Գիրք` 2. Ելք

Գլուխ 18

Հոթորն այցելում է Մովսեսին
   
1. Եվ Մովսեսի աները՝ Մադիամի քուրմ Հոթորը, իմացավ այն ամենը, ինչ Աստված արել էր Մովսեսին ու Իսրայելի ժողովրդին, և թե ինչպես էր Տերը Եգիպտոսից դուրս բերել Իսրայելին:
2. Եվ երբ Մովսեսը ետ ուղարկեց իր կնոջը՝ Սեպփորային, նրա աներ Հոթորն իր մոտ առավ Սեպփորային
3. Եվ նրա երկու որդիներին, որոնցից մեկի անունը Գերսամ էր, որովհետև ասել էր. «Պանդուխտ եղա օտար երկրում»,
4. Եվ մյուսի անունը Եղիազար էր, որովհետև ասել էր. «Իմ օգնականն իմ հոր Աստվածն է, որ ինձ ազատեց փարավոնի սրից»:
5. Եվ Մովսեսի աներ Հոթորը նրա որդիների և նրա կնոջ հետ եկավ Մովսեսի մոտ՝ անապատ, որտեղ Աստծո լեռան վրա նա բանակ էր դրել:
6. Եվ լուր ուղարկեց Մովսեսին՝ ասելով. «Ես՝ քո աներ Հոթորը, քո կինը և նրա երկու որդիները քեզ մոտ ենք գալիս»:
7. Եվ Մովսեսը ելավ դիմավորելու իր աներոջը, խոնարհվեց նրա առաջ և համբուրեց նրան: Հարցրին միմյանց որպիսությունը և մտան վրան:
8. Եվ Մովսեսն իր աներոջը պատմեց այն ամենը, ինչ Տերն արել էր փարավոնին և եգիպտացիներին Իսրայելի համար, նաև այն բոլոր նեղությունների մասին, որ կրել էին ճանապարհին, և թե ինչպես էր Տերն ազատել իրենց:
9. Հոթորն ուրախացավ այն բոլոր բարի գործերի համար, որ Տերն արել էր Իսրայելի համար՝ փրկելով նրան եգիպտացիների ձեռքից:
10. Եվ Հոթորն ասաց. «Օրհնյա՛լ լինի Տերը, որ փրկեց ձեզ եգիպտացիների և փարավոնի ձեռքից, որովհետև ազատեց ժողովրդին եգիպտացիների լծից:
11. Այժմ գիտեմ, որ Տերը մեծ է բոլոր աստվածներից, որովհետև ինչով հպարտանում էին, ամեն բանից վեր երևաց»:
12. Եվ Մովսեսի աներ Հոթորը ողջակեզ և զոհեր բերեց Աստծուն մատուցելու համար, և Ահարոնն ու Իսրայելի բոլոր ծերերը Մովսեսի աներոջ հետ եկան Աստծո առաջ հաց ուտելու:
   
Դատավորների նշանակումը
   
13. Հետևյալ օրը Մովսեսը նստեց՝ դատելու ժողովրդին, և ժողովուրդն առավոտից մինչև երեկո կանգնել էր Մովսեսի շուրջը:
14. Եվ Մովսեսի աները տեսավ ամեն բան, ինչ որ անում էր Մովսեսը ժողովրդի հետ ու ասաց. «Այդ ի՞նչ ես անում այս ժողովրդին: Ինչո՞ւ միայն դու ես նստում, իսկ ամբողջ ժողովուրդն առավոտից մինչև երեկո կանգնում է շուրջդ»:
15. Եվ Մովսեսն իր աներոջն ասաց. «Ժողովուրդն ինձ մոտ է գալիս Աստծուց իրավունք հայցելու համար:
16. Երբ նրանք հարց են ունենում, գալիս են ինձ մոտ, ես նրանց միջև դատ եմ անում ու նրանց սովորեցնում Աստծո կանոններն ու օրենքները»:
17. Եվ Մովսեսի աներն ասաց նրան. «Քո արածը ճիշտ չէ:
18. Այդպես կտանջվես թե՛ դու, թե՛ քեզ հետ եղած ժողովուրդը, որովհետև այդ գործը քեզ համար խիստ ծանր է, և դա մենակ անել չես կարող:
19. Այժմ լսի՛ր ինձ, ես քեզ խորհուրդ եմ տալիս, և Աստված քեզ հետ կլինի: Ժողովրդի համար դու գնա Աստծո առաջ և դատերը դո՛ւ ներկայացրու Աստծուն:
20. Եվ սովորեցրու նրանց Նրա կանոններն ու օրենքները: Ցո՛ւյց նրանց այն ճանապարհը, որով պիտի քայլեն և թե ինչ պիտի անեն:
21. Եվ դու ամբողջ ժողովրդի միջից ընտրիր կարողունակ, աստվածավախ, հավատարիմ, ագահությունն ատող մարդիկ և նրանց վրա նշանակիր հազարապետեր, հարյուրապետեր, հիսնապետեր և տասնապետեր:
22. Եվ մշտապես թող նրանք դատեն ժողովրդին: Ամեն մեծ խնդիր թող ներկայացնեն քեզ, իսկ ամեն փոքր խնդիր թող իրենք դատեն, և այսպես քեզ օգնելով՝ կթեթևացնեն քո բեռը:
23. Եթե այդպես անես, և Աստված էլ դա քեզ պատվիրի, այնժամ կկարողանաս դիմանալ, և այս ամբողջ ժողովուրդն էլ խաղաղությամբ իր տեղը կգնա»:
24. Եվ Մովսեսն անսաց իր աներոջն ու արեց նրա բոլոր ասածները:
25. Եվ Մովսեսն ամբողջ Իսրայելից կարողունակ մարդիկ ընտրեց և նրանց ժողովրդի վրա գլխավորներ, այսինքն՝ հազարապետեր, հարյուրապետեր, հիսնապետեր և տասնապետեր կարգեց:
26. Եվ մշտապես նրանք էին դատում ժողովրդին. դժվար գործերը հանձնում էին Մովսեսին, իսկ փոքր գործերն իրենք էին դատում:
27. Եվ Մովսեսը ճանապարհեց իր աներոջը, ու նա իր երկիրը գնաց: