Գիրք` 30. Յոբ

Գլուխ 24

ԱՍՏՈՒԱԾ ԹՈՅԼ Է ՏԱԼԻՍ, ՈՐ ՉԱՐԵՐԸ ԳՈՐԾԵՆ
   

1. «Ինչո՞ւ մոռացան ամբարտաւանները մեր Տիրոջը. ամբարիշտները սահմանը անցան:
2. Հօտը հովուի հետ յափշտակեցին,
3. որբուկի էշը քշեցին տարան ու իւրացրին այրու եզն անգամ:
4. Շեղեցին խեղճին ուղիղ շաւիղից. երկրի հեզերին, բոլորին մէկտեղ, ընկճեցին նրանք, ու սրանք դարձան մի-մի վայրի էշ դաշտերի վրայ:
5. Վատնեցին իրենց գործերն ինձ համար. քաղցր եղաւ հացը լկտի մանկանց հետ:
6. Չհասած արտը, որ իրենցը չէր, հնձեցին նրանք. ամբարիշտների այգին խեղճերը մշակեցին, բայց չստացան հաց, վարձ:
7. Բազում մերկերի քնեցրին նրանք առանց հագուստի, զգեստն հանեցին նրանց վրայից:
8. Նրանք թրջւում են լեռների ցօղից. քանի որ չունեն բնակուելու տեղ՝ ժայռերի տակ են ապաստան գտնում:
9. Յափշտակեցին ստինքից որբին եւ տնանկներին տառապեցրին:
10. Իզուր քնեցրին մերկին անհագուստ, սովահարի էլ հացը կտրեցին:
11. Դարան սարքեցին կիրճերում իզուր. ճանապարհն ուղիղ՝ չիմացան երբեք:
12. Մարդիկ զրկուեցին քաղաքից, տնից. հոգիներն մանկանց խիստ հեծեծեցին:
Իսկ Նա ինչո՞ւ չի այցելում սրանց:
13. Երկրում ապրեցին, սակայն չիմացան. ճանապարհն արդար չճանաչեցին. Աստծու շաւիղով երբեք չընթացան:
14. Տեղեկանալով նրանց գործերին՝ խաւարի մատնեց Տէր Աստուած նրանց. ու կը նմանուեն գիշերուայ գողի:
15. Շնացողն աչքը խաւարին է լոկ յառում-սեւեռում: Եւ կ՚ասի՝ «Թող ոչ մէկի աչքը չտեսնի իրեն. քօղ է գցել նա հիմա երեսին»:
16. Մութի միջով է փորել իր տունը. ցերեկի դիմաց փակել են իրենց ու չեն իմացել՝ ի՛նչ բան է լոյսը:
17. Այգն իրենց համար մահուան ստուեր է, եւ ըմբռնում են նրանք տագնապը մահուան ստուերի:
18. Ամբարիշտները աւելի թեթեւ են ջրի երեսին: Նրանց մի մասը երկրի վրայ կը կործանուի. եւ նրանց տունկերը կը լինեն ցամաքած հողի վրայ.
19. խլեցին որբից խուրձը ցորենի: Նրանց մեղքերը երեսով տուին: Ու ցօղի մշուշի նման նա անյայտ էլ կը մնայ:
20. Եւ թող նա ստանայ արածի համեմատ. անիրաւ ամէն մարդ թող ջարդուի քայքայուած ծառի պէս,
21. քանի որ ամուլ կնոջ բարի բան չի արել,
22. որբեւայրուն չի ողորմել, աղքատին կործանել է բարկութեամբ:
Ու անգամ թէ ոտքի կանգնի նա՝ հաւատ չի ունենայ իր կեանքի հանդէպ մարդ:
23. Հիւանդանալիս չի ակնկալի, որ կ՚առողջանայ, այլ կը խրուի նա հիւանդութեան մէջ. իր յոխորտանքով շատ-շատերի է նա տառապեցրել:
24. Կը թառամի նա տօթ եղանակին, ինչպէս որ խոտը կամ ինչպէս հասկը՝ ընկած ցօղունից:
25. Թէ լինի մէկը, որ ասի, թէ ես ստե՛ր եմ խօսում,
թող որ բանի տեղ չդնի նա էլ իմ ասածները»: