ՏԻՐՈՋ ԽՈՍՏՈՒՄԸ ԲԱՐՈՒՔԻՆ
1․ Ահա այն խօսքը, որ Յուդայի երկրի արքայ Յոսիայի որդի Յովակիմի չորրորդ տարում Երեմիա մարգարէն յայտնեց Ներիայի որդի Բարուքին, որն այն ժամանակ սոյն մատեանում Երեմիայի բերանից գրի առաւ այս բաները:
2․ Այսպէս է ասում քո մասին Տէր Աստուածն Իսրայէլի. «Ո՛վ Բարուք,
3․ դու, որ ասացիր, թէ՝ «Վա՜յ ինձ, վա՜յ ինձ, քանզի Տէրն իմ ցաւերի վրայ տառապանք աւելացրեց, ես հեծեծանքով քուն մտայ եւ հանգստութիւն չգտայ»,
4․ այսպէս կ՚ասես նրան, թէ այսպէս է ասում Տէրը. «Ահա ինչ որ ես շինեցի, ինքս քանդում եմ, եւ ինչ որ ես տնկեցի, ինքս եմ արմատախիլ անում՝ այս ամբողջ երկիրը:
5․ Իսկ դու քեզ համար մեծ-մեծ բաներ ես խնդրում. մի՛ խնդրիր, որովհետեւ, - ասում է Տէրը, - ահա իւրաքանչիւր մարմնի ես չարիք եմ բերելու, իսկ քո անձը ամենուրեք, ուր էլ որ գնալու լինես, քեզ եմ պարգեւելու իբրեւ փրկութիւն»:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: