Գիրք` 2. Ելք

Գլուխ 28

Ահարոնը քահանա է ընտրվում
   
1. Եվ դու Իսրայելի որդիների միջից քեզ մոտ բեր քո եղբայր Ահարոնին ու նրա որդիներին՝ Նադաբին, Աբիուդին, Եղիազարին և Իթամարին, որ Ինձ քահանայություն անեն.:
2. Եվ քո եղբայր Ահարոնի համար սուրբ զգեստներ պատրաստի՛ր պատվի և փառքի համար:
3. Եվ դու խոսի՛ր բոլոր իմաստուն միտք ունեցողների հետ, որոնց Ես իմաստության հոգով լցրի, որ Ահարոնի համար զգեստներ պատրաստեն նրան սրբացնելու համար, որպեսզի նա Ինձ քահանայություն անի:
   
Ահարոնի և իր որդիների զգեստները
   
4. Եվ ահա այն զգեստները, որ պիտի պատրաստեն. լանջապանակ, եփուդ, պատմուճան, նկարազարդ շապիկ, խույր և գոտի: Թող սուրբ զգեստներ պատրաստեն քո եղբայր Ահարոնի և նրա որդիների համար, որ Ինձ քահանայություն անեն:
5. Եվ թող նրանք վերցնեն ոսկե, կապույտ, ծիրանագույն, մուգ կարմիր կտավներ ու նրբահյուս բեհեզ,
6. Եվ ոսկե, կապույտ, ծիրանագույն, մուգ կարմիր կտավներից ու նրբահյուս բեհեզից կտավագործի վարպետությամբ պատրաստեն եփուդը:
7. Նրա երկու ուսակալները թող միանան իրար՝ երկու ծայրերից իրար կապվելով:
8. Եփուդի վրայի գոտին պետք է լինի իրենից՝ ոսկե, կապույտ, ծիրանագույն, մուգ կարմիր կտավներից և նրբահյուս բեհեզից:
9. Եվ կվերցնես երկու եղնգաքարեր ու դրանց վրա կփորագրես Իսրայելի որդիների անունները:
10. Նրանցից վեցի անունները կփորագրես մեկ քարի վրա, և մնացած վեց անունները՝ մյուս քարի վրա՝ ըստ իրենց ծնունդների կարգի:
11. Այդ երկու քարերի վրա կփորագրես Իսրայելի որդիների անունները ակնագործի և դրոշմահատի արհեստով ու դրանք կդնես ոսկե խորշերի մեջ:
12. Եվ այդ երկու քարերը կդնես եփուդի ուսակալներին, որ հիշատակի քարեր լինեն Իսրայելի որդիների համար: Եվ Ահարոնը նրանց անունները հիշատակի համար Տիրոջ առաջ կկրի իր երկու ուսերին:
13. Եվ ոսկուց խորշեր կպատրաստես:
14. Եվ մաքուր ոսկուց կպատրաստես երկու շղթաներ, դրանք կոլորես, և հյուսված շղթաները խորշերին կամրացնես:
15. Եվ դատաստանի լանջապանակ կպատրաստես կտավագործի վարպետությամբ: Այն կպատրաստես եփուդի գործվածքի նման՝ ոսկե, կապույտ, ծիրանագույն, մուգ կարմիր կտավներից և նրբահյուս բեհեզից:
16. Այն պետք է լինի քառակուսի և երկտակ: Նրա երկարությունը թող լինի մեկ թիզ, և լայնությունը՝ մեկ թիզ:
17. Եվ այն կընդելուզես չորս շարք ակնաքարերով. առաջին շարքում՝ սարդիոն, տպազիոն և զմրուխտ,
18. Երկրորդ շարքում՝ կարկեհան, շափյուղա և ադամանդ,
19. Երրորդ շարքում՝ գոճազմ, ագաթ և սուտակ,
20. Եվ չորրորդ շարքում՝ ոսկեքար, եղնգաքար և հասպիս: Եվ սրանք պետք է ընդելուզված լինեն ոսկե խորշերի մեջ:
21. Եվ թող ըստ Իսրայելի որդիների անունների՝ ակնաքարերը տասներկու հատ լինեն, և յուրաքանչյուրը կնիքի պես փորագրվի տասներկու ցեղերից մեկի անունով:
22. Եվ լանջապանակի վրա մաքուր ոսկուց շինված ոլորուն շղթաներ կպատրաստես:
23. Լանջապանակի վրա երկու ոսկե օղակներ կպատրաստես և այդ օղակները կամրացնես լանջապանակի երկու ծայրերին։
24. Եվ այս երկու ոլորուն ոսկե շղթաները լանջապանակի ծայրերին եղած երկու օղակներին կանցկացնես:
25. Եվ այդ երկու հյուսված շղթաների մյուս երկու ծայրերը այն երկու խորշերին կանցկացնես, իսկ առջևի կողմից՝ եփուդի ուսակալներին:
26. Եվ երկու ոսկե օղակներ կպատրաստես ու լանջապանակի ներսի կողմից կտեղադրես եփուդին կցված եզերքի երկու ծայրերին:
27. Եվ այլ երկու ոսկե օղակներ էլ կպատրաստես ու դրանք կտեղադրես եփուդի երկու ուսերի տակից՝ դրա առջևի կողմի կցվածքի մոտ, եփուդի գոտու վրայից:
28. Եվ լանջապանակը օղակները կապույտ մի երիզով թող կապեն եփուդի օղակներից, որ լանջապանակը լինի եփուդի գոտու վրա և չբաժանվի եփուդից:
29. Եվ երբ Ահարոնը սրբարան մտնի, թող միշտ իր սրտի վրա կրի դատաստանի լանջապանակը՝ փորագրված Իսրայելի որդիների անուններով՝ Տիրոջ առջև նրանց հիշելու համար:
30. Եվ դատաստանի լանջապանակի մեջ կդնես Ուրիմն ու Թումիմը: Երբ Ահարոնը կանգնի Տիրոջ առաջ, թող դրանք լինեն իր սրտի վրա: Եվ թող Տիրոջ առաջ Ահարոնն Իսրայելի որդիների դատաստանը միշտ իր սրտի վրա կրի:
31. Եվ եփուդի պատմուճանը կպատրաստես ամբողջապես կապույտ կտավից:
32. Եվ գլուխն անցկացնելու համար թող դրա մեջտեղում մի բացվածք լինի: Բացվածքի շուրջը թող զրահի բացվածքի պես հյուսված մի երիզ լինի, որ այն չպատռվի:
33. Եվ կապույտ, ծիրանագույն և մուգ կարմիր թելերից նռներ կպատրաստես ու կամրացնես դրա քղանցքներին: Եվ շուրջբոլորը՝ նռների միջև, ոսկե զանգակներ կամրացնես:
34. Այդպես պատմուճանի քղանցքի շուրջբոլորը կլինի մի ոսկե զանգակ և մի նուռ, մի ոսկե զանգակ և մի նուռ:
35. Եվ պաշտամունքի ժամանակ թող այն Ահարոնի վրա լինի, և Տիրոջ առաջ մտնելիս ու ելնելիս թող լսվի նրա ձայնը, որպեսզի չմեռնի:
36. Եվ մաքուր ոսկուց մի թիթեղ կպատրաստես, ու նրա վրա՝ ինչպես կնիք վրա, կփորագրես «Տիրոջ սրբությունը»:
37. Եվ այն կանցկացնես մի կապույտ երիզի վրա, որ առջևի կողմից դրվի խույրի վրա:
38. Այն թող լինի Ահարոնի ճակատի վրա, որ Ահարոնը կրի, և Իսրայելի որդիների բոլոր սուրբ ընծաների նվիրաբերության ժամանակ գործած անօրենությունները միշտ իր ճակատի վրա լինեն, որպեսզի այդ ընծաներն ընդունելի լինեն Տիրոջ առաջ:
39. Եվ շապիկն ու խույրը կպատրաստես նրբահյուս բեհեզից, իսկ գոտին թող նախշազարդ լինի:
40. Եվ Ահարոնի որդիների համար կպատրաստես շապիկներ ու գոտիներ: Եվ նրանց համար խույրեր կպատրաստես պատվի ու փառքի համար:
41. Եվ սրանք կհագցնես քո եղբայր Ահարոնին ու նրա հետ՝ նրա որդիներին: Եվ կօծես նրանց, կընծայես և կսրբագործես նրանց, որ Ինձ քահանայություն անեն:
42. Եվ նրանց համար կտավից անդրավարտիքներ կպատրաստես մարմնի մերկությունը ծածկելու համար: Դրանք պետք է մեջքից մինչև ծնկները լինեն:
43. Եվ դրանք պետք է Ահարոնի և նրա որդիների վրա լինեն, երբ վկայության խորան մտնեն կամ երբ սրբարանում մոտենան զոհասեղանին՝ պաշտամունք կատարելու համար: Եվ թող իրենց վրա անօրենություն չկրեն, որ չմեռնեն: Սա պետք է հավիտենական օրենք լինի նրա համար և իրենից հետո իր սերնդի համար: