Խնկարկության սեղանը
1. Եվ խնկարկության համար սեղան կպատրաստես, սատիմի փայտից կպատրաստես այն:
2. Դրա երկարությունը թող մեկ կանգուն լինի, լայնությունը՝ մեկ կանգուն, և թող քառակուսի լինի՝ երկու կանգուն բարձրությամբ: Անկյուններում սեղանին միաձույլ թող եղջյուրներ լինեն:
3. Եվ մաքուր ոսկով կպատես մակերևույթը, բոլոր կողմերի պատերն ու եղջյուրները: Դրա շուրջբոլորը ոսկե պսակ կպատրաստես:
4. Եվ դրա համար երկու ոսկե օղակներ կպատրաստես ու կամրացնես պսակի տակից դրա երկու կողքերին երկու կողմերի վրա, որպեսզի ձողերի անցկացնելու տեղեր լինեն՝ դրանցով այն վերցնելու համար:
5. Եվ ձողերը կպատրաստես սատիմի փայտից ու դրանք կպատես ոսկով:
6. Եվ այն կդնես վկայության տապանակի դիմաց եղող վարագույրի առաջ՝ վկայության վրա գտնվող կափարիչի դիմաց, այնտեղ, ուր Ես կերևամ քեզ:
7. Եվ թող Ահարոնը դրա վրա անուշահոտ խունկ ծխի, ամեն առավոտ ճրագները պատրաստելիս թող խունկ ծխի:
8. Եվ Ահարոնը երեկոյան դեմ ճրագները վառելիս թող խունկ ծխի, որ Տիրոջ առաջ մշտնջենապես խնկարկություն լինի ձեր սերունդների մեջ:
9. Նրա վրա օտար խունկ կամ ողջակեզ կամ հացի ընծա չմատուցեք, ոչ էլ նրա վրա հեղելու ընծա կթափեք:
10. Եվ Ահարոնը տարեկան մեկ անգամ նրա եղջյուրների վրա թող քավություն անի: Թող նա մեղքերի քավության զոհի արյամբ տարեկան մեկ անգամ դրա վրա քավություն անի ձեր սերունդների մեջ: Դա ամենասուրբն է Տիրոջ համար:
Սրբարանի տուրքը
11. Եվ Տերը խոսեց Մովսեսի հետ՝ ասելով.
12. «Երբ Իսրայելի որդիների թիվն իմանալու համար մարդահամար անես, այնժամ յուրաքանչյուր հաշվառում անցնող պետք է Տիրոջը տա իր անձի փրկագինը, որպեսզի հարվածներ չլինեն նրանց հաշվելիս:
13. Եվ դա պիտի անի մարդահամար անցնող յուրաքանչյուր մեկը. պետո է տա կես սիկղ 4 արծաթ՝ ըստ սրբարանի սիկղի: Մեկ սիկղը քսան կերատ 5 է: Տիրոջ ընծան պետք է կես սիկղ լինի:
14. Մարդահամար յուրաքանչյուր անցնող քսան և ավելի բարձր տարիքի անձը պետք է տա Տիրոջ ընծան:
15. Երբ ձեր անձանց համար քավություն անելիս Տիրոջն ընծայաբերություն անեք, չլինի թե հարուստը տա կես սիկղից ավել, և ո՛չ էլ աղքատը՝ դրանից պակաս:
16. Եվ Իսրայելի որդիներից կվերցնես քավության արծաթը ու այն կհատկացնես վկայության խորանի ծառայությանը, որպեսզի Տիրոջ առաջ դա հիշատակ լինի Իսրայելի որդիներին՝ ձեր անձանց քավություն անելու համար»:
Պղնձե ավազանը
17. Եվ Տերը խոսեց Մովսեսի հետ՝ ասելով.
18. «Նաև մի պղնձե ավազան կպատրաստես լվացվելու համար, որի պատվանդանը ևս թող պղնձից լինի: Եվ այն կդնես վկայության խորանի ու զոհասեղանի միջև ու կլցնես ջրով:
19. Եվ թող Ահարոնն ու նրա որդիները դրանով լվանան իրենց ձեռքերն ու ոտքերը:
20. Երբ վկայության խորան մտնեն կամ երբ մոտենան զոհասեղանին՝ ծառայության և կրակով Տիրոջը զոհ մատուցելու համար, թող լվացվեն ջրով, որ չմեռնեն:
21. Թող այդպես լվանան իրենց ձեռքերն ու ոտքերը, որ չմեռնեն: Եվ թող դա հավիտենական կանոն լինի նրանց համար, թե՛ Ահարոնի և թե՛ իր սերնդի համար իրենց ազգերի մեջ»:
Օծության յուղը
22. Եվ Տերը խոսեց Մովսեսի հետ՝ ասելով.
23. «Վերցրո՛ւ քեզ մոտ պատվական համեմունքներ. հինգ հարյուր սիկղ մաքուր զմուռս, դրա կես չափով, այսինքն՝ երկու հարյուր հիսուն սիկղ անուշահոտ կինամոն, երկու հարյուր հիսուն սիկղ անուշահոտ խնկեղեգ,
24. Հինգ հարյուր սիկղ կասիա՝ ըստ սրբարանի սիկղի և մեկ հիմեն 6 ձիթայուղ:
25. Եվ դրանցով բաղադրված սուրբ օծության յուղ կպատրաստես յուղագործի արհեստով: Դա կլինի սուրբ օծության յուղը:
26. Դրանով կօծես վկայության խորանը, վկայության տապանակը,
27. Զոհասեղանը և նրա բոլոր անոթները, աշտանակը և նրա պարագաները, խնկարկության սեղանը,
28. Ողջակեզի զոհասեղանն ու նրա ամբողջ սպասքը, ավազանն ու նրա պատվանդանը:
29. Եվ կսրբագործես դրանք, որ ամենասուրբ լինեն, ինչ որ դիպչի դրանց, սուրբ պիտի լինի:
30. Եվ կօծես Ահարոնին ու նրա որդիներին, կսրբագործես նրանց, որ Ինձ համար քահանայություն անեն:
31. Եվ կխոսես Իսրայելի որդիների հետ՝ ասելով. “Սա Ինձ համար սուրբ օծության յուղ պիտի լինի ձեր սերունդների մեջ:
32. Այլ մարդու մարմին նրանով պիտի չօծվի, և նույն բաղադրությամբ նմանը պիտի չպատրաստվի: Այն սուրբ է, և ձեզ համար ևս սուրբ պետք է լինի:
33. Ով կպատրաստի դրա նմանը, կամ ով դրանից կդնի օտարականի վրա, պիտի վերանա իր ժողովրդի միջից”»:
Անուշահոտ խունկը
34. Եվ Տերն ասաց Մովսեսին. «Վերցրո՛ւ քեզ համար անուշահոտ համեմունքներ՝ ստաշխ, եղունգ, քաղբան, և մաքուր կնդրուկ՝ բոլորը հավասար կշռաչափով:
35. Եվ յուղագործի արհեստով դրանցից բաղադրված խունկ կպատրաստես՝ միախառն, մաքուր և սուրբ:
36. Եվ դրանցից մի քիչ կմանրացնես ու կդնես վկայության խորանում՝ վկայության առաջ, ուր Ես կերևամ քեզ: Այն ձեզ համար թող ամենասուրբ լինի:
37. Եվ այդ նույն բաղադրությամբ ձեզ համար խունկ չպատրաստեք: Այն քեզ համար սուրբ պիտի լինի Տիրոջ առաջ:
38. Ով որ հոտոտելու համար պատրաստի դրա նմանը, նա պիտի վերանա իր ժողովրդի միջից»:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: