1․ Տէրը ամպերի միջից նորից խօսեց ու ասաց Յոբին.
2․ «Այդպէս չէ. տղամարդու պէս պնդացրո՛ւ մէջքդ. հարցեր եմ տալու քեզ, ու պատասխա՛ն տուր ինձ:
3․ Մի կողմ մի՛ նետիր իմ դատաստանը ու մի՛ մտածիր, թէ ես քեզ այլ ազդարարութեամբ չեմ յայտնուել, քան այնպէս, որ դու արդար երեւաս:
4․ Թէ՞ կարծում ես, որ Տիրոջ հետ նոյն բազուկն ունես կամ նրա հետ նոյն ձայնով ես որոտում:
5․ Դէ ուրեմն, բարձր կեցուածք ընդունի՛ր, զօրութիւն, փառք ու պատիւ ա՛ռ վրադ:
6․ Սուրհանդակնե՛ր ուղարկիր բարկութեամբ, խոնարհեցրո՛ւ բոլոր գոռոզներին, խոնարհեցրո՛ւ-սառեցրո՛ւ ամբարտաւաններին:
7․ Անմիջապէս խորտակի՛ր ամբարիշտներին,
8․ առհասարակ բոլորին հողի մէջ ծածկի՛ր իսպառ, նրանց երեսներն անարգանքո՛վ ողողիր:
9․ Համաձայնուե՞մ արդեօք, որ աջդ կարող է փրկել:
ԳԵՏԱՁԻՆ
10․ Իսկ ահա քո առաջն է, որովհետեւ գազաններն 629 արջառի պէս խոտ են ճարակում:
11․ Ահա նրա ուժը մէջքին է, զօրութիւնը՝ որովայնի պորտի շուրջ:
12․ Իր պոչը նոճու պէս տնկել է,
13․ ջլերն իրար են հիւսուած, կողերը պղնձից են, ողնաշարը՝ ձոյլ երկաթից:
14․ Տիրոջ արարածների սկիզբը նա է՝ խաղալիք դարձած հրեշտակների ձեռքին:
15․ Ապառաժ լերան վրայ հասնելով՝ տարտարոսում չորքոտանիների խրախճանք է սարքել:
16․ Տեսակ-տեսակ ծառերի տակ է քուն մտնում՝ շամբի, եղէգի ու կնիւնի տակ:
17․ Նրա գլխաւերեւում հովանի են դառնում մեծամեծ ծառեր՝ անտառով մէկ,
եւ բարդու սիւները:
18․ Հեղեղ էլ լինի՝ նա չի զգայ: Անձնապաստան է. եթէ Յորդանան գետն էլ դէպի իր բերանը դիմի՝
19․ իր ակնակապիճների մէջ կ՚առնի այն:
ՎԻՇԱՊԸ
20․ Եթէ վիշապը խոյս տայ, կը ծակե՞ս նրա ռունգերը: Կարո՞ղ ես կարթով բարձրացնել նրան, նրա դնչին պախուրց կը դնե՞ս:
21․ Թէ՞ շղթայ կը կապես նրա քթին: Սանձ կ՚անցկացնե՞ս նրա կզակին:
22․ Քեզ հետ կը խօսի՞ հեզութեամբ, քաղցր լեզուով: Հետդ ուխտ կը դնի՞:
23․ Նրան քեզ իբրեւ յաւիտենական ծառայ կը նուաճե՞ս:
24․ Նրա հետ կը խաղա՞ս, ինչպէս թռչնի հետ, կամ ձագի պէս թելով կը կապե՞ս նրան:
25․ Ազգեր կը կերակրուեն նրանով, եւ փիւնիկեցիների տոհմերը նրան իրենց մէջ կը բաժանեն:
26․ Բոլոր նաւաստիները, մի տեղ հաւաքուելով, նրա պոչից մի թեփ անգամ չեն վերցնի. նրա գանգը ձկնորսների նաւերում է:
27․ Հէնց որ ձեռքդ վրան դնես՝ կը մտաբերես այն պայքարը, որ տեղի է ունենալու նրա մարմնի մէջ. ու այլեւս չես անի:
28․ Չես տեսել դու նրան, ոչ էլ կը զարմանաս իմ ասած այս խօսքերի վրայ:

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: