Աստված կանչում է Մովսեսին
1. Եվ Մովսեսն արածեցնում էր իր աներոջ՝ Մադիամի քուրմ Հոթորի հոտը: Եվ նա հոտը անապատից հետ քշելով՝ դեպի Աստծո Քորեբ լեռը հասավ:
2. Եվ Տիրոջ հրեշտակը մորենու միջից կրակի բոցով երևաց նրան: Եվ նա տեսավ, որ ահա մորենին վառվում էր հրով, բայց չէր այրվում:
3. Եվ Մովսեսն ասաց. «Գնամ տեսնեմ այս մեծ տեսարանը, թե ինչո՞ւ մորենին չի այրվում»:
4. Տերը տեսավ, որ նա մոտեցավ՝ տեսնելու, և Աստված մորենու միջից կանչեց նրան ու ասաց. «Մովսե՛ս, Մովսե՛ս»: Եվ նա ասաց. «Ահա այստեղ եմ»:
5. Եվ ասաց. «Այստեղ մի՛ մոտեցիր: Հանի՛ր կոշիկներդ քո ոտքերից, որովհետև այն տեղը, որի վրա դու կանգնած ես, սուրբ հող է»:
6. Նաև ասաց. «Ե՛ս եմ քո հոր Աստվածը, Աբրահամի Աստվածը, Իսահակի Աստվածը և Հակոբի Աստվածը»: Եվ Մովսեսը ծածկեց իր երեսը, որովհետև վախեցավ նայել Աստծուն:
7. Եվ Տերն ասաց. «Ես տեսա Իմ ժողովրդի տառապանքը Եգիպտոսում, լսեցի նրանց աղաղակը վերակացուների պատճառով և իմացա նրանց նեղությունների մասին:
8. Եվ կիջնեմ՝ նրանց ազատելու եգիպտացիների ձեռքից ու դուրս բերելու այդ երկրից դեպի մի լավ ու լայնարձակ երկիր՝ քանանացիների, քետացիների, ամորհացիների, փերեզացիների, խևացիների և հեբուսացիների երկիրը, ուր կաթ ու մեղր է հոսում:
9. Եվ այժմ Իսրայելի որդիների աղաղակը հասել է Ինձ : Տեսա նաև այն հարստահարությունը, որոնց ենթարկվում են նրանք եգիպտացիների կողմից:
10. Ուստի ե՛կ քեզ ուղարկեմ փարավոնի մոտ, որպեսզի Իմ ժողովրդին՝ Իսրայելի որդիներին, դուրս բերես Եգիպտոսից»:
11. Եվ Մովսեսն ասաց Աստծուն. «Ես ո՞վ եմ, որ փարավոնի մոտ գնամ և Իսրայելի որդիներին դուրս բերեմ Եգիպտոսից»:
12. Եվ Աստված ասաց. «Ես քեզ հետ կլինեմ, և երբ ժողովրդին դուրս կբերես Եգիպտոսից ու այս լեռան վրա կպաշտեք Աստծուն, դա քեզ համար նշան կլինի, որ Ես եմ քեզ ուղարկել»:
13. Եվ Մովսեսն ասաց Աստծուն. «Ահա ես գնում եմ Իսրայելի որդիների մոտ և կասեմ նրանց. “Ձեր հայրերի Աստվածն է ինձ ուղարկել ձեզ մոտ”: Եվ եթե ինձ հարցնեն, թե՝ “Ի՞նչ է Նրա անունը”, ի՞նչ ասեմ նրանց»:
14. Եվ Աստված ասաց Մովսեսին. «Ես Նա եմ, որ Է»: Եվ ասաց. «Այսպես ասա՛ Իսրայելի որդիներին. “Ինձ ձեզ մոտ ուղարկեց Նա, որ Է”»:
15. Աստված նաև ասաց Մովսեսին. «Այսպես ասա Իսրայելի որդիներին. “Ձեր հայրերի Տեր Աստվածը՝ Աբրահամի Աստվածը, Իսահակի Աստվածը և Հակոբի Աստվածը, ինձ ձեզ մոտ է ուղարկել”: Ա՛յս է Իմ անունը հավիտյան, և ա՛յս է Իմ հիշատակը սերնդե-սերունդ:
16. Գնա՛, հավաքի՛ր Իսրայելի ծերերին և ասա՛ նրանց. “Ձեր հայրերի Տեր Աստվածը՝ Աբրահամի, Իսահակի և Հակոբի Աստվածը, երևաց ինձ՝ ասելով. “Արդարև, այցելեցի ձեզ և տեսա Եգիպտոսի մեջ ձեր կրած տառապանքները:
17. Եվ ասացի. “Ձեզ դուրս կբերեմ Եգիպտոսի չարչարանքներից դեպի քանանացիների, քետացիների, ամորհացիների, փերեզացիների, խևացիների և հեբուսացիների երկիրը, ուր կաթ ու մեղր է հոսում”:
18. Նրանք կլսեն քեզ: Դու և Իսրայելի ծերերը կմտնեք Եգիպտոսի թագավորի մոտ ու կասեք նրան. “Տերը՝ եբրայեցիների Աստվածը, այցելեց մեզ: Եվ հիմա թույլ տուր, որ երեք օրվա ճանապարհ գնանք դեպի անապատ, որպեսզի մեր Տեր Աստծուն զոհ մատուցենք”:
19. Եվ Ես գիտեմ, որ Եգիպտոսի թագավորը ձեզ թույլ չի տա գնալ, եթե մի զորավոր ձեռք չստիպի նրան:
20. Եվ Ես կմեկնեմ Իմ ձեռքը ու կհարվածեմ Եգիպտոսին Իմ բոլոր հրաշագործություններով, որ պիտի անեմ նրա մեջ, և ապա նա թույլ կտա ձեզ գնալ:
21. Եվ այս ժողովրդին շնորհ կտամ եգիպտացիների առաջ: Եվ երբ դուրս գաք, դատարկաձեռն դուրս չեք գա.
22. Այլ յուրաքանչյուր կին թող իր հարևանից և նրա տանը բնակվող կնոջից արծաթյա և ոսկե զարդեր ու հանդերձներ խնդրի և դրանցով զարդարի իր որդիներին ու դուստրերին: Եվ այդպես կկողոպտեք Եգիպտոսին»:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: