Գիրք` 30. Յոբ

Գլուխ 33

ԱՍՏՈՒԱԾ ԶԳՈՒՇԱՑՆՈՒՄ Է ՄԱՐԴՈՒՆ
   

1. «Բայց դու, Յո՛բ, լսի՛ր խօսքերս, ակա՛նջ դիր իմ խօսքերին:
2. Ահա բաց եմ արել բերանս, ու խօսում է իմ լեզուն:
3. Սրտիս խօսքերն անարատ են, եւ իմ շուրթերի իմաստութիւնը յստակօրէն կ՚իմացուի:
4. Աստուածային հոգին է, որ ստեղծել է ինձ, եւ Ամենակալի շունչն է, որ ուսուցանում է ինձ:
5. Եթէ կարող ես՝ այս մասին տո՛ւր քո պատասխանը, ապա թէ ոչ համբերո՛ղ եղիր,
6. դու ի՛մ դիմաց կանգնիր, ես էլ՝ քո: Դու էլ, ինձ պէս, կաւից ես ստեղծուած. նոյն նիւթից ենք ստեղծուած մենք:
7. Արդ, թող իմ ահը չհամակի քեզ, ոչ էլ ձեռքս ծանրանայ թող քեզ վրայ:
8. Սակայն դու խօսեցիր իմ ականջին, ու քո խօսքի ձայնը լսեցի ես:
9. Ասացիր. «Մաքուր եմ ու չեմ մեղանչել, անարատ եմ, որովհետեւ անօրէնութիւն չեմ արել:
10. Մեղադրանքներ է բարդել ինձ վրայ Աստուած ու ինձ հակառակորդ համարել:
11. Կոճղի մէջ է դրել ոտքերս ու կապել բոլոր ճանապարհներս»:
12. Ինչպէ՞ս ես ասում, թէ արդար ես, ու Տէրը չի լսել քեզ:
Մինչդեռ յաւիտենական է Նա, որ մարդկանց վերեւում է:
13. Նաեւ ասում ես, թէ ինչո՛ւ իր ատեանում դեռ ականջ չի դրել քո բոլոր խօսքերին:
14. Մի անգամ է խօսում Տէրը, կամ երկրորդ անգամ՝ երազի միջոցով,
կամ էլ գիշերային այցելութեամբ
15. (երբ սաստիկ արհաւիրքներ են վրայ հասնում մարդկանց՝ անկողնում նիրհելիս,
16. այն ժամանակ են մտքերը յայտնւում նրանց):
17. Այդպիսի ահաւոր տեսիլքով է ահա, որ զարհուրեցրեց Աստուած նրանց՝
մարդուն անիրաւութիւնից յետ կանգնեցնելու եւ նրա մարմինը կործանումից փրկելու համար:
18. Նրա հոգին զերծ պահեց մահուանից, որպէսզի նա պատերազմում չընկնի:
19. Նաեւ կշտամբեց նրան անկողնային հիւանդութեամբ, ընդարմացում բերեց նրա բազմակոյտ ոսկորներին:
20. Թէեւ հոգին կերակուր պիտի տենչայ, բայց ինքը պիտի չկարողանայ ուտելու սնունդ ակնկալել,
21. մինչեւ որ մաշուեն նրա մսերը, ու սոսկ ոսկորները երեւան:
22. Նրա մարմինը մօտեցել է մահուան, կեանքը՝ գերեզմանին:
23. Եթէ մահաբեր հազար հրեշտակներ էլ լինեն, նրանցից ոչ մէկը նրան չի խոցի,
24. թէ որ գիտակցի ու իր սրտով դառնայ դէպի Տէրը, խոստովանի մարդն իր մեղքերը, ցոյց տայ իր անմտութիւնը: Այն ժամանակ Տէրը կը պաշտպանի նրան, որ մահուան գիրկը չընկնի:
25. Կը նորոգի մարմինը նրա, ինչպէս ծեփը պատի, ու ոսկորները նրա ծուծով կը լցուեն: Կը փափկացնի մարմինը նրա, ինչպէս մարմինը մանկան, ու մարդկանց մէջ կը հաստատի նրան՝ երիտասարդացած:
26. Երբ Տիրոջն աղերսի, կ՚ընդունուի նրա կողմից, լուրջ դէմքով կը մտնի խոստովանութեան, քանի որ Աստուած արդարութեան համար կը հատուցի մարդկանց:
27. Ապա կը մեղադրի մարդն ինքն իրեն ու կ՚ասի. «Այդ ինչե՜ր էի անում ես, եւ իմ մեղանչումների համեմատ ըստ արժանւոյն Նա չպատժեց ինձ:
28. Փրկեց հոգիս, որպէսզի այն ապականութեան մէջ չմտնի, եւ որպէսզի կեանքս լոյսը տեսնի»:
29. Այս ամէնն ահա կատարում է մարդու նկատմամբ Ամենազօրը՝ երեք ճանապարհներով:
30. Հոգիս փրկել է մահից, եւ կեանքս լոյսի մէջ օրհնելու է նրան:
31. Ակա՛նջ դիր, Յո՛բ, լսի՛ր ինձ, կտրի՛ր ձայնդ, ու ես կը խօսեմ:
32. Եթէ բան ունես՝ պատասխա՛ն տուր ինձ, քանի որ ուզում եմ, որ արդարանաս:
33. Ապա թէ ոչ, դու ինձ լսի՛ր, կտրի՛ր ձայնդ, եւ քեզ իմաստութիւնը կ՚ուսուցանեմ»: