Հմուտ արհեստագործների՝ Բեսելիելի և Ոողիաբի ընտրությունը
1. Եվ Տերը խոսեց Մովսեսի հետ՝ ասելով.
2. «Ահա Հուդայի ցեղից անունով կանչեցի Ովրի որդի Ուրիի որդի Բեսելիելին
3. Եվ լցրի նրան Աստծո Հոգով՝ իմաստությամբ, հանճարով, գիտությամբ և հմտությամբ,
4. Որպեսզի վարպետի գործեր ստեղծի ոսկով, արծաթով և պղնձով:
5. Եվ ընդելուզելու համար մշակի ակնաքարեր, բանեցնի փայտամշակման և ամեն տեսակ արհեստներ:
6. Եվ Ես ահա նրա հետ ընտրեցի Դանի ցեղից Աքիսամայի որդի Ողիաբին: Եվ բոլոր իմաստուն սիրտ ունեցողների սրտի մեջ իմաստություն դրեցի, որ անեն այն ամենը, ինչ քեզ պատվիրեցի:
7. Վկայության խորանը, վկայության տապանակը, նրա վրայի կափարիչը, խորանի ամբողջ սպասքը,
8. Զոհասեղանն ու նրա անոթները, մաքուր ոսկուց աշտանակը և նրա բոլոր պարագաները, խնկարկության սեղանը,
9. Ողջակեզի զոհասեղանն ու նրա բոլոր գործիքները, ավազանն ու նրա պատվանդանը,
10. Պաշտամունքի զգեստները, Ահարոն քահանայի սուրբ զգեստները և նրա որդիների քահանայական զգեստները,
11. Օծության յուղը, սրբարանի համար անուշահոտ խունկը և ամեն բան անեն այնպես, ինչպես պատվիրեցի քեզ»:
Պատվեր շաբաթ օրվա համար
12. Եվ Տերը խոսեց Մովսեսի հետ ու ասաց.
13. «Եվ դու խոսի՛ր Իսրայելի որդիների հետ՝ ասելով. “Անշուշտ, պիտի պահեք Իմ շաբաթ օրերը, որովհետև Իմ ու ձեր միջև և ձեր սերունդների մեջ դա մի նշան է, որպեսզի իմանաք, թե Ես եմ ձեզ սրբացնող Տերը:
14. Ուրեմն պահե՛ք շաբաթ օրը, որովհետև այն ձեզ համար սուրբ է: Ով պղծի այն, անշուշտ, պիտի մահվան մատնվի: Ով այդ օրը մի գործ անի, այդ անձը պետք է վերանա իր ժողովրդի միջից:
15. Վեց օր պետք է աշխատել, բայց յոթերորդ օրը՝ հանգսյան շաբաթ օրը, սուրբ պետք է լինի Տիրոջ համար: Ով որևէ գործ անի հանգստյան օրը, անշուշտ, պիտի մահվան մատնվի:
16. Եվ Իսրայելի որդիները պիտի պահեն շաբաթ օրերը, որպեսզի իրենց սերունդները պահեն դրանք՝ որպես հավիտենական ուխտ:
17. Դա հավիտենական նշան է Իմ ու Իսրայելի որդիների միջև, որովհետև Տերը վեց օրվա մեջ ստեղծեց երկինքն ու երկիրը, և յոթերորդ օրը դադար տվեց ու հանգստացավ”»:
Օրենքի երկու տախտակները
18. Եվ երբ Սինա լեռան վրա վերջացրեց Մովսեսի հետ խոսելը, նրան տվեց վկայության երկու տախտակները, քարեղեն տախտակներ՝ գրված Աստծո մատով:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: