1. Արդ, կանչի՛ր, եթէ մէկը քեզ ձայն է տալու, կամ եթէ տեսնելու ես սուրբ հրեշտակներից որեւէ մէկին:
2․ Յիրաւի, բարկութիւնն անզգամին սպանում է, մոլորեալին մեռցնում:
3. Ես տեսել եմ ահա անզգամներին արմատ գցելիս, բայց իսկոյն խորտակուել են տները նրանց:
4. եռու լինեն թող նրանց զաւակները փրկութիւնից, եւ խղճուկ քարշ գան թող վատթարների դռներին. բայց ոչ ոք չի գտնուելու, որ փրկի նրանց:
5. Ինչ որ նրանք ժողովել են՝ արդարներն են ուտելու, իսկ իրենք չեն ազատուելու պատուհասներից. քամուելու է զօրութիւնը նրանց:
6. Արդարեւ, հողից չէ որ ելնում է տառապանքը, ոչ էլ լեռներից են բուսնում ցաւերը:
7. Այլ մարդը տանջանքով է ծնւում. արծիւների ձագերը բարձունքներում են ճախրում:
8. Սակայն ես Տիրոջից եմ խնդրելու, Տիրոջը՝ բոլորի իշխանին եմ ձայն տալու,
9. որ կատարում է մեծ ու անքննելի, փառաւոր ու հրաշակերտ գործեր, որոնք թիւ ու համար չունեն,
10. որ տալիս է անձրեւ՝ երկրի վրայ, ուղարկում ջրեր՝ երկնքի ներքոյ,
11. որ բարձրացնում է խոնարհներին եւ ոտքի է կանգնեցնում կորուսեալներին,
12. որ փոխում է մտադրութիւնները խորամանկների, որոնց ձեռքերը ճշմարիտ գործեր չեն կատարում,
13. որ վրայ է հասնում իմաստուններին՝ հանճարով, ջախջախում մտադրութիւնները բազմադաւների:
14. Ցերեկը խաւարն է նրանց վրայ հասնելու, իսկ կէսօրին խարխափելու են ինչպէս գիշեր ժամանակ:
15. Պատերազմով են ոչնչանալու, եւ աղքատն ազատուելու է հզօրի ձեռքից:
16. Յոյս է ունենալու տկարը, եւ փակուելու է անիրաւի բերանը:
17. Երանելի է այն մարդը, որին Տէրն ուղղում է երկրի վրայ. ուստի, Յո՛բ, չհրաժարուես Ամենակալի խրատից:
18. Տէրն է, որ ցաւ է պատճառում, բայց յետոյ նորից ամոքում, խփում է, բայց նրա ձեռքն է բժշկում:
19. Վեց անգամ փրկելու է քեզ վշտերից, իսկ եօթներորդին չարը քեզ չի մօտենալու:
20. Սովի ժամանակ քեզ մահից է փրկելու, պատերազմի ժամանակ կապանքներից է ազատելու քեզ:
21. Պահելու է քեզ լեզուի հասցրած տառապանքներից, ու չես սարսափելու քեզ վրայ եկած չարիքներից:
22. Արհամարհելու ես անիրաւներին ու անօրէններին եւ երկիւղ չես կրելու վայրի գազաններից,
23. որովհետեւ դաշտի քարերի հետ ես դաշինք կնքելու, վայրի գազանների հետ խաղաղութեան մէջ ես լինելու:
24. Ապա իմանալու ես, որ խաղաղութիւն կայ քո տան մէջ, եւ քո յարկի տակ բան չի պակասելու:
25. Իմանալու ես, որ բազում են քո սերունդները, եւ քո որդիները դաշտի խոտի պէս են լինելու:
26. Գերեզման ես իջնելու ժամանակին հնձուած հասուն ցորենի պէս, կամ ինչպէս ժամանակին մէկտեղուած կալի շեղջը:
27. Ահա սա այսպէս քննեցինք, սա է, ինչ որ լսեցինք. բայց դու ինքդ իմացիր, թէ ի՛նչ ես արել»:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: