Վրանը և երկու վարագույրները
1. Եվ վրանը կշինես տասը վարագույրներով՝ մանված նրբահյուս բեհեզից և կապույտ, ծիրանագույն ու մուգ կարմիր կտավներից: Այն կպատրաստես կտավագործի վարպետությամբ՝ պատկերված քերովբեներով:
2. Մեկ վարագույրի երկարությունը պետք է լինի քսանութ կանգուն, և մեկ վարագույրի լայնությունը՝ չորս կանգուն: Բոլոր վարագույրների չափսերը պետք է նույնը լինեն:
3. Հինգ վարագույրները պետք է իրար կցված լինեն, և մյուս հինգ վարագույրները՝ իրար կցված:
4. Կցվածքի ծայրի մեկ վարագույրի՝ ծայրի վարագույրի եզրին կպատրաստես կապույտ օղակներ: Եվ այդպես կանես մյուս կցվածքի ծայրի վարագույրի եզրին:
5. Հիսուն օղակներ կամրացնես մեկ վարագույրի վրա, և հիսուն օղակներ՝ մյուս կցվածքի մոտ եղած վարագույրի եզրին: Օղակները պետք է դեմ-դիմաց լինեն:
6. Եվ հիսուն ոսկե ճարմանդներ կպատրաստես: Վարագույրները կմիացնես միմյանց ճարմանդներով, որպեսզի մեկ ամբողջ վրան դառնա:
7. Եվ վրանը ծածկելու համար այծի մազից վարագույրներ կպատրաստես: Այդպիսի տասնմեկ վարագույրներ կպատրաստես:
8. Մեկ վարագույրի երկարությունը պետք է լինի երեսուն կանգուն, լայնությունը՝ չորս կանգուն: Տասնմեկ վարագույրները պետք է նույն չափսերն ունենան:
9. Եվ հինգ վարագույրներն առանձին կկցես, և վեց վարագույրները՝ առանձին: Եվ վեցերորդ վարագույրը վրանի առջևի կողմից երկտակ կանես:
10. Եվ հիսուն օղակներ կպատրաստես կցվածքի ծայրի մեկ վարագույրի եզրին, և հիսուն օղակներ՝ մյուս կցվածքի ծայրին եղած վարագույրի եզրին:
11. Եվ հիսուն պղնձե ճարմանդներ կպատրաստես, ճարմանդները օղակներին կանցկացնես և կմիացնես վրանին, որ այն մեկ ամբողջություն դառնա:
12. Եվ վրանի վարագույրների ավելորդ մասը՝ վարագույրի ավելացած կեսը, թող կախված մնա վրանի ետևից:
13. Եվ վրանի վարագույրների երկարության ավելացած մասից մեկ կանգուն մի կողմից և մեկ կանգուն մյուս կողմից թող կախված մնան վրանի կողքերից՝ նրան այս ու այն կողմերից ծածկելու համար:
14. Եվ վրանի համար խոյի կարմիր ներկված մորթիներից ծածկոց կպատրաստես և դրա վրայից էլ մի ծածկոց՝ կապույտ ներկված մորթիներից:
15. Եվ վրանի համար սատիմի փայտից ուղղահայաց տախտակներ կտեղադրես:
16. Մեկ տախտակի երկարությունը պետք է լինի տասը կանգուն, և մեկ տախտակի լայնությունը՝ մեկուկես կանգուն:
17. Ամեն մի տախտակ պետք է ունենա իրար ագուցվող երկու ճարմանդներ: Վրանի բոլոր տախտակները այդպես կշինես:
18. Եվ վրանի համար տախտակներ կպատրաստես. դեպի հարավ, հարավային կողմում՝ քսան տախտակներ:
19. Եվ քսան տախտակների տակ քառասուն արծաթե խարիսխներ կդնես: Մեկ տախտակի տակ՝ երկու խարիսխ իր երկու ճարմանդների համար, և մյուս տախտակի տակ՝ երկու խարիսխ իր երկու ճարմանդների համար:
20. Եվ վրանի մյուս՝ հյուսիսային կողմում, քսան տախտակներ կդնես
21. Իրենց քառասուն արծաթե խարիսխներով. մեկ տախտակի տակ երկու խարիսխ, և մյուս տախտակի տակ երկու խարիսխ:
22. Եվ վրանի ետևի՝ արևմտյան կողմում, վեց տախտակներ կդնես:
23. Եվ վրանի ետևի կողմի անկյուններում երկու տախտակներ կդնես:
24. Ներքևի կողմից թող միմյանց կցված լինեն, իսկ վերևից միացած լինեն մեկ օղակով: Երկուսն էլ թող այդպես լինեն երկու անկյուններում:
25. Եվ այսպես պետք է ութ տախտակներ լինեն իրենց տասնվեց արծաթե խարիսխներով. մեկ տախտակի տակ՝ երկու խարիսխ, և մյուս տախտակի տակ՝ երկու խարիսխ:
26. Եվ սատիմի փայտից նիգեր կպատրաստես. հինգ նիգեր վրանի մեկ կողմի տախտակների համար,
27. Հինգ նիգեր՝ վրանի մյուս կողմի տախտակների համար և հինգ նիգեր՝ դեպի արևմուտք՝ վրանի ետևի կողմի տախտակների համար:
28. Եվ ներսի նիգը պետք է անցնի տախտակների միջով՝ մի ծայրից մինչև մյուս ծայրը:
29. Եվ տախտակները պետք է պատես ոսկով, և դրանց օղակները, այսինքն՝ նիգերի անցնելու տեղերը, կպատրաստես ոսկուց, և նիգերը կպատես ոսկով:
30. Եվ վրանը կկանգնեցնես այն ձևով, ինչպես քեզ ցույց տրվեց լեռան վրա:
31. Եվ կապույտ, ծիրանագույն և մուգ կարմիր կտավներից ու նրբահյուս բեհեզից մանված և քերովբեներով պատկերված մի վարագույր կպատրաստես կտավագործի վարպետությամբ:
32. Եվ այն կդնես սատիմի փայտից չորս ոսկեպատ սյուների վրա: Դրանց կեռիկները թող լինեն ոսկուց և դրվեն չորս արծաթե խարիսխների վրա:
33. Եվ վարագույրը կկախես ճարմանդների տակից և վկայության տապանակը կտանես այնտեղ՝ վարագույրի ներքին կողմը: Եվ ձեզ համար այդ վարագույրը սրբությունը կառանձնացնի սրբությունների սրբությունից:
34. Եվ սրբությունների սրբության մեջ վկայության տապանակի վրա կդնես կափարիչը:
35. Եվ սեղանը կդնես վարագույրի մյուս՝ դրսի կողմը, աշտանակը՝ սեղանի դիմաց՝ վրանի հարավային կողմում, իսկ սեղանը՝ վրանի հյուսիսային կողմում:
36. Եվ վրանի մուտքի համար նկարագործ մի վարագույր կպատրաստես կապույտ, ծիրանագույն և մուգ կարմիր կտավներից ու մանված նրբահյուս բեհեզից:
37. Եվ մուտքի վարագույրի համար սատիմի փայտից հինգ սյուներ կշինես ու դրանք կպատես ոսկով: Դրանց կեռիկները կպատրաստես ոսկուց և դրանց համար հինգ պղնձե խարիսխներ կձուլես:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: