Գիրք` 2. Ելք

Գլուխ 8

Պատուհասները
Գորտեր

   
1. Եվ Տերն ասաց Մովսեսին. «Գնա՛ փարավոնի մոտ ու ասա՛ նրան. “Այսպես է ասում Տերը. "Արձակի՛ր Իմ ժողովրդին, որ նա պաշտի Ինձ:
2. Եվ եթե չուզենաս արձակել, ահա Ես քո ամբողջ սահմանները կպատուհասեմ գորտերով:
3. Գետը կլցվի շատ գորտերով, դրանք դուրս կգան և կմտնեն քո տունը, քո ննջարանը, քո անկողինը, քո ծառաների տները, քո ժողովրդի մեջ, քո թոնիրների և խմորի տաշտերի մեջ:
4. Եվ գորտերը կելնեն քեզ վրա, քո ժողովրդի ու քո բոլոր ծառաների վրա "”»:
5. Եվ Տերն ասաց Մովսեսին. «Այսպես ասա Ահարոնին. “Քո գավազանով մեկնի՛ր ձեռքդ առուների վրա, գետերի ու լճերի վրա ու գորտեր դուրս բեր Եգիպտոսի երկրի վրա”»:
6. Եվ Ահարոնը մեկնեց իր ձեռքը Եգիպտոսի ջրերի վրա, և գորտեր ելան ու ծածկեցին Եգիպտոսի երկիրը:
7. Եվ մոգերն էլ այդպես արեցին իրենց կախարդություններով ու Եգիպտոսի երկրի վրա գորտեր դուրս բերեցին:
8. Եվ փարավոնը կանչեց Մովսեսին ու Ահարոնին և ասաց. «Աղաչեցե՛ք Տիրոջը, որ ինձանից ու իմ ժողովրդից հեռացնի գորտերին, և ես կարձակեմ ժողովրդին, որ Տիրոջը զոհ մատուցեն»:
9. Եվ Մովսեսն ասաց փարավոնին. «Ժամանակ որոշիր ինձ համար, թե երբ աղաչեմ քեզ, քո ծառաների և ժողովրդիդ համար, որ քեզանից և քո տներից անհետանան գորտերը և միայն գետի մեջ լինեն»:
10. Եվ նա ասաց. «Վաղը»: Նա էլ ասաց. «Թող լինի՝ ինչպես ասացիր, որպեսզի իմանաս, թե չկա մեր Տեր Աստծո նման մեկը:
11. Եվ քեզանից, քո տներից, քո ծառաներից ու քո ժողովրդից գորտերը կհեռանան և միայն գետի մեջ կմնան»:
12. Եվ Մովսեսն ու Ահարոնը դուրս եկան Փարավոնի մոտից: Եվ Մովսեսն աղաղակեց Տիրոջը այն գորտերի համար, որ բերել էր փարավոնի վրա:
13. Եվ Տերն արեց այնպես, ինչպես ասաց Մովսեսը. գորտերը սատկեցին տներում, բակերում, արտերում,
14. Եվ կույտ-կույտ հավաքեցին դրանց: Երկրում գարշահոտություն տարածվեց:
15. Սակայն երբ փարավոնը տեսավ, որ նեղությունն անցավ, խստացրեց իր սիրտը, և չլսեց նրանց, ինչպես որ ասել էր Տերը:
Ոջիլներ
16. Եվ Տերն ասաց Մովսեսին. «Ասա՛ Ահարոնին. “Մեկնի՛ր գավազանդ և հարվածի՛ր գետնին, որ ոջիլ լինի Եգիպտոսի ամբողջ երկրի վրա”» :
17. Եվ այդպես արեցին. Ահարոնը գավազանով մեկնեց իր ձեռքն ու հարվածեց գետնին, և ոջիլներ առաջացան մարդկանց և անասունների վրա, Եգիպտոսի ողջ երկրի վրա գետնի ամբողջ հողը ոջիլ դարձավ:
18. Եվ մոգերն էլ իրենց կախարդություններով արեցին այնպես, որ ոջիլներ առաջացնեն, բայց չկարողացան: Եվ այսպես մարդկանց և անասունների վրա ոջիլ եղավ:
19. Եվ մոգերն ասացին փարավոնին. «Սա Աստծո մատն է», սակայն փարավոնի սիրտը կարծրացավ և չլսեց նրանց, ինչպես որ ասել էր Տերը:
   
Շնաճանճեր
   
20. Եվ Տերն ասաց Մովսեսին. «Վաղ առավոտյան վե՛ր կաց, կանգնի՛ր փարավոնի առաջ (ահա նա դուրս է գալիս և գնում է դեպի գետը) և ասա՛ նրան. “Այսպես է ասում Տերը. "Արձակի՛ր Իմ ժողովրդին, որ նրանք պաշտեն Ինձ:
21. Իսկ եթե չարձակես Իմ ժողովրդին, ահա Ես քեզ վրա, քո ծառաների վրա, քո ժողովրդի վրա եւ քո տների վրա շնաճանճ կուղարկեմ: Շնաճանճերը կլցվեն եգիպտացիների տները, ինչպես նաև այն երկիրը, որի վրա նրանք բնակվում են:
22. Եվ այդ օրը կառանձնացնեմ Գեսեմի երկիրը, որտեղ բնակվում է Իմ ժողովուրդը, ու այնտեղ շնաճանճ չի լինի, որպեսզի իմանաս, որ Ես եմ ողջ երկրի Տերը:
23. Եվ խտրություն կդնեմ Իմ ժողովրդի ու քո ժողովրդի միջև: Վաղն այս նշանը կլինի քո երկրում"”»:
24. Եվ Տերն այդպես արեց. շատ շնաճանճ եկավ փարավոնի տան և նրա ծառաների տների ու Եգիպտոսի ամբողջ երկրի վրա: Եվ շնաճանճի պատճառով երկիրն ապականվեց:
25. Եվ փարավոնը կանչեց Մովսեսին ու Ահարոնին և ասաց. «Գնացե՛ք և այս երկրի մեջ զոհ մատուցեք ձեր Աստծուն»:
26. Եվ Մովսեսն ասաց. «Պատշաճ չէ այդպես անել, որովհետև այդ դեպքում եգիպտացիների համար գարշելի եղածը կզոհաբերենք Տիրոջը՝ մեր Աստծուն: Եվ եթե եգիպտացիների աչքի առաջ զոհաբերենք իրենց համար գարշելին, մի՞թե նրանք մեզ չեն քարկոծի:
27. Մենք երեք օրվա ճանապարհ կգնանք անապատի մեջ և զոհ կմատուցենք մեր Տեր Աստծուն, ինչպես որ Նա կասի մեզ»:
28. Եվ փարավոնն ասաց. «Ես կարձակեմ ձեզ, որ գնաք և անապատում զոհ մատուցեք ձեր Տեր Աստծուն, միայն թե հեռու չգնաք: Արդ, աղոթեք նաև ինձ համար»:
29. Եվ Մովսեսն ասաց. «Ահա երբ դուրս գամ քո մոտից, կգնամ և կաղաչեմ Տիրոջը, որ վաղը փարավոնից, նրա ծառաներից և նրա ժողովրդից հեռանա շնաճանճը, միայն թե փարավոնը թող այլևս չխաբի և չարգելի ժողովրդին, որ Տիրոջը զոհ մատուցի»:
30. Մովսեսը դուրս եկավ փարավոնի մոտից և աղաչեց Տիրոջը:
31. Եվ Տերն արեց Մովսեսի խոսքի համաձայն. հեռացրեց շնաճանճը փարավոնից, նրա ծառաներից, նրա ժողովրդից, և մեկ հատ էլ չմնաց:
32. Եվ փարավոնն այս անգամ էլ խստացրեց իր սիրտը և չարձակեց ժողովրդին: