Լորամարգիները և մանանան
1. Եվ Իսրայելի ամբողջ ժողովուրդը Եգիպտոսի երկրից իրենց դուրս գալու երկրորդ ամսվա տասնհինգերորդ օրը Եղիմից շարժվեց դեպի Սին անապատ, որ գտնվում է Եղիմի և Սինայի միջև:
2. Եվ անապատում Իսրայելի որդիների ողջ ժողովուրդը տրտնջաց Մովսեսի և Ահարոնի դեմ:
3. Եվ Իսրայելի որդիներն ասացին նրանց. «Երանի թե Տիրոջ ձեռքով մեռած լինեինք Եգիպտոսի երկրում, որտեղ նստում էինք մսով լի կաթսաների առաջ և կուշտ հաց էինք ուտում: Արդարև, դուք մեզ բերեցիք այս անապատը, որ այս ամբողջ ժողովրդին սովամահ անեք»:
4. Եվ Տերն ասաց Մովսեսին. «Ահա ձեզ համար երկնքից հաց կտեղա, որպեսզի ժողովուրդը վեր կենա ու հավաքի օրվա պետք եղած չափով: Եվ Ես կփորձեմ նրանց՝ արդյոք կշարժվեն ըստ Իմ օրենքի, թե՞ ոչ:
5. Եվ վեցերորդ օրը, երբ պատրաստեն իրենց բերածը, այն իրենց ամեն օրվա հավաքածի կրկնակին կլինի»:
6. Եվ Մովսեսն ու Ահարոնն Իսրայելի բոլոր որդիներին ասացին. «Այս երեկո կիմանաք, որ Տերն է ձեզ դուրս բերել Եգիպտոսի երկրից,
7. Առավոտյան պիտի տեսնեք Տիրոջ փառքը, որովհետև Նա լսեց Տիրոջ դեմ ձեր տրտունջը: Ո՞վ ենք մենք, որ տրտնջում եք մեր դեմ»:
8. Եվ Մովսեսն ասաց. «Երբ Տերը երեկոյան ձեզ ուտելու միս և առավոտյան հագենալու չափ հաց տա, այնժամ կիմանաք, որ Տերը լսել է Իր դեմ ձեր տրտունջը: Մենք ո՞վ ենք, ձեր տրտունջը մեր դեմ չէ, այլ՝ Տիրոջ»:
9. Եվ Մովսեսն ասաց Ահարոնին. «Ասա՛ Իսրայելի որդիների ամբողջ ժողովրդին. “Մոտեցե՛ք Տիրոջը, որովհետև Նա լսեց ձեր տրտունջը”»:
10. Եվ մինչ Ահարոնը խոսում էր Իսրայելի որդիների ամբողջ ժողովրդի հետ, նրանք նայեցին անապատի կողմը, և ահա ամպի մեջ երևաց Տիրոջ փառքը:
11. Եվ Տերը խոսեց Մովսեսի հետ՝ ասելով.
12. «Լսեցի Իսրայելի որդիների տրտունջը: Խոսի՛ր նրանց հետ՝ ասելով. “Երեկոյան դեմ միս պիտի ուտեք, իսկ առավոտյան կհագենաք հացով: Եվ կիմանաք, որ Ես եմ Տերը՝ ձեր Աստվածը”»:
13. Եվ երեկոյան լորամարգիներ եկան ու ծածկեցին բանակատեղին, իսկ առավոտյան բանակատեղիի շուրջը ցող իջավ:
14. Եվ երբ վերացավ իջած ցողը, ահա անապատի երեսին մանր, թեփաձև մի բան երևաց՝ գետնի վրայի եղյամի պես մանր:
15. Եվ Իսրայելի որդիները տեսան ու ասացին միմյանց. «Սա ի՞նչ է», որովհետև չգիտեին, թե դա ինչ էր: Եվ Մովսեսն ասաց նրանց. «Սա այն հացն է, որ Տերը տվեց ձեզ ուտելու համար:
16. Տերը պատվիրել է. “Թող յուրաքանչյուրը հավաքի դրանից իր կերածի չափով, յուրաքանչյուրը՝ մեկ օմեր, ամեն մեկը վերցնի իր վրանում գտնվողների համար՝ ըստ անձանց թվի”»:
17. Եվ Իսրայելի որդիներն այդպես էլ արեցին, հավաքեցին ոմանք շատ, ոմանք՝ քիչ:
18. Եվ չափում էին օմերով. չավելացավ շատ ունեցողինը, և քիչ ունեցողինն էլ չպակասեց: Յուրաքանչյուրը հավաքեց իր կերածի չափով:
19. Եվ Մովսեսն ասաց նրանց. «Թող ոչ ոք դրանից մինչև առավոտ չպահի»:
20. Սակայն Մովսեսին չլսեցին. ոմանք դրանից թողեցին մինչև առավոտ, որը որդնոտեց և հոտեց: Եվ Մովսեսը բարկացավ նրանց վրա:
21. Եվ ամեն առավոտ յուրաքանչյուրը հավաքում էր դրանից իր կերածի չափով: Երբ արևը տաքացնում էր, այն հալվում էր:
22. Եվ վեցերորդ օրը հավաքեցին կրկնակին, այսինքն՝ յուրաքանչյուրի համար երկու օմեր: Եվ ժողովրդի բոլոր առաջնորդները եկան ու հայտնեցին Մովսեսին:
23. Եվ նա ասաց նրանց. «Այսպես է ասում Տերը. “Վաղը հանգստյան սուրբ շաբաթն է Տիրոջ համար: Ինչ որ եփելու եք, եփե՛ք, ինչ որ եռացնելու եք, եռացրե՛ք, և ինչ որ կավելանա, պահեք ձեզ առավոտվա համար”»:
24. Եվ ավելացածը թողեցին մինչև առավոտ, ինչպես պատվիրել էր Մովսեսը, որը չհոտեց և ոչ էլ որդնեց:
25. Եվ Մովսեսն ասաց. «Այսօր կերե՛ք այն, որովհետև այսօր Տիրոջ շաբաթ օրն է: Այսօր դաշտում դրանից չեք գտնի»:
26. Վեց օր պիտի հավաքեք այն, և յոթերորդ օրը, որ շաբաթ է, դրանից չի լինի:
27. Եվ յոթերորդ օրը ժողովրդից ոմանք գնացին հավաքելու, բայց չգտան:
28. Եվ Տերն ասաց Մովսեսին. «Մինչև ե՞րբ չեք պահելու Իմ պատվիրաններն ու օրենքները:
29. Տեսե՛ք, որ Տերը տվեց ձեզ շաբաթ օրը, որի պատճառով վեցերորդ օրը ձեզ երկու օրվա հաց է տալիս: Ամեն մեկը թող նստի իր տեղում, և յոթերորդ օրը թող ոչ ոք չելնի իր տեղից»:
30. Եվ յոթերորդ օրը ժողովուրդը հանգստացավ:
31. Եվ Իսրայելի տունը դրա անունը Ման դրեց: Այն գինձի սերմի պես սպիտակ էր, իսկ համը՝ մեղրով պատրաստված գաթայի նման:
32. Եվ Մովսեսն ասաց. «Այսպես է պատվիրում Տերը. “Մեկ օմեր լցրեք դրանից, որ այն պահվի ձեր սերունդների համար, որպեսզի նրանք տեսնեն այն հացը, որով կերակրեցի ձեզ անապատում, երբ ձեզ դուրս էի բերում Եգիպտոսի երկրից”»:
33. Եվ Մովսեսն ասաց Ահարոնին. «Մի սափոր առ, նրա մեջ լիքը մեկ օմեր մանանա լցրու և այն դիր Տիրոջ առաջ, որ պահվի ձեր սերունդների համար»:
34. Եվ ինչպես որ Տերը պատվիրեց Մովսեսին, Ահարոնն այն դրեց վկայության տապանակի առաջ, որպեսզի պահվի:
35. Եվ Իսրայելի որդիները քառասուն տարի կերան մանանան, մինչև որ շեն երկիր մտան: Մանանան կերան, մինչև որ Քանանի երկրի սահմանին հասան:
36. Եվ օմերը արդուի 1 մեկ տասներորդ մասն է:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: