ԻՍԿ ՀԻՄԱ...
1. «Ես, որ գրգանքով ամոքում էի, արդ յետին մարդիկ քամահրում են ինձ:
Խրատում են ինձ բոլորը մէկտեղ, որոնց հայրերին նախատում էի, որոնց հաւասար չէի համարի շներին անգամ ես իմ հովուական:
2. Իմ ինչի՞ն էր պէտք նրանց ձեռքերի զօրութիւնը փուչ:
3. Եկել է նրանց կեանքի վախճանը. կարօտութեան ու սովամահութեան մէջ են, անծնունդ: Նրանք, որ երէկ անձկութիւնից ու թշուառութիւնից հէնց փախչում էին անջրդի վայրեր:
4. Նաեւ նրանք, որ խշխշան խոտով էին փաթաթւում, որոնց կերակուրն հէնց խոտն էր, որ կար:
5. Անարգներ նրանք, արհամարհուածներ, կարօտ մնացած ամէն բարիքի,
նրանք, որ սովից ծառի արմատներ էին ծամծմում:
6. Գողերն են հիմա վեր կացել իմ դէմ, որոնց տները քարայրներն էին,
7. ձայն էին տալիս արձագանքի մէջ եւ ապրում էին չոր ճիւղերի տակ:
8. Զաւակներն էին անզգամների, որոնց անունը, ինչպէս եւ փառքը
մարել են երկրում:
9. Հիմա քնար եմ դարձել ձեռքներին, եւ իմ մասին են նրանք բամբասում:
10. Հեռու մնացին՝ զզուելով ինձնից, եւ չքաշուեցին դէմքիս թքելուց,
11. քանի որ Տէրն էլ կապարճը բացել, խոցոտել էր ինձ, սանձ գցել դէմքիս:
12. Վեր են կացել արդ ողջ սերունդներով, ոտքերն են պարզել ու ճամփայ ելել՝ յարձակուեն վրաս:
13. Ու խաչուել են ճամփաներս կորստաբեր ուղիների հետ նրանց:
14. Մերկացրեց Տէրն ինձ իմ պատմուճանից, խոցոտեց անձս իր սուր նետերով՝
մօտենալով ինձ, ինչպէս կամեցաւ:
15. Ախտերով եմ վարակուած. ցաւերս յետ են դարձել:
Քամու պէս անցաւ յոյսը ինձանից, եւ մշուշի պէս՝ իմ փրկութիւնը:
16. Հոգիս է լցուել բերնէ ի բերան: Ինձ համակել են ցաւալից օրեր:
17. Գիշերը ոսկորներս են խաշւում. ջղերս են քայքայուել:
18. Տէրն իր զօրութեամբ ձեռքը գցել է իմ պատմուճանին ու պատմուճանիս ժապաւէնի պէս պատել է շուրջս:
19. Մի կաւի տեղ է ընդունում նա ինձ. հողն ու մոխիրն են բաժինս դարձել:
20. Քեզ դիմեցի ես, բայց չլսեցիր. կանգնեցին նրանք ու դիտեցին ինձ:
21. Իմ նկատմամբ դու անողորմ եղար. ինձ հզօր ձեռքովդ հարուածեցիր դու:
22. Ցաւի մէջ դրիր ինձ, զրկեցիր փրկութեան միջոցից:
23. Գիտեմ, որ մահը ինձ պիտի ջնջի, քանզի երկիրն է տունը ամենայն մահկանացուի:
24. Ու երանի թէ կարողանայի իմ հոգին կրթել եւ կամ ուրիշին խնդրել, աղաչել, որ նոյնը անէր:
25. Ես, որ հեծեծում ու ողբում էի դժբախտի վրայ,
երբ տեսնում էի մարդուն վշտի մէջ:
26. Ես յոյս ունէի բարութիւն տեսնել, մինչդեռ չար օրեր են ինձ պատահել:
27. Իմ որովայնը եռեւեփում է ու չի հանդարտւում. թշուառ օրերն են հասել ինձ վրայ:
28. Պիտի շրջեմ ես նեղացած սրտով, անսանձ բերանով. ու հաւաքոյթի մէջտեղում կանգնած՝ ձայնս բարձրացնեմ:
29. Համբարուների 625 եղբայր եմ դարձել, ջայլամին՝ ընկեր:
30. Սաստիկ սեւացել է մորթս հիմա, ու ոսկորներս այրուել են տօթից:
31. Քնարս է սուգ դարձել, սիրտս եւ երգս՝ լացուկոծի մէջ»:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: