ՍԵԴԵԿԻԱՆ ԱՂՕԹՔ Է ԽՆԴՐՈՒՄ ԵՐԵՄԻԱՅԻՑ
1․ Յովակիմի որդի Յեքոնիայի փոխարէն թագաւորեց Յոսիայի որդի Սեդեկիան, որին Յուդայի երկրի վրայ թագաւոր կարգեց բաբելացիների Նաբուքոդոնոսոր արքան:
2․ Սա, իր ծառաներն ու երկրի ժողովուրդը եւս ականջ չդրին Տիրոջ խօսքերին, որ նա յայտնել էր Երեմիա մարգարէի միջոցով:
3․ Սեղեմիայի որդի Յովաքաղին եւ Մաասիայի որդի Սոփոնիային, որոնք քահանաներ էին, Սեդեկիա արքան ուղարկեց Երեմիա մարգարէի մօտ՝ ասելով. «Դու մեզ համար աղօթի՛ր մեր Տէր Աստծուն»:
4․ Իսկ Երեմիան գնում գալիս էր ամբոխի մէջ, նրան բանտ չէին գցել: Այն ժամանակ Փարաւոնի զօրքը ելաւ Եգիպտացիների երկրից, որի մասին լսելով՝ քաղդէացիները, որոնք պաշարել էին Երուսաղէմը, հեռացան Երուսաղէմից:
5․ Տէրը խօսեց Երեմիա մարգարէի հետ եւ ասաց.
6․ «Այսպէս է ասում Տէր Աստուածն Իսրայէլի. այսպէս կ՚ասէք Յուդայի երկրի արքային, որն ինձ մօտ է ուղարկել ձեզ՝ խնդրելու այս բանը. ահա Փարաւոնի զօրքը, որը եկել է ձեզ օգնութեան, նորից պիտի վերադառնայ Եգիպտոս,
7․ իսկ քաղդէացիները կրկին պիտի վերադառնան այստեղ. պիտի պատերազմեն այս քաղաքի դէմ, պիտի գրաւեն եւ հրով պիտի այրեն այն»:
8․ Այսպէս է ասում Տէրը. «Դուք ձեզ մի՛ խաբէք այն բանով, թէ՝ «Քաղդէացիները ելան հեռացան մեզնից»: Նրանք ձեզնից ձեռք չեն քաշելու:
9․ Անգամ եթէ ձեզ հետ կռուող քաղդէացիների ամբողջ զօրքը կոտորէք, այն վիրաւորները, որոնք մնալու են նրանցից, ամէն կողմից պիտի բորբոքուեն ու հրով այրեն այս քաղաքը»:
ԵՐԵՄԻԱՆ ՁԵՐԲԱԿԱԼՒՈՒՄ Է ԵՒ ԲԱՆՏԱՐԿՒՈՒՄ
10․ Երբ քաղդէացիների բանակը եգիպտացիների զօրքերի ահից հեռացաւ Երուսաղէմից,
11․ Երեմիան դուրս եկաւ Երուսաղէմից, որպէսզի գնայ Բենիամինի երկիրը եւ այնտեղ, ժողովրդի մէջ, գնի իր բաժին հողը:
12․ Նա եկաւ հասաւ Բենիամինի դուռը: Այդտեղ մի մարդ կար, որին հանդիպեց նա, անունը՝ Սարու, Անանիայի որդի Սեղեմիայի տղան: Սա բռնեց Երեմիա մարգարէին՝ ասելով. «Դու փախել ես եւ ուզում ես քաղդէացիների մօտ գնալ»:
13․ Իսկ Երեմիան ասաց. «Սուտ ես ասում, ես չեմ փախչում քաղդէացիների մօտ»: Բայց նա չլսեց նրան: Սարուն Երեմիային ձերբակալեց եւ բերեց իշխանների մօտ:
14․ Իշխանները զայրացան Երեմիայի վրայ, գանահարեցին ու բանտարկեցին նրան Յովնաթան ատենադպրի ապարանքում, քանի որ սրա ապարանքը բանտի էին վերածել:
15․ Երեմիան ընկաւ Այերինոթ, այն տունը, որտեղ գուբն էր: Այդտեղ Երեմիան անցկացրեց երկար օրեր:
16․ Սեդեկիա արքան մարդ ուղարկեց ու կանչեց նրան: Իր տան մէջ թագաւորը ծածուկ հարցրեց նրան՝ ասելով. «Տիրոջ կողմից որեւէ պատգամ չկա՞յ արդեօք»: Իսկ Երեմիան ասաց՝ այո՛, կայ: Ապա ասաց. «Բաբելացիների թագաւորի ձեռքը պիտի մատնուես:
17․ Քո եւ քո պաշտօնեաների ու ժողովրդի հանդէպ ի՞նչ մեղք գործեցի, - ասաց Երեմիան Սեդեկիա թագաւորին, - որ դու ինձ բանտ ես նստեցրել:
18․ Իսկ ո՞ւր են ձեր այն մարգարէները, որոնք մարգարէութիւն էին անում ու ասում, թէ բաբելացիների արքան չի գալու այս երկիրը՝ ձեզ վրայ:
19․ Արդ, լսի՛ր, աղաչում եմ, տէ՛ր իմ արքայ, թող աղերսանքս հասնի քո սրտին. ինչո՞ւ ես ինձ նորից յետ դարձնում Յովնաթան ատենադպրի տունը, որ այնտեղ մեռնեմ»:
20․ Սեդեկիա արքան հրաման արձակեց, եւ նրան գցեցին բանտի գաւիթը: Նրան դրսից հացագործներն օրը մի նկանակ հաց էին տալիս, մինչեւ որ հացը քաղաքից բոլորովին կտրուեց: Եւ Երեմիան մնաց բանտի գաւթում:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: