Օրենքներ արդարության և ընկերասիրության մասին:
1. Սուտ լուր մի՛ տարածիր, անօրենին ձեռք մի՛ մեկնիր, որպեսզի անիրավության վկա չդառնաս:
2. Չարիք մի՛ գործիր՝ հետևելով մեծամասնությանը, ատյանի առաջ օրենքը խախտելու համար մի՛ խոսիր շատերի կողմը խոտորվելով:
3. Աղքատին աչառություն մի՛ արա նրա դատի ժամանակ:
4. Եթե պատահես քո թշնամու մոլորված եզանը կամ էշին, անպատճառ նրան վերադարձրու:
5. Եթե տեսնես քո թշնամու էշին իր բեռան տակ ընկած, մի՛ հեռացիր, այլ անպատճառ դրա հետ էշին էլ ազատիր:
6. Մի՛ խախտիր քո աղքատի իրավունքը նրա հետ դատվելիս:
7. Հեռո՛ւ մնա սուտ խոսքից, մի՛ սպանիր անմեղին և արդարին, որովհետև Ես անօրենին չե՛մ արդարացնի:
8. Եվ կաշառք մի՛ վերցրու, որովհետև կաշառքը կուրացնում է բաց աչքերը և շուռ է տալիս արդարների խոսքը:
9. Եվ մի՛ նեղիր օտարականին. դուք գիտեք օտարականի վիճակը, որովհետև դուք էլ օտարական էիք Եգիպտոսի երկրում:
10. Վեց տարի սերմանի՛ր քո հողում և հավաքի՛ր դրա արդյունքը:
11. Բայց յոթերորդ տարում թող այն հանգստանա և թող այն, որ քո ժողովրդի աղքատներն ուտեն, և դրանց մնացորդը դաշտի անասուններն ուտեն: Նույնն արա քո այգու և ձիթաստանի հետ:
12. Վեց օր աշխատի՛ր և յոթերորդ օրը հանգստացի՛ր, որ քո եզն ու էշը հանգստանան, և քո աղախնու որդին ու օտարականը շունչ առնեն:
13. Պահե՛ք բոլոր այն խոսքերը, որ ասացի ձեզ, այլ աստվածների անուններ մի՛ հիշատակեք, ոչ էլ թող լսվեն ձեր բերաններից:
14. Տարվա մեջ երեք անգամ Ինձ համար տոն կկատարես:
15. Պահի՛ր բաղարջակերաց տոնը. ինչպես քեզ պատվիրել եմ, յոթ օր անթթխմոր հաց կուտես Աբիբ ամսվա սահմանված ժամանակին, որովհետև այդ ամսին դուրս եկար Եգիպտոսից: Եվ ոչ ոք ձեռնունայն չերևա Իմ առաջ:
16. Պահի՛ր արտի մեջ քո սերմանածի երախայրիքը հնձելու տոնը և տարեվերջին՝ բերքահավաքի տոնը, երբ արտից կհավաքես քո բերքը:
17. Տարվա մեջ երեք անգամ քո բոլոր տղամարդիկ պետք է կանգնեն Տեր Աստծո առաջ:
18. Իմ զոհի արյունը չմատուցես թթխմորով հացով: Իմ տոնի զոհի ճարպը չպետք է մնա մինչև առավոտ:
19. Քո հողի առաջին բերքի արդյունքը քո Տեր Աստծո տուն կբերես:
19. Ուլն իր մոր կաթի մեջ չեփես:
Քանանացիներին դուրս անելու պատվեր և խոստում
20. Ահա քո առջևից մի հրեշտակ կուղարկեմ, որ ճանապարհին նա քեզ պահպանի և քեզ տանի այն տեղը, որ Ես պատրաստել եմ:
21. Զգույշ եղիր նրա առաջ, լսիր նրա խոսքը, մի՛ համառիր նրա դեմ, որովհետև նա չի ների ձեր հանցանքը, քանի որ Իմ անունը նրա վրա է:
22. Բայց եթե լսես նրա խոսքը և կատարես Իմ բոլոր ասածները, այնժամ կլինեմ քո թշնամիների թշնամին և քո հակառակորդների հակառակորդը,
23. Որովհետև Իմ հրեշտակը կգնա քո առջևից, քեզ կտանի ամորհացիների, քետացիների, փերեզացիների, քանանացիների, խևացիների և հեբուսացիների մոտ, ու Ես պիտի կոտորեմ նրանց:
24. Նրանց աստվածներին երկրպագություն կամ ծառայություն չմատուցես և մի՛ արա այնպես, ինչպես նրանք են անում, այլ նրանց ամբողջովին կորստյան կմատնես և նրանց կուռքերն ամբողջովին կկոտրատես:
25. Եվ կպաշտեք ձեր Տեր Աստծուն, ու Նա կօրհնի քո հացը և քո ջուրը: Եվ Ես քեզանից կհեռացնեմ հիվանդությունները:
26. Քո երկրում վիժող և ամուլ չի լինելու, պիտի ավելացնեմ քո օրերի թիվը:
27. Իմ ահը կուղարկեմ քո առջևից, պիտի խուճապի մատնեմ այն ամբողջ ժողովրդին, որոնց մեջ դու գնում ես և քո բոլոր թշնամիների թիկունքը դեպի քեզ կդարձնեմ:
28. Քո առաջից իշամեղուներ կուղարկեմ, և դրանք կքշեն խևացիներին, քանանացիներին և քետացիներին:
29. Մեկ տարի չեմ քշի դրանց քո առաջից, որ երկիրը չամայանա, և դաշտի գազանները չբազմանան քո դեմ:
30. Կամաց-կամաց կքշեմ դրանց քո առջևից, մինչև որ դու բազմանաս և ժառանգես երկիրը:
31. Եվ ես կգծեմ քո սահմանները Կարմիր ծովից մինչև փղշտացիների ծովը, անապատից մինչև Եփրատ գետը, որովհետև քո ձեռքը պիտի հանձնեմ այդ երկրի բնակիչներին, և դու պիտի քշես նրանց քո առջևից:
32. Ուխտ չհաստատես նրանց հետ և նրանց աստվածների հետ:
33. Թող նրանք չբնակվեն քո երկրում, որպեսզի Իմ դեմ քեզ մեղք գործել չտան, որովհետև եթե պաշտես նրանց աստվածներին, անպատճառ դա քեզ համար որոգայթ կդառնա:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: