Գիրք` 1. Ծնունդ

Գլուխ 6

Մարդկանց չարությունը
   
1. Եվ մարդիկ սկսեցին բազմանալ երկրի վրա և իրենց համար դուստրեր ծնեցին:
2․ Աստծո որդիները, տեսնելով, որ գեղեցիկ էին մարդկանց դուստրերը, նրանցից ընտրում և իրենց համար կին էին առնում:

3․ Եվ Տերն ասաց. «Իմ հոգին միշտ չի մնա մարդու վրա, որովհետև նա մարմնավոր է, այլ նրա օրերը թող հարյուր քսան տարի լինեն»:

4․ Եվ այն օրերին հսկաներ կային երկրի վրա: Եվ այնուհետև Աստծո բոլոր որդիները մարդկանց դուստրերի մոտ էին մտնում, և նրանք ծնում էին նրանց համար: Եվ սրանք զորեղ, հնուց ի վեր անվանի մարդիկ էին:

5․ Եվ Տերը տեսավ, որ երկրի վրա շատացել է մարդկանց չարությունը, և ամեն օր չար էին նրանց սրտի խորհուրդներն ու բոլոր մտքերը:

6․ Այնժամ Տերը զղջաց, որ երկրի վրա ստեղծեց մարդուն և տրտմեց Իր սրտում:

7․ Եվ Տերն ասաց. «Երկրի երեսից պիտի ջնջեմ մարդուն, որին ստեղծեցի, մարդուց մինչև անասուն, մինչև սողուն ու մինչև երկնքի թռչուն, որովհետև զղջում եմ, որ ստեղծել եմ նրանց»:

8․ Բայց Նոյը շնորհ գտավ Տիրոջ առջև:
   
Նոյը, ջրհեղեղի սպառնալիքը և տապանի կառուցումը:
   
9․ Սրանք են Նոյի սերունդները: Նոյը մի արդար և կատարյալ մարդ էր իր սերնդի մեջ: Նոյը քայլում էր Աստծո առջև:

10․ Եվ Նոյը երեք որդի ծնեց՝ Սեմին, Քամին և Հաբեթին:

11․ Եվ երկիրն ապականվեց Աստծո առջև ու լցվեց անօրենությամբ:

12․Եվ Աստված տեսավ, որ ահա երկիրն ապականված էր, որովհետև ամեն մարմին ապականել էր իր ճանապարհը երկրի վրա:

13․ Եվ Աստված ասաց Նոյին. «Բոլոր մարմնավորների վերջը եկել է Իմ առաջ, որովհետև երկիրը նրանց պատճառով լցվել է անիրավությամբ: Եվ ահա Ես նրանց երկրի հետ պիտի ոչնչացնեմ:

14․ Արդ, դու քեզ համար խիժաբեր փայտից մի տապան շինի՛ր: Տապանը խորշերով շինիր և այն ներսից ու դրսից կուպրով ծեփի՛ր:

15․ Եվ այսպես կշինես. տապանի երկարությունը թող երեք հարյուր կանգուն լինի, լայնությունը՝ հիսուն կանգուն և բարձրությունը՝ երեսուն կանգուն:

16․ Տապանին երդիկ կդնես այնպես, որ վերևից լինի մինչև մեկ կանգուն չափով: Տապանի դուռը կողքից կդնես: Թող այն ներքնահարկ, միջնահարկ և վերնահարկ ունենա:

17․ Եվ Ես ահա երկրի վրա ջրհեղեղ պիտի բերեմ՝ ոչնչացնելու ամեն մի մարմին, որ կենդանության շունչ ունի երկնքի տակ: Եվ երկրի վրա, ինչ որ կա, պիտի վերանա:

18․ Բայց Իմ ուխտը պիտի հաստատեմ քեզ հետ. տապան կմտնես դու և քեզ հետ՝ քո որդիները, կինդ և որդիներիդ կանայք:

19․ Եվ ամեն տեսակ անասուններից և ամեն մարմնից՝ ամենքից երկու-երկու հատ, տապան կբերես, որ ապրեն քեզ հետ, թող արու և էգ լինեն:

20․ Թռչուններից՝ ըստ իրենց տեսակների, անասուններից՝ ըստ իրենց տեսակների, երկրի բոլոր սողուններից՝ ըստ իրենց տեսակների, ամենքից երկու-երկու հատ, թող գան քեզ մոտ, որ ապրեն:

21․ Եվ վերցրո՛ւ քեզ համար բոլոր ուտելիքներից, որոնք սնունդ կլինեն, հավաքի՛ր քեզ մոտ, որ քեզ ու նրանց համար կերակուր լինեն»:

22․ Եվ Նոյն արեց ամենը, ինչպես Աստված պատվիրեց, այդպես արեց: