Գիրք` 2. Ելք

Գլուխ 27

Ողջակեզի սեղանը
   
1. Եվ զոհասեղանը կպատրաստես սատիմի փայտից, որի երկարությունը պետք է լինի հինգ կանգուն, և լայնությունը՝ հինգ կանգուն: Զոհասեղանը պետք է քառակուսի լինի՝ երեք կանգուն բարձրությամբ:
2. Եվ նրա չորս անկյուններում զոհասեղանին միաձույլ եղջյուրներ կշինես ու դրանք կպատես պղնձով:
3. Եվ զոհասեղանի մոխիրը հավաքելու համար կպատրաստես անոթներ, նաև դրա համար թիեր, կոնքեր, մսահան գործիքներ, կրակարաններ: Այդ ամբողջ սպասքը կպատրաստես պղնձից:
4. Եվ դրա համար պղնձից մի ցանցակերպ կասկարա կպատրաստես, և ցանցի չորս անկյուններում պղնձե չորս օղակներ կդնես:
5. Եվ ցանցը ներքևից կդնես զոհասեղանի շրջանակի տակ այնպես, որ այն լինի զոհասեղանի մեջտեղում:
6. Եվ զոհասեղանի համար ձողեր կպատրաստես: Ձողերը պետք է լինեն սատիմի փայտից: Դրանք կպատես պղնձով:
7. Եվ ձողերը պետք է անցնեն օղակների միջով. ձողերը պետք է լինեն զոհասեղանի երկու կողքերին, այն դրանցով վերցնելու համար:
8. Այն կպատրաստես փայտից, մեջը՝ դատարկ: Ինչպես որ քեզ ցույց տրվեց լեռան վրա, այդպես կպատրաստես:
   
Վրանի գավիթը
   
9. Եվ վրանի գավիթը կշինես հարավային կողմում, գավթի վարագույրները պետք է լինեն մանված նրբահյուս բեհեզից, որի մեկ կողմի երկարությունը պետք է հարյուր կանգուն լինի:
10. Եվ դրա քսան սյուները և դրանց քսան խարիսխները պետք է պղնձից լինեն, իսկ սյուների բևեռները և դրանց ճանկերը՝ արծաթից:
11. Եվ հյուսիսային կողմի վարագույրների երկարությունը նույնպես պետք է լինի հարյուր կանգուն: Եվ դրա քսան սյուները և դրանց քսան խարիսխները պետք է պղնձից լինեն, իսկ սյուների բևեռները և դրանց ճանկերը՝ արծաթից:
12. Եվ արևմտյան կողմում՝ գավթի լայնությամբ, վարագույրներ պատրաստիր հիսուն կանգուն չափով: Դրանց սյուները պետք է լինեն տասը հատ, խարիսխները՝ տասը հատ:
13. Դեպի արևելք՝ արևելյան կողմում, գավթի լայնությունը պետք է հիսուն կանգուն լինի:
14. Մեկ կողմի համար վարագույրներ պատրաստիր տասնհինգ կանգուն երկարությամբ: Դրանց սյուները թող լինեն երեք հատ, խարիսխները՝ երեք հատ:
15. Եվ մյուս կողմի համար վարագույրներ պատրաստիր տասնհինգ կանգուն երկարությամբ: Դրանց սյուները թող լինեն երեք հատ, խարիսխները՝ երեք հատ:
16. Եվ գավթի մուտքի համար քսան կանգուն երկարությամբ մի նախշազարդ վարագույր պատրաստիր կապույտ, ծիրանագույն, մուգ կարմիր կտավներից և նրբահյուս բեհեզից: Դրանց սյուները թող լինեն չորս հատ, խարիսխները՝ չորս հատ:
17. Գավթի շուրջբոլորն եղած սյուները պետք է արծաթե կարթերով լինեն, դրանց բևեռները լինեն արծաթից, և դրանց խարիսխները՝ պղնձից:
18. Գավթի երկարությունը պետք է լինի հարյուր կանգուն, լայնությունը՝ բոլոր տեղերում հիսուն, և բարձրությունը՝ հինգ կանգուն: Վարագույրները պետք է լինեն նրբահյուս բեհեզից, իսկ դրանց խարիսխները՝ պղնձից:
19. Վրանի ամբողջ ծառայությանն անհրաժեշտ բոլոր պարագաները, նրա բոլոր ցցերը, և գավթի բոլոր ցցերը պետք է պղնձից լինեն:
   
Սուրբ յուղը
   
20. Եվ դու պատվիրի՛ր Իսրայելի որդիներին, որ լույսի համար քեզ բերեն մամլած, մաքուր ձիթայուղ, որ մշտապես ճրագ վառվի:
21. Թող Ահարոնը և նրա որդիները վկայության խորանում՝ վկայության խորանի առաջին վարագույրի դրսի կողմում, երեկոյից մինչև առավոտ Տիրոջ առջև ճրագը վառ պահեն: Եվ սա թող Իսրայելի որդիների կողմից հավիտենական կանոն լինի իրենց սերունդների մեջ: