Գիրք` 30. Յոբ

Գլուխ 18

ՈՐՈԳԱՅԹ ՉԱՐԻ ՀԱՄԱՐ
   

1. Բաղդատ Սոքեցին նորից խօսեց ու ասաց.
2. «Մինչեւ ե՞րբ դադար չես առնելու. հանդարտուի՛ր, որ մենք էլ խօսենք:
3. Ինչո՞ւ ենք մենք չորքոտանիների պէս լռել քո առաջ,
4. իսկ դու համակ բարկութիւն ես: Հիմա եթէ դու մեռնես՝ երկնքի ներքոյ ամայութի՞ւն է տիրելու, թէ՞ լեռներն են հիմնայատակ կործանուելու:
5. Հանգելու է ամբարիշտների լոյսը. նրանց բոցը չի փայլելու:
6. Նրա լոյսը խաւարելու է իր յարկի տակ, եւ ճրագը հանգելու է նրա վրայ:
7. Յետին մարդիկ յափշտակելու են նրա ունեցուածքը. սխալ են դուրս եկել նրա խորհուրդները:
8. Ոտքը ծուղակն է ընկնելու, եւ նա թպրտալու է ուռկանում:
9. Դարաններ են վրան թափուելու. ծարաւիներին զօրացնելու է նրա դէմ:
10. Նրա համար հողում թակարդ է թաքցուած, իսկ ճանապարհին՝ որոգայթներ:
11. Ցաւերը բոլոր կողմերից ոչնչացնելու են նրան. շատեր նրա ձեռքն ու ոտքն են կապելու տանջահարող սովով:
12. Նրա համար ահաւոր կործանում է պատրաստուած. ոտքի ներբանները մաշուելու են:
13. Տարաժամ մահը ուտելու է գեղեցկութիւնը նրա.
14. առողջութիւնը դուրս է քշուելու նրա յարկից: Տագնապով նրան է հասնելու Մահ-արքայի պատուհասը:
15. Գիշերը նա բնակուելու է նրա յարկի տակ. նրա վայելչութիւնը ծծումբի բոցով է փչանալու:
16. Նրա արմատները խորքից են ցամաքելու, հունձն էլ վերեւից է թափուելու:
17. Յիշատակը նրա կորչելու է երկրի երեսից, անունն էլ ջնջուելու է հրապարակաւ:
18. Լոյսից խաւար են քշելու նրան, եւ իր ժողովրդի մէջ ծանօթ չի ունենալու:
19. Երկնքի ներքոյ նրա տունը չի փրկուելու, այլ այնտեղ օտարներ են բնակութիւն հաստատելու:
20. Յետին մարդիկ 621 հեծեծելու են նրա վրայ, առաջինները 622 զարմանքով են համակուելու,
21. թէ սրա՞նք են անիրաւների տները, սրա՞նք են այն մարդկանց տեղերը, ովքեր Տիրոջը չճանաչեցին»: