Գիրք` 2. Ելք

Գլուխ 39

Քահանաների զգեստները և զարդարանքը
   
1. Եվ կապույտից, ծիրանագույնից և մուգ կարմիրից պատրաստեցին պաշտամունքի հանդերձներ՝ սրբարանում ծառայություն անելու համար: Եվ Ահարոնի համար սուրբ զգեստներ պատրաստեցին, ինչպես որ Տերը պատվիրել էր Մովսեսին:
2. Եփուդը պատրաստվեց ոսկե, կապույտ, ծիրանագույն և մուգ կարմիր կտավներից և մանած նրբահյուս բեհեզից:
3. Ոսկե թիթեղները ծեծեցին և թել-թել կտրեցին, որպեսզի դրանք հմտորեն միահյուսեն կապույտ, ծիրանագույն, մուգ կարմիր կտավների և նրբահյուս բեհեզի հետ:
4. Նրա վրա ագուցվող ուսակալներ պատրաստեցին, որոնք կոճկվում էին երկու ծայրերից:
5. Եվ եփուդի վրայի գոտին հենց իրենից էր՝ նույն գործվածքից՝ ոսկե, կապույտ, ծիրանագույն, մուգ կարմիր կտավներից և մանած նրբահյուս բեհեզից, ինչպես որ Տերը պատվիրել էր Մովսեսին:
6. Եվ մշակեցին եղնգաքարեր՝ դրանք ընդելուզելով ոսկե խորշերի մեջ ու դրանց վրա դրոշմահարի արհեստով փորագրեցին Իսրայելի որդիների անունները:
7. Եվ դրանք ամրացրին եփուդի ուսերին՝ որպես հիշատակի քարեր Իսրայելի որդիների համար, ինչպես որ Տերը պատվիրել էր Մովսեսին:
8. Եվ հմուտ կտավագործի վարպետությամբ պատրաստեցին լանջապանակը՝ ոսկե, կապույտ, ծիրանագույն, մուգ կարմիր կտավներից և մանած նրբահյուս բեհեզից, ինչպես որ եփուդը:
9. Լանջապանակը պատրաստեցին քառակուսի և երկտակ: Այն ուներ մեկ թզաչափ երկարություն և մեկ թզաչափ լայնություն:
10. Եվ դրա վրա չորս շարքով ակնաքարեր ամրացրին: Առաջին շարքում՝ սարդիոն, տպազիոն և զմրուխտ,
11. Եվ երկրորդ շարքում՝ կարկեհան, շափյուղա և ադամանդ,
12. Եվ երրորդ շարքում՝ գոճազմ, ագաթ և սուտակ,
13. Եվ չորրորդ շարքում՝ ոսկեքար, եղնգաքար և հասպիս: Դրանք բոլորն ագուցված էին ոսկե խորշերի մեջ:
14. Եվ ակնաքարերը տասներկուսն էին՝ ըստ Իսրայելի որդիների անունների: Նրանց անունները դրոշմի պես փորագրված էին՝ ըստ տասներկու ցեղերից յուրաքանչյուրի անվան:
15. Եվ լանջապանակի վրա մաքուր ոսկուց ոլորված ու հյուսված շղթաներ պատրաստեցին:
16. Եվ երկու ոսկե խորշեր և երկու ոսկե օղակներ պատրաստեցին ու երկու օղակները լանջապանակի երկու ծայրերին ամրացրին:
17. Եվ այն երկու հյուսված ոսկե շղթաներն անցկացրին լանջապանակի ծայրերին եղած երկու օղակների միջով:
18. Եվ այն երկու շղթաների մյուս երկու ծայրերն անցկացրին այն երկու խորշերի միջով և երեսի կողմից դրանք ամրացրին եփուդի ուսակալներին:
19. Եվ երկու ոսկե օղակներ էլ պատրաստեցին ու լանջապանակի ներսի կողմից ամրացրին եփուդին կցված լանջապանակի եզերքի երկու ծայրերին:
20. Եվ ուրիշ երկու ոսկե օղակներ էլ պատրաստեցին ու դրանք ամրացրին եփուդի երկու ուսակալների տակից՝ դրա առջևի կողմի կցվածքի մոտ՝ եփուդի գոտու վրայից:
21. Եվ լանջապանակն իր օղակներից կապույտ մի երիզով կապեցին եփուդի օղակներից, որ այն եփուդի գոտու վրա լինի, և լանջապանակը եփուդից չառանձնանա, ինչպես որ Տերը պատվիրել էր Մովսեսին:
22. Եվ եփուդի պատմուճանը պատրաստեցին ամբողջովին կապույտ կտավից:
23. Եվ պատմուճանի մեջտեղի հատվածում զրահի ճեղքվածքի նման մի բացվածք կար, որի շուրջը հյուսված էր մի երիզ, որ այն չպատռվի:
24. Եվ պատմուճանի քղանցքներին նռներ պատրաստեցին կապույտ, ծիրանագույն և մուգ կարմիր մանած թելերից:
25. Եվ մաքուր ոսկուց զանգակներ պատրաստեցին ու զանգակներն ամրացրին պատմուճանի քղանցքի շուրջբոլորը՝ նռների միջև:
26. Պաշտամունք կատարելու համար պատմուճանի ողջ քղանցքի երկարությամբ միմյանց հաջորդում էին մեկ զանգակ, մեկ նուռ, ինչպես որ Տերը պատվիրել էր Մովսեսին:
27. Եվ Ահարոնի ու նրա որդիների համար նուրբ բեհեզից հյուսված շապիկներ պատրաստեցին:
28. Եվ նուրբ բեհեզից պատրաստեցին խույրն ու գլխարկի ապարոշները, իսկ անդրավարտիքները՝ մանած նուրբ բեհեզից:
29. Գոտին պատրաստեցին մանած նուրբ բեհեզից և կապույտ, ծիրանագույն ու մուգ կարմիր նախշազարդ կտավներից, ինչպես որ Տերը պատվիրել էր Մովսեսին:
30. Սուրբ պսակի թիթեղը պատրաստեցին մաքուր ոսկուց և դրա վրա կնիք փորագրելու պես դրոշմեցին. «Տիրոջ սրբությունը»:
31. Այն անցկացրին կապույտ մի ժապավենի վրա՝ վերևից խույրի վրա ամրացնելու համար, ինչպես որ Տերը պատվիրել էր Մովսեսին:
   
Մովսեսն օրհնում է պատրաստած և ավարտած գործերը
   
32. Այսպիսով ավարտվեցին խորանի, այսինքն՝ վկայության խորանի բոլոր գործերը: Եվ Իսրայելի բոլոր որդիներն արեցին այն ամենը, ինչ Տերը պատվիրել էր Մովսեսին: Ամեն բան այդպես արեցին:
33. Եվ Մովսեսի մոտ բերեցին վկայության խորանը, վրանը և նրա ամբողջ սպասքը, դրա ճարմանդները, դրա տախտակները, դրա նիգերը, սյուներն ու խարիսխները,
34. Խոյի կարմիր ներկված մորթիներից և կապույտ ներկված մորթիներից պատրաստված ծածկոցները, ծածկող վարագույրը,
35. Վկայության տապանակը, դրա ձողերը և կափարիչը,
36. Զոհասեղանը, դրա բոլոր անոթներն ու առաջավորության հացը,
37. Մաքուր ոսկուց աշտանակն իր ճրագակալներով, այսինքն՝ ըստ շարքով դասավորված ճրագակալներով և իր բոլոր պարագաներով, ճրագի յուղը,
38. Ոսկե սեղանը, օծության յուղը, անուշահոտ խունկը, խորանի մուտքի վարագույրը,
39. Պղնձե զոհասեղանը, դրա պղնձե կասկարան, դրա ձողերն ու բոլոր գործիքները, ավազանն ու դրա պատվանդանը,
40. Գավթի վարագույրները, դրա սյուներն ու խարիսխները, գավթի մուտքի վարագույրը, դրա պարաններն ու ցցերը, խորանի, այսինքն՝ վկայության խորանի ամբողջ սպասքը ծառայություն մատուցելու համար:
41. Սրբարանում ծառայություն մատուցելու պաշտամունքի հանդերձները և Ահարոն քահանայի սրբազան զգեստներն ու նրա որդիների զգեստները քահանայագործության համար:
42. Իսրայելի որդիները բոլոր գործերն արեցին այնպես, ինչպես որ Տերը պատվիրել էր Մովսեսին:
43. Եվ Մովսեսը նայեց ամբողջ շինվածքին, և ահա այն արված էր: Ինչպես որ Տերը պատվիրել էր, այդպես էին արել: Եվ Մովսեսն օրհնեց նրանց: