եմ, և ինչի՞ս է պետք անդրանկությունը»:
33. Եվ Հակոբն ասաց. «Այսօր երդվի՛ր ինձ»: Եվ Եսավը երդում տվեց Հակոբին ու նրան վաճառեց իր անդրանկությունը:
34. Եվ Հակոբը Եսավին հաց ու ոսպի ապուր տվեց: Նա կերավ, խմեց և վեր կացավ ու գնաց: Եվ Եսավն անարգեց անդրանկությունը: