Գիրք` 2. Ելք

Գլուխ 38

Գավթում դրվող ողջակեզի զոհասեղանը

1. Եվ ողջակեզի զոհասեղանը պատրաստեց սատիմի փայտից: Դրա երկարությունը հինգ կանգուն էր, լայնությունը՝ հինգ կանգուն՝ քառակուսի, և բարձրությունը՝ երեք կանգուն:
2. Եվ զոհասեղանի չորս անկյուններին՝ դրան միաձույլ, պատրաստեց եղջյուրները և դրանք պատեց պղնձով:
3. Եվ պատրաստեց զոհասեղանի բոլոր գործիքները՝ թաղարները, թիերը, կոնքերը, մսահանները և կրակարանները: Այդ ամբողջը պատրաստեց պղնձից:
4. Եվ զոհասեղանի համար պատրաստեց պղնձե ցանցակերպ կասկարան և տեղադրեց դրա շրջանակի տակ՝ ներքևից մինչև նրա բարձրության կես չափը:
5. Եվ այդ պղնձե կասկարայի չորս անկյուններին չորս օղակներ ձուլեց՝ դրանց միջով ձողեր անցկացնելու համար:
6. Եվ ձողերը պատրաստեց սատիմի փայտից ու դրանք պատեց պղնձով:
7. Եվ ձողերն անցկացրեց զոհասեղանի կողքերին գտնվող օղակների միջով, դրանցով այն վերցնելու համար: Այն պատրաստեց տախտակներից՝ մեջը դատարկ:

Պղնձե ավազանը

8. Եվ պղնձե ավազանն ու դրա պղնձե պատվանդանը պատրաստեց վկայության խորանի մուտքի մոտ խմբերով հավաքված կանանց հայելիներից 7՝ արտացոլող պղնձից:
9. Եվ կառուցեց գավիթը. դեպի հարավ՝ հարավային կողմի համար պատրաստեց հարյուր կանգուն երկարությամբ նուրբ բեհեզյա վարագույրներ:
10. Դրանց սյուները քսան հատ էին, դրանց պղնձե խարիսխները՝ քսան հատ: Սյուների բևեռներն ու դրանց ճանկերն արծաթից էին:
11. Եվ հյուսիսային կողմի վարագույրներն ունեին հարյուր կանգուն երկարություն: Սյուները քսան հատ էին, և դրանց պղնձե խարիսխները՝ քսան հատ: Սյուների բևեռները և դրանց ճանկերն արծաթից էին:
12. Եվ արևմտյան կողմի վարագույրներն ունեին հիսուն կանգուն երկարություն: Դրանց սյուները տասը հատ էին, և դրանց խարիսխները՝ տասը հատ: Սյուների բևեռները և դրանց ճանկերն արծաթից էին:
13. Եվ դեպի արևելք՝ արևելյան կողմի վարագույրներն ունեին հիսուն կանգուն երկարություն:
14. Մեկ կողմի վարագույրները տասնհինգ կանգուն երկարություն ունեին, դրանց սյուները երեք հատ էին, խարիսխները՝ երեք հատ:
15.Մյուս կողմի համար էլ, այսինքն՝ գավթի մուտքի այս ու այն կողմերից, վարագույրները տասնհինգ կանգուն երկարություն ունեին: Դրանց սյուները երեք հատ էին, և դրանց խարիսխները՝ երեք հատ:
16. Գավթի չորս կողմերի վարագույրները մանած նրբահյուս բեհեզից էին:
17. Սյուների խարիսխները պղնձից էին, սյուների բևեռները և դրանց ճանկերը՝ արծաթից, դրանց խոյակները՝ արծաթապատ: Գավթի բոլոր սյուները միմյանց կցված էին արծաթե կապերով:
18. Եվ գավթի մուտքի վարագույրը պատկերազարդ էր՝ պատրաստված կապույտ, ծիրանագույն և մուգ կարմիր կտավներից ու մանած նրբահյուս բեհեզից: Դրա երկարությունը քսան կանգուն էր, ամբողջ լայնքի բարձրությունը՝ հինգ կանգուն, գավթի վարագույրների նման:
19. Եվ դրանց սյուները չորս հատ էին, դրանց պղնձե խարիսխները՝ չորս հատ, դրանց բևեռները՝ արծաթից, դրանց խոյակները՝ արծաթապատ, և կապերը՝ արծաթից:
20. Եվ խորանի ու գավթի չորս կողմերի բոլոր ցցերը պղնձից էին:
21. Ահա այն ամենը, ինչ պահանջվել է խորանի, այսինքն վկայության խորանի համար, որը ղևտացիների սպասավորության համար հաշվարկեց Ահարոնի որդի Իթամարը, ինչպես պատվիրել էր Մովսեսը:
22. Եվ Հուդայի ցեղից Բեսելիելը, ով Ովրի որդի Ուրիի որդին էր, արեց այն ամենը, ինչ Տերը պատվիրեց Մովսեսին:
23. Եվ նրա հետ էր Դանի ցեղից Աքիսամայի որդի Ոհողիաբը, ով փորագրիչ էր, հմուտ արհեստավոր և կապույտ, ծիրանագույն ու մուգ կարմիր կտավների և նրբահյուս բեհեզի վրա նկարազարդող:

Ժողովրդի ընծայած ոսկին, արծաթը և պղինձը

24. Ամբողջ ոսկին, որ օգտագործվեց այս շինության համար, այսինքն՝ սրբարանի ամբողջ կառուցման համար նվիրված ոսկին, կշռում էր քսանինը տաղանդ և յոթ հարյուր երեսուն սիկղ՝ ըստ սրբարանի սիկղի։
25. Մարդահամար անցած ժողովրդի բերած արծաթը կշռում էր հարյուր տաղանդ և հազար յոթ հարյուր յոթանասունհինգ սիկղ՝ ըստ սրբարանի սիկղի:
26. Մարդագլուխը տվեց կես սիկղ: Այսինքն ՝ մարդահամար անցած յուրաքանչյուր քսան տարեկան և ավելի բարձր անձը, որ կազմում էր վեց հարյուր երեք հազար հինգ հարյուր հիսուն մարդ, տվեց սիկղի կեսը՝ ըստ սրբարանի սիկղի:
27. Եվ օգտագործվեց հարյուր տաղանդ արծաթ՝ սրբարանի խարիսխները և վարագույրների խարիսխները ձուլելու համար. հարյուր տաղանդ՝ հարյուր խարիսխների համար և մեկ տաղանդ՝ մեկ խարսխի համար:
28. Եվ այն հազար յոթ հարյուր յոթանասունհինգ սիկղ արծաթից պատրաստեց սյուների բևեռները, արծաթապատեց դրանց խոյակները ու կապեց դրանք:
29. Եվ նվիրված պղինձը կշռում էր յոթանասուն տաղանդ ու երկու հազար չորս հարյուր սիկղ:
30. Եվ դրանով պատրաստեց վկայության խորանի մուտքի խարիսխները, պղնձե զոհասեղանը, դրա պղնձե կասկարան և զոհասեղանի բոլոր գործիքները,
31. Գավթի չորս կողմերի խարիսխները, գավթի մուտքի խարիսխները, վրանի բոլոր ցցերը և գավթի չորս կողմերի բոլոր ցցերը: