ԹԷ ԻՆՉՊԷՍ Է ԱՍՏՈՒԱԾ ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒՄ ՄԱՐԴԿԱՆՑ
1. Եղիուսը նորից խօսեց ու ասաց.
2. «Ինձ դեռ մի փոքր բան է մնում, որ քեզ սովորեցնեմ այն, ինչ դու չգիտես, քանի որ մէջս դեռ ունեմ խօսքեր,
3. որ միտքս ընկալել է հեռուից-հեռու:
4. Արդարօրէն ասելու եմ ճշմարիտ բաներ եւ ոչ թէ լսուած անիրական ու դատարկ խօսքեր:
5. Իմացի՛ր, որ Տէրը չի մերժում անմեղին. հզօր է իր զօրութեամբ.
6. ամբարշտի կեանքը չի խնայելու եւ պաշտպանելու է աղքատի իրաւունքը:
7. Իր աչքը չի դարձնելու արդարից, եւ ով որ իր առաջ գտնուի՝
թագաւորների հետ գահի վրայ է լինելու. նրանց հաստատապէս նստեցնելու է, եւ նրանք բարձրանալու են:
8. Իսկ չարերը, ձեռնակապերով կաշկանդուած, թշուառութեան պարաններով են կապկպուելու:
9. Նրանց յայտնելու է իրենց արարքները, նաեւ յանցանքները, որ սաստկացել են:
10. Լսելու է արդարին ու ասելու է, որ յետ կանգնեն անիրաւութիւնից:
11. Եթէ լսեն ու իրեն ծառայեն, իրենց օրերը բարիքների մէջ են աւարտելու, տարիները՝ շքեղութեան մէջ:
12. Բայց ամբարիշտներին չի ապրեցնելու, որովհետեւ նրանք չուզեցին Տիրոջը ճանաչել, որովհետեւ խրատուել էին, բայց չէին հնազանդուել:
13. Սրտով կեղծաւորներն իրենց հանդէպ զայրոյթ են գրգռելու, ճիչ ու աղաղակ չեն բարձրացնելու, որովհետեւ Տէրը կապել է նրանց:
14. Նրանք երիտասարդ տարիքում են մեռնելու, նրանց կեանքը խոցոտուելու է մահուան հրեշտակների կողմից
15. այն բանի համար, որ խեղճին ու անզօրին են նեղել: Տէրը բարձրացնելու է հեզերի իրաւունքները.
16. քեզ էլ փրկեց թշնամու երախից: Քո տակ գտնուող անդնդից ազատեց քեզ
ու առաջդ պարարտութեամբ լի սեղան դրեց:
17. Չի պակասելու արդարների ուղիղ դատաստանը, բայց զայրոյթ է իջնելու ամբարիշտների վրայ
18. անօրէն կաշառքի համար, որ ընդունում էին անիրաւութեամբ:
19. Թող քո միտքը կամովին երես չդարձնի խնդրանքներից, երբ տկարները ցաւի մէջ են: Զօրութեամբ բոլոր օժտուածներին առաջ չտանես գիշերը,
20. որպէսզի ժողովուրդը նրանց փոխարէն դուրս չգայ:
21. Այլ զգո՛յշ եղիր, գուցէ անպատեհ բաներ անես, որովհետեւ նրան փրկել ես աղքատութիւնից:
22. Ահա Ամենազօրը կը զօրացնի իր զօրութեամբ, որովհետեւ այն ո՞վ է, որ նրա պէս ուժեղ է,
23. կամ այն ո՞վ է, որ քննում է նրա գործերը, կամ այն ո՞վ է, որ կ՚ասի.
«Ինչ որ արել է, անիրաւութեամբ է արել»:
24. Յիշի՛ր, շա՜տ մեծ են նրա գործերը, որ սկսել են գովերգել արդար մարդիկ:
25. Ամէն մարդ անձամբ է տեսել, թէ որքա՛ն են մարդիկ խոցոտուած:
26. Ահա, Ամենազօրը շատ մեծ է, բայց մենք չենք իմանայ. նրա տարիների համրանքն անսպառ է:
27. Նա հաշուել է անձրեւի շիթերը, եւ սրանք անձրեւի տեսքով կը լցուեն ամպերի մէջ:
28. Երկնքի ամպերը կը յորդեն: Ամպերը հովանի է դարձրել անթիւ մարդկանց.
դրանք մէգ են դարձել մարդկանց վրայ: Ժամանակ է սահմանել անասունների համար, եւ դրանք գիտեն ծնելու կարգը: Այս բոլորի վրայ զարմացած չէ՞ քո միտքը, չի՞ դողում սիրտդ կրծքիդ տակ, քանի որ Նա կատարել է մեծ-մեծ բաներ, որ մենք չգիտէինք: Հրամայում է ձիւնին՝ «Իջի՛ր լերան վրայ», նաեւ ձմեռային անձրեւներին, որ ցոյց տան իրենց զօրութիւնը: Ամէն մարդու միջոցով է վկայում զյս բոլորը, որպէսզի իւրաքանչիւր ոք իմանայ իր թոյլ լինելը:
29. Իսկ դու կ՚իմանա՞ս ամպերի սփռուելը կամ նրա վրանի չափերը:
30. Ահա ճանապարհով մէկ լոյս է գցել դրա վրայ եւ ծովի խորքերն է ծածկել,
31. որպէսզի դրանցով դատի ժողովուրդներին, կերակուր պարգեւի զօրացածին:
32. Ձեռքերով լոյսն է ծածկել ու հրահանգ տուել, թէ ե՛րբ պէտք է դա լինի:
33. Իր բարեկամներին կը պատմի դրա, ինչպէս նաեւ ինչքերի ու անիրաւութեան մասին»:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: