Օրենքներ գողության և այլ հանցանքների մասին
1. Եթե մեկն արջառ կամ ոչխար գողանա և մորթի կամ վաճառի դրան, պետք է մեկ արջառի դիմաց հինգ արջառ և մեկ ոչխարի դիմաց չորս ոչխար հատուցի:
2. Եթե մի գող գտնվի տան պատին անցք բացելիս, և հարվածեն նրան ու նա մեռնի, նրա արյան համար չպետք է պահանջվի:
3. Եթե արևն արդեն ծագել է նրա վրա, ապա պետք է հատուցվի նրա արյան համար: Գողը պետք է ամբողջը հատուցի, իսկ եթե ոչինչ չունի, այնժամ նա պետք է վաճառվի իր գողացածի դիմաց:
4. Եթե գողացածն իր ձեռքին ողջ գտնվի, լինի թե՛ եզ, թե՛ էշ և թե՛ ոչխար, պետք է կրկնակին հատուցի:
5. Եթե մեկը վնաս պատճառի մեկի արտին կամ այգուն՝ թույլ տալով, որ իր անասունն արածի ուրիշի արտում, պետք է հատուցի իր արտի և իր այգու ամենալավ բերքից:
6. Եթե կրակի բոց առաջանա ու այն կպչի փշերին և այրի դիզված ցորենի խրձերը կամ չհնձված ցորենը կամ արտը, ապա կրակ գցողը թող հատուցի այրվածի դիմաց:
7. Եթե մեկն իր հարևանին ի պահ տա դրամ կամ կարասի, և եթե դրանք գողանան այդ մարդու տնից, երբ գողը գտնվի, նա պետք է կրկնակի հատուցի:
8. Եթե գողը չգտնվի, տան տերը պետք է դատավորների մոտ տարվի՝ վկայելու, որ իր ձեռքը հարևանի ունեցվածքին չի դիպել:
9. Բոլոր տեսակի վիճաբանությունների դեպքում թե՛ եզան, թե՛ էշի, թե՛ ոչխարի, թե՛ հանդերձի համար, ամեն տեսակի կորած իրերի համար եթե մեկն ասի, թե դա իրենն է, երկուսի դատը պետք է անեն դատավորները: Եվ եթե դատավորները գտնեն մեղավորին, թող նա կրկնակի հատուցի իր հարևանին:
10. Եթե մեկն իր հարևանին էշ կամ եզ կամ ոչխար կամ մի անասուն ի պահ տա, և եթե նա սատկի կամ վնասվի կամ էլ հափշտակվի ու տեսնող չլինի,
11. Այնժամ երկուսի միջև թող Տիրոջ անունով երդում լինի, որ չի դիպել իր հարևանին ունեցվածքին: Եվ դրա տերը պետք է ընդունի երդումը, իսկ նա պիտի չհատուցի:
12. Բայց եթե իրապես գողացել է իր մոտից, պետք է հատուցի նրա տիրոջը:
13. Եթե հոշոտվել է գազանի կողմից, թող վկայություն բերի և հոշոտվածի դիմաց չհատուցի:
14. Եվ եթե մեկն իր հարևանից անասուն փոխ առնի, և դա վնասվի կամ սատկի, ու նրա տերն իր հետ չլինի, պետք է անպատճառ ինքը հատուցի:
15. Բայց եթե նրա տերն իր հետ է եղել, պետք է չհատուցի: Իսկ եթե դա վարձով էր վերցրել, պետք է վարձը հատուցման փոխարեն լինի:
16. Եթե մեկը խաբի չնշանված աղջկա ու պառկի նրա հետ, անպատճառ պիտի տա նրա օժիտը և նրան կնության առնի:
17. Եթե նրա հայրը բնավ չուզենա իր դստերը տալ նրան, ապա խաբողը պիտի կույսերի օժիտի չափով դրամ վճարի:
18. Թույլ չտաս, որ կախարդն ապրի:
19. Ամեն ոք, ով կպառկի անասունի հետ, անշուշտ պիտի մեռնի:
20. Տիրոջից զատ այլ աստվածներին զոհ մատուցողը պիտի կորստյան մատնվի:
21. Օտարականին մի՛ չարչարիր և նրան նեղություն մի՛ պատճառիր, որովհետև դուք ևս օտարական էիք Եգիպտոսի երկրում:
22. Որբևայրուն և որբին բնավ մի՛ չարչարեք:
23. Եթե նրան չարչարես, և նա Ինձ բողոքի, անշուշտ պիտի լսեմ նրա աղաղակը:
24. Այնժամ կբորբոքվի Իմ բարկությունը ու Ես ձեզ կսպանեմ սրով, ձեր կանայք որբևայրի և ձեր որդիներն էլ որբ կլինեն:
25. Եթե Իմ ժողովրդից քեզ մոտ եկած մի աղքատի դրամ փոխ տաս, վաշխառուի պես մի՛ եղիր նրա հանդեպ, և նրա վրա վաշխ մի՛ դիր:
26. Եթե գրավ առնես քո հարևանի հանդերձը, ապա մինչև արևի մայր մտնելը այն վերադարձրու,
27. Որովհետև միայն դա է նրա ծածկոցը, իր մարմնի հանդերձն է այն, ինչո՞վ պիտի պառկի: Եվ եթե նա Ինձ աղաղակի, կլսեմ, որովհետև Ես ողորմած եմ:
28. Դատավորներին մի՛ հայհոյիր և քո ժողովրդի իշխանին մի՛ անիծիր:
29. Քո արմտիքի և քո հնձանի երախայրիքը մի՛ ուշացրու: Ինձ պիտի տաս քո որդիների անդրանիկներին:
30. Քո եզան ու ոչխարին էլ այսպես անես. յոթ օր թող իր մոր հետ լինի, և ութերորդ օրը՝ դրան Ինձ պիտի տաս:
31. Եվ դուք սուրբ մարդիկ պետք է լինեք ինձ համար: Դաշտում հոշոտվածի միսը պիտի չուտեք, այն շներին պիտի գցեք:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: