Գիրք` 44. Երեմիա

Գլուխ 47

ՓՂՇՏԱՑԻՆԵՐԻ ԿՈՐԾԱՆՈՒՄԸ
Այլազգիների մասին
   

1․ Տիրոջ խօսքը այլազգիների 818 մասին՝ ուղղուած Երեմիա մարգարէին, երբ Փարաւոնը դեռ չէր աւերել Գազան:
2․ Այսպէս է ասում Տէրը. «Ահաւասիկ ջրեր են բարձրանում հիւսիսից, որոնք յորդահոս հեղեղների վերածուելով՝ պիտի ողողեն երկիրն ամբողջութեամբ, քաղաքն իր բնակիչներով: Լաց ու կոծ պիտի անեն մարդիկ, եւ երկրի բոլոր բնակիչները աղաղակ պիտի բարձրացնեն
3․ ասպատակող հեծելազօրի զէնքերի ու ոտքերի ձայնից, նրա կառքերի շաչիւնից եւ դրանց անիւների շառաչից: Հայրերը չպիտի համարձակուեն շրջուել դէպի իրենց որդիները, որովհետեւ նրանց ձեռքերը պիտի թուլանան
4․ այն օրը, որը վրայ է հասնելու բոլոր այլազգիներին կորստեան մատնելու համար: Կորստեան պիտի մատնեմ նաեւ Ծուրն ու Ծայդանը 819 եւ նրանց միւս բոլոր օգնականներին»: Տէրը ոչնչացնելու է կղզիներում եւ Գամիրքում մնացած այլազգիներին 820:
5․ Գազայում այնպիսի սուգ պիտի լինի, որ մարդիկ խուզեն իրենց գլուխները, Ասկաղոնը պիտի ոչնչանայ, ինչպէս եւ Ենակիմի մնացորդները:
6․ Ո՛վ դու Տիրոջ սուր, մինչեւ ե՞րբ պիտի կոտորես, մինչեւ ե՞րբ դադար պիտի չառնես, վերադարձի՛ր քո պատեանը, հանգի՛ստ առ, յե՛տ կանգնիր:
7․ Ինչպէ՞ս դադար առնի նա. չէ՞ որ Տէրը հրամայեց նրան յարձակուել Ասկաղոնի եւ նրանց վրայ, ովքեր մնացել էին ծովեզերքին: