Իսրայելացիներն ամբողջապես դուրս են գալիս
1. Եվ Տերը խոսեց Մովսեսի հետ՝ ասելով.
2. «Խոսի՛ր Իսրայելի որդիների հետ, որ վերադառնան և հաստատվեն Փիաիրոթի առջև, Մագդողի և ծովի միջև՝ Բեեղսեփոնի դիմաց: Եվ դրա դիմաց՝ ծովի մոտ, բանակատեղի կհաստատեք:
3. Եվ փարավոնը Իսրայելի որդիների համար պիտի ասի, թե՝ “Մոլորվել են երկրի մեջ, անապատը շրջափակել է նրանց”:
4. Ես կկարծրացնեմ փարավոնի սիրտը, ու նա կհետապնդի նրանց: Ես կփառավորվեմ փարավոնի ու նրա ամբողջ զորքի առաջ, և եգիպտացիները կիմանան, որ Ես եմ Տերը»: Եվ նրանք այդպես արեցին:
5. Եվ Եգիպտոսի թագավորին հայտնեցին, թե ժողովուրդը փախել է: Եվ փարավոնի ու նրա ծառաների սիրտը ժողովրդի դեմ դարձավ, ու ասացին. «Այս ի՞նչ արեցինք, ինչո՞ւ թույլ տվեցինք, որ իսրայելացիները հեռանան և չծառայեն մեզ»:
6. Եվ փարավոնը պատրաստեց իր կառքը ու ժողովրդին իր հետ վերցրեց:
7. Եվ վերցրեց վեց հարյուր ընտիր կառքեր ու Եգիպտոսի բոլոր կառքերը, և դրանք բոլորը՝ իրենց զորականներով:
8. Եվ Տերը կարծրացրեց Եգիպտոսի արքա փարավոնի սիրտը, ու նա ընկավ Իսրայելի որդիների ետևից: Եվ իսրայելացիները՝ ձեռքերը բարձր պահած, դուրս եկան:
9. Եվ եգիպտացիներն ընկան նրանց ետևից: Փարավոնի բոլոր ձիերը, կառքերը, նրա հեծյալներն ու զորքերը հասան նրանց, որոնք բանակատեղի էին դրել ծովի՝ Փիաիրոթի մոտ, Բեեղսեփոնի դիմաց:
10. Փարավոնը մոտեցավ, և Իսրայելի որդիները բարձրացրին իրենց աչքերն ու տեսան, որ եգիպտացիները գալիս էին իրենց ետևից։ Իսրայելի որդիները շատ վախեցան և աղաղակեցին Տիրոջը։
11. Եվ ասացին Մովսեսին. «Մի՞թե Եգիպտոսում գերեզմաններ չկային, որ մեզ բերեցիր անապատում մեռնելու. այս ի՞նչ արեցիր մեզ՝ դուրս հանելով Եգիպտոսից։
12. Մի՞թե Եգիպտոսում քեզ չէինք ասում, թե՝ “Թույլ տուր, որ ծառայենք եգիպտացիներին”: Մեզ համար ավելի լավ է եգիպտացիներին ծառայություն անել, քան թե անապատում մեռնել»:
13. Եվ Մովսեսն ասաց ժողովրդին. «Մի՛ վախեցեք, սպասե՛ք և կտեսնեք Տիրոջ փրկությունը, որ այսօր կանի ձեզ, որովհետև այս եգիպտացիներին, որ այսօր տեսաք, հավիտյան պիտի չտեսնեք:
14. Տերը պիտի պատերազմի ձեզ համար, դուք հանգի՛ստ եղեք»:
15. Եվ Տերն ասաց Մովսեսին. «Ինչո՞ւ ես Ինձ աղաղակում: Ասա՛ Իսրայելի որդիներին, որ գնան:
16. Դու բարձրացրո՛ւ գավազանդ, ձեռքդ մեկնի՛ր ծովի վրա և ճեղքի՛ր այն, որպեսզի Իսրայելի որդիները ծովի միջով անցնեն ինչպես ցամաքով:
17. Ահա Ես պիտի կարծրացնեմ եգիպտացիների սիրտը, և սրանք պիտի գնան նրանց ետևից: Եվ Ես պիտի փառաորվեմ փարավոնի ու նրա բոլոր զորքերի՝ նրա կառքերի ու նրա հեծյալների առաջ:
18. Եվ երբ Ես փառավորվեմ փարավոնի ու նրա կառքերի և նրա հեծյալների առաջ, եգիպտացիները կիմանան, որ Ես եմ Տերը»:
19. Եվ Աստծո հրեշտակը, որ գնում էր Իսրայելացիների առջևից, ելավ ու անցավ նրանց ետևը: Ամպի սյունը հեռացավ նրանց առջևից ու կանգնեց նրանց ետևում:
20. Եվ եկավ կանգնեց եգիպտացիների և իսրայելացիների միջև: Ամպ ու խավար եղավ եգիպտացիների համար, բայց գիշերը լույս էր տալիս իսրայելացիներին, և նրանց բանակներն ամբողջ գիշեր միմյանց չմոտեցան:
21. Եվ Մովսեսն իր ձեռքը մեկնեց ծովի վրա: Եվ Տերն արևելյան ուժգին հողմով ետ մղեց ծովը: Ողջ գիշերվա մեջ ծովը ցամաքեց, և ջրերը ճեղքվեցին:
22. Եվ Իսրայելի որդիները ծովի միջով գնացին ցամաքի վրայով, իսկ ջրերը նրանց աջ և ձախ կողմերից պարիսպներ եղան:
23. Եվ եգիպտացիներն ընկան նրանց ետևից. Փարավոնի բոլոր ձիերը՝ կառքերն ու հեծյալները, նրանց ետևից մտան ծովը:
24. Եվ առավոտյան Տերը կրակի ու ամպի սյան միջով նայեց եգիպտացիներին և նրանց բանակը խուճապի մատնեց:
25. Հանեց նրանց կառքերի անիվները, որ դժվարությամբ առաջ գնային: Այդ տեսնելով՝ եգիպտացիներն ասացին. «Փախչե՛նք իսրայելացիներից, որովհետև Տերը նրանց համար պատերազմում է եգիպտացիների դեմ»:
26. Եվ Տերն ասաց Մովսեսին. «Ձեռքդ մեկնի՛ր ծովի վրա, որ ջրերը դառնան եգիպտացիների վրա, նրանց կառքերի և նրանց հեծյալների վրա»:
27. Եվ Մովսեսը ձեռքը մեկնեց ծովի վրա, և առավոտյան դեմ ծովն իր տեղը վերադարձավ: Եգիպտացիները փախան նրա առջևից, և Տերը եգիպտացիներին ընկղմեց ծովի մեջ:
28. Ջրերը դարձան ու ծածկեցին փարավոնի կառքերը, հեծյալներին և ամբողջ զորքին, որոնք նրանց ետևից ծովի մեջ մտան: Եվ նրանցից մեկն էլ չմնաց:
29. Բայց Իսրայելի որդիները ծովի միջով գնացին ցամաքի վրայով, իսկ ջրերը աջ ու ձախ կողմերից նրանց համար պարիսպներ դարձան:
30. Եվ Տերն այդ օրը Իսրայելին ազատեց եգիպտացիների ձեռքից: Եվ Իսրայելը տեսավ ծովի ափ նետված մեռած եգիպտացիներին:
31. Եվ Իսրայելը տեսավ Տիրոջ այն հզոր ձեռքը, որ ցույց տվեց եգիպտացիների վրա: Եվ ժողովուրդը վախեցավ Տիրոջից, հավատաց Տիրոջն ու Նրա ծառա Մովսեսին:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: