Զանազան օրենքներ ծառայության մասին
1. Ահա սրանք են այն օրենքները, որոնք պիտի դնես նրանց առաջ:
2. Եթե եբրայեցի մի ծառա գնես, նա պիտի ծառայի վեց տարի և յոթերորդ տարում պիտի ազատ արձակվի:
3. Եթե նա մենակ է մտել ծառայության, թող մենակ դուրս գա, իսկ եթե կին ունի, թող կինն էլ իր հետ դուրս գա:
4. Եթե նրա տերն իրեն կին է տվել, և սա էլ իր համար որդիներ կամ դուստրեր է ծնել, կինն ու նրա որդիները պետք է տիրոջը լինեն, և ինքը պետք է մենակ դուրս գա:
5. Բայց եթե ծառան հայտնապես ասի, թե՝ “Ես սիրել եմ իմ տիրոջը, իմ կնոջը և իմ որդիներին, չեմ ուզում հեռանալ և ազատ լինել”,
6. Այնժամ նրա տերը թող նրան տանի դատավորների մոտ, ապա մոտեցնի դռանը կամ դրանդիներին, նրա տերը թող հերյունով ծակի նրա ականջը, և նա հավիտյան նրա ծառան լինի:
7. Եթե մեկն իր դստերը վաճառի որպես աղախին, թող նա չհեռանա այնպես, ինչպես ծառաներն են դուրս գալիս:
8. Եթե նա հաճելի չէ իր տիրոջ աչքին, և նա իրեն չի նշանում, թող փրկագին տալով արձակի նրան: Եվ օտար ազգի վաճառելու իշխանություն չունի, որովհետև նրա հետ խաբեությամբ է վարվել:
9. Եվ եթե իր որդու հետ նշանի նրան, թող նրա հետ վարվի աղջիկների օրենքի համեմատ:
10. Եթե իր համար ուրիշին առնի, թող նրան չզրկի ուտելիքից, հանդերձից և մերձավորությունից:
11. Եթե այս երեք բաները չանի նրա համար, այնժամ թող նա ձրի, առանց վճարի դուրս գա:
Օրենքներ հարվածելու և մարդասպանության մասին
12. Մարդու հարվածելով սպանողն անպատճառ պիտի մեռնի:
13. Իսկ եթե դա չի արել դիտավորությամբ, այլ Աստված է մատնել նրա ձեռքը, ապա Ես նրա համար մի տեղ կսահմանեմ, որ ապաստանի այնտեղ:
14. Բայց եթե մեկն իր հարևանի դեմ ոխ ունենա, և նենգությամբ սպանի նրան, ապա անգամ Իմ զոհասեղանի մոտից կհեռացնես նրան, որ մահվան մատնվի:
15. Ով հարվածի իր հորը կամ մորը, անպատճառ պիտի մահվան մատնվի:
16. Ով մարդ գողանա և վաճառի նրան կամ պահի իր ձեռքի տակ, անպատճառ պիտի մահվան մատնվի:
17. Ով անիծի իր հորը կամ մորը, անպատճառ պիտի մահվան մատնվի:
18. Եթե մարդիկ վիճեն իրար հետ, և մեկը մյուսին հարվածի քարով կամ բռունցքով, ու նա չմեռնի, այլ անկողին ընկնի,
19. Եվ եթե վեր կենա ու ցուպով քայլի, ու հարվածողն անպատիժ մնա, ապա նա թող միայն հատուցի նրա կորցրած ժամանակի արժեքի համար և ամբողջովին առողջացնի նրան:
20. Եվ եթե մեկը գավազանով հարվածի իր ծառային կամ աղախնուն, և նա նրա ձեռքի տակ մեռնի, նրանից անպատճառ վրեժ պիտի լուծվի:
21. Բայց եթե մեկ կամ երկու օր ապրի, վրեժ չպիտի առնվի նրանից, որովհետև դա իր փողն է։
22. Եվ եթե մարդիկ կռվեն, և մի հղի կնոջ հարված հասցնելով՝ նա վիժի իր մանկանն ու այլ վնաս չլինի, անպատճառ թող նա կրի այդ կնոջ մարդու կողմից դրված տույժը և վճարի դատավորների մոտ:
23. Բայց եթե մի վնաս լինի, պիտի հատուցի՝ տալով անձի դիմաց անձ,
24. Աչքի դիմաց աչք, ատամի դիմաց ատամ, ձեռքի դիմաց ձեռք, ոտքի դիմաց ոտք,
25. Խարանի դիմաց խարան, վերքի դիմաց վերք, հարվածի դիմաց հարված:
26. Եվ եթե մեկը հարվածի իր ծառայի կամ իր աղախնու աչքին ու կուրացնի նրան, ապա նրա աչքի դիմաց թող ազատ արձակի:
27. Եվ եթե ջարդի իր ծառայի կամ իր աղախնու ատամը, նրա ատամի դիմաց թող ազատ արձակի նրան:
28. Եվ եթե մի եզ հարվածի մի մարդու կամ մի կնոջ այնպես, որ նա մեռնի, եզն անպատճառ պիտի քարկոծվի, և նրա միսը պիտի չուտվի, բայց եզան տերը թող անպատիժ լինի:
29. Բայց եթե եզը երեկվանից կամ դրա նախորդ օրվանից հարվածող է եղել, որի համար բողոքել են նրա տիրոջը, ու նա դրան չի պահել, և եթե եզը մարդ կամ կին սպանի, ապա եզը պիտի քարկոծվի, և նրա տերն էլ պիտի մահվան մատնվի:
30. Եթե տիրոջը փրկագին պարտադրվի, ապա նա իր անձի ազատության համար պիտի վճարի, ինչ որ իր վրա դրվի:
31. Եթե եզը հարվածի տղայի կամ աղջկա, թող նրան լինի այս օրենքի համաձայն:
32. Եթե եզը հարվածի ծառայի կամ աղախնու, ապա եզան տերը երեսուն սիկղ արծաթ պիտի տա նրանց տիրոջը, իսկ եզը պիտի քարկոծվի:
33. Եթե մեկը հոր բացի կամ մեկը փոս փորի և դրանք չծածկի, ու այնտեղ եզ կամ էշ ընկնի,
34. Վնասը պիտի հատուցի փոսի տերը և դրանց տիրոջը դրամ պիտի տա, իսկ սատկածն իրենը պիտի լինի:
35. Եթե մեկի եզը հարվածի իր հարևանի եզանը ու սատկացնի, պետք է վաճառեն ողջ մնացած եզանը ու արժեքը բաժանեն, բաժանեն նաև սատկածը:
36. Բայց եթե իմացել են, որ եզը երեկվանից կամ դրա նախորդ օրվանից հարվածող է եղել, ու նրա տերը դրան չի պահել, պետք է անպատճառ հատուցի՝ տալով եզան դիմաց եզ, իսկ սատկածն իրենը լինի:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: