Գիրք` 2. Ելք

Գլուխ 36

Ժողովրդի հոժարությունը
   
1.Եվ Բեսելիելը, Ոհողիաբը ու բոլոր սրտով իմաստունները, որոնց Տերը իմաստություն և հանճար տվեց, որ իմանան ու կատարեն սրբարանի ծառայության համար բոլոր տեսակ գործերը, արեցին, ինչպես որ պատվիրել էր Տերը:
2. Եվ Մովսեսը կանչեց Բեսելիելին, Ոհողիաբին և բոլոր իմաստուններին, որոնց սրտերում Տերը իմաստություն էր դրել, այսինքն՝ բոլոր նրանց, ովքեր ի սրտե փափագում էին գործի անցնել և կատարել:
3. Նրանք Մովսեսից վերցրին բոլոր ընծաները, որոնք Իսրայելի որդիները բերել էին սրբարանի ծառայության համար: Նրանք դեռևս շարունակում էին ամեն առավոտ կամավոր ընծաներ բերել:
4. Եվ սրբարանի գործերը կատարող բոլոր իմաստուն մարդիկ, թողնելով իրենց գործը, եկան
5. Եվ խոսեցին Մովսեսի հետ՝ ասելով. «Ժողովուրդը բերում է ավելի, քան անհրաժեշտ է Տիրոջ պատվիրած գործերն անելու համար»:
6. Եվ Մովսեսը պատվիրեց բանակատեղիում հայտարարել ու ասել. «Այլևս թող ոչ մի մարդ և ոչ մի կին սրբարանի համար ընծաներ չբերի»: Եվ ժողովուրդը դադարեց բերելուց:
7. Եվ հումքը բավական էր այդ բոլոր գործերն անելու համար, անգամ ավելին էր:
   
Սրբարանի շինությունը
   
8. Եվ վրանի գործերն անող բոլոր սրտով իմաստունները պատրաստեցին տասը վարագույրներ` մանված նրբահյուս բեհեզից և կապույտ, ծիրանագույն և մուգ կարմիր կտավներից: Դրանք պատրաստեցին ճարտարորեն՝ ասեղնագործված քերովբեներով:
9. Մեկ վարագույրի երկարությունը քսանութ կանգուն էր, և մեկ վարագույրի լայնությունը՝ չորս կանգուն: Բոլոր վարագույրները նույն չափսերն ունեին:
10. Եվ հինգական վարագույրներ իրար կցեց:
11. Կցվածքի ծայրի մեկ վարագույրի եզերքին կապույտ օղակներ պատրաստեց, և նույնն արեց մյուս կցվածքի ծայրի վարագույրի եզերքին:
12. Մեկ վարագույրի վրա պատրաստեց հիսուն օղակներ, իսկ մյուս կցվածքի վրա եղած վարագույրի ծայրին՝ ևս հիսուն օղակեր: Այդ օղակները դեմ-դիմաց էին:
13. Եվ պատրաստեց հիսուն ոսկե ճարմանդներ ու վարագույրները ճարմանդներով իրար միացրեց: Եվ վրանն ամբողջական դարձավ:
14. Վրանը ծածկելու համար այծի մազից վարագույրներ պատրաստեց: Այդպիսի տասնմեկ վարագույրներ պատրաստեց:
15. Մեկ վարագույրի երկարությունը երեսուն կանգուն էր, և մեկ վարագույրի լայնությունը՝ չորս կանգուն: Տասնմեկ վարագույրները նույն չափսերն ունեին:
16. Եվ հինգ վարագույրներն առանձին կցեց իրար և վեց վարագույրներն՝ առանձին:
17. Եվ մեկ վարագույրի եզերքի վրա՝ կցվածքի մոտ, հիսուն օղակներ պատրաստեց և հիսուն օղակներ էլ՝ մյուս կցվածքի մոտ եղած վարագույրի եզերքին:
18. Եվ պղնձե հիսուն ճարմանդներ պատրաստեց, որպեսզի վրանը կոճկի ու այն ամբողջական լինի:
19. Եվ վրանի համար խոյի կարմիր ներկված մորթիներից մի ծածկոց պատրաստեց և դրա վրայից ևս մի ծածկոց՝ կապույտ ներկված մորթիներով:
20. Եվ վրանի համար սատիմի փայտից տախտակներ կանգնեցրեց:
21. Մեկ տախտակի երկարությունը տասը կանգուն էր, և մեկ տախտակի լայնությունը՝ մեկուկես կանգուն:
22. Յուրաքանչյուր տախտակ իրար ագուցված երկու բութակներ ուներ: Այդպես պատրաստեց նաև վրանի բոլոր տախտակները:
23. Եվ վրանի համար տախտակներ տեղադրեց, դեպի հարավ՝ հարավային կողմում՝ քսան տախտակներ:
24. Քառասուն արծաթե խարիսխներ շինեց քսան տախտակների տակ, մեկ տախտակի տակ՝ երկու խարիսխներ՝ իր երկու բութակների համար և մյուս տախտակի տակ՝ երկու խարիսխներ իր երկու բութակների համար:
25. Եվ քսան տախտակներ դրեց վրանի մյուս կողմում՝ դեպի հյուսիս,
26. Եվ դրանց համար՝ քառասուն արծաթե խարիսխներ, մեկ տախտակի տակ՝ երկու խարիսխ և մյուս տախտակի տակ՝ երկու խարիսխ:
27. Եվ խորանի ետևի կողմում՝ դեպի արևմուտք, վեց տախտակներ դրեց:
28. Եվ երկու տախտակներ էլ դրեց խորանի ետևի կողմի անկյուններում:
29. Ներքևի կողմից դրանք կցված էին միմյանց, իսկ վերևի կողմից մեկ օղակով միացած էին իրար: Նույն ձևով երկուսն էլ արեց երկու անկյուններում:
30. Եվ եղան ութ տախտակներ՝ իրենց տասնվեց արծաթե խարիսխներով. յուրաքանչյուր տախտակի տակ՝ երկու խարիսխ:
31. Եվ սատիմի փայտից նիգեր պատրաստեց. հինգ նիգեր՝ վրանի մեկ կողմի տախտակների համար,
32. Եվ հինգ նիգեր՝ վրանի մյուս կողմի տախտակների համար և հինգ նիգեր՝ վրանի հետևի՝ արևմտյան կողմի տախտակների համար:
33. Պատրաստեց մեջտեղի նիգը, որ այն անցնի տախտակների միջով՝ մի ծայրից մինչև մյուս ծայրը:
34. Եվ տախտակները պատեց ոսկով, դրանց օղակները՝ նիգերի անցնելու տեղերը, պատրաստեց ոսկուց, և նիգերը ևս պատեց ոսկով:
35. Եվ վարագույրը պատրաստեց կապույտ, ծիրանագույն, մուգ կարմիր կտավներից և մանած նրբահյուս բեհեզից: Այն պատրաստեց հմուտ կտավագործի արհեստով՝ պատկերված քերովբեներով:
36. Եվ դրա համար սատիմի փայտից չորս սյուներ շինեց ու դրանք պատեց ոսկով: Դրանց բևեռները ոսկուց էին, որոնց համար չորս արծաթե խարիսխներ ձուլեց:
37. Եվ վրանի մուտքի համար կապույտ, ծիրանագույն և մուգ կարմիր կտավներից ու մանած նրբահյուս բեհեզից մի պատկերազարդ վարագույր պատրաստեց:
38. Եվ նրա հինգ սյուներն ու դրանց բևեռները, դրանց խոյակներն ու դրանց կապերը պատեց ոսկով: Եվ դրանց հինգ խարիսխները պղնձից էին: