Գիրք` 2. Ելք

Գլուխ 4

Աստված Մովսեսին հրաշագործության շնորհ է տալիս
   
1. Եվ Մովսեսը պատասխանեց ու ասաց. «Բայց ահա նրանք ինձ չեն հավատա ու ոչ էլ կլսեն, որովհետև կասեն, թե՝ “Տերը քեզ չի երևացել”»:
2. Եվ Տերն ասաց նրան. «Այդ ի՞նչ է քո ձեռքում»: Եվ նա պատասխանեց. «Գավազան»:
3. Եվ Տերն ասաց. «Դա ցած՝ գետին գցի՛ր»: Եվ նա գետին գցեց, ու այն օձ դարձավ: Եվ Մովսեսը փախավ նրա առջևից:
4. Եվ Տերն ասաց Մովսեսին. «Ձեռքդ մեկնի՛ր և պոչից բռնի՛ր»: Եվ նա մեկնեց իր ձեռքը, բռնեց, և օձը գավազան եղավ նրա ձեռքում:
5. «Սրանով պիտի հավատան, որ իրենց հայրերի Տեր Աստվածը՝ Աբրահամի Աստվածը, Իսահակի Աստվածը և Հակոբի Աստվածը, երևացել է քեզ»:
6. Եվ Տերը դարձյալ ասաց նրան. «Այժմ ձեռքդ ծոցդ տար»: Եվ նա իր ձեռքը ծոցը տարավ ու դուրս հանեց. ահա ձեռքը ձյունի պես սպիտակեց ու բորոտի պես եղավ:
7. Եվ ասաց. «Ձեռքդ դարձյալ ծոցդ տար»: Եվ նա դարձյալ ձեռքը ծոցը տարավ ու ծոցից հանեց, և ահա իր մարմնի պես եղավ:
8. «Եթե քեզ չհավատան ու ականջ չդնեն առաջին նշանի ձայնին, այնժամ կհավատան մյուս նշանի ձայնին:
9. Իսկ եթե չհավատան այս երկու նշաններին ու քո ձայնին էլ ականջ չդնեն, այնժամ կվերցնես գետի ջրից ու կթափես ցամաքի վրա, և գետից վերցրած այդ ջուրը ցամաքի վրա արյուն կդառնա»:
10. Եվ Մովսեսն ասաց Տիրոջը. «Ո՜հ, Տե՛ր իմ, ես ճարտարախոս չեմ, ու այդպես եմ եղել թե՛ երեկ, թե՛ մեկ օր առաջ, թե՛ Քո ծառայի հետ խոսելիս, ես ծանրախոս և ծանրալեզու եմ»:
11. Եվ Տերն ասաց նրան. «Ո՞վ է մարդուն բերան տվել, կամ ո՞վ է ստեղծում համրին, խուլին, աչք ունեցողին կամ կույրին, եթե ոչ Ես՝ Տերս:
12. Եվ այժմ գնա՛, Ես կբացեմ քո բերանը ու կսովորեցնեմ, թե ինչ խոսես»:
13. Եվ նա ասաց. «Ո՜հ, Տե՛ր իմ, աղաչում եմ, ուղարկիր մեկ ուրիշի, ով կկարողանա պատգամել Քո խոսքը»:
14. Եվ Տիրոջ բարկությունը բորբոքվեց Մովսեսի դեմ ու ասաց. «Մի՞թե Ես չեմ ճանաչում քո եղբայր Ահարոնին՝ ղևտացուն, ով ճարտարախոս է: Ահա նա դուրս է գալիս քեզ դիմավորելու, և երբ տեսնի քեզ, սրտանց կուրախանա:
15. Եվ դու խոսի՛ր նրա հետ ու խոսքեր դի՛ր նրա բերանում: Ես կբացեմ քո բերանը և նրա բերանը ու ձեզ կսովորեցնեմ, թե ինչ պիտի անեք:
16. Եվ քո փոխարեն նա կխոսի ժողովրդի հետ: Նա քեզ համար կլինի որպես բերան, իսկ դու նրա համար՝ որպես աստված:
17. Եվ ձեռքդ վերցրու այս գավազանը, որպեսզի դրանով նշաններ անես»:
   
Մովսեսը դարձյալ Եգիպտոս է գնում
   
18. Եվ Մովսեսը գնաց: Նա եկավ իր աներոջ՝ Հոթորի մոտ և ասաց նրան. «Թող գնամ Եգիպտոսում գտնվող իմ եղբայրների մոտ, որ տեսնեմ, թե նրանք դեռևս ո՞ղջ են ու վերադառնամ»: Եվ Հոթորն ասաց Մովսեսին. «Գնա՛ խաղաղությամբ»:
19. Եվ Տերը Մադիամում ասաց Մովսեսին. «Գնա՛, վերադարձի՛ր Եգիպտոս, որովհետև մեռան այն բոլոր մարդիկ, ովքեր ուզում էին խլել քո կյանքը»:
20. Եվ Մովսեսն առավ իր կնոջն ու որդիներին, նրանց նստեցրեց էշի վրա ու վերադարձավ Եգիպտոսի երկիրը: Եվ Մովսեսն Աստծո գավազանն իր ձեռքն առավ:
21. Եվ Տերն ասաց Մովսեսին. «Երբ վերադառնաս Եգիպտոս, տե՛ս, որ փարավոնի առաջ անես այն բոլոր հրաշքները, որոնք Ես շնորհեցի քո ձեռքին: Ես կխստացնեմ նրա սիրտը, ու նա չի արձակի ժողովրդին:
22. Եվ ասա՛ փարավոնին. “Այսպես է ասում Տերը. Իսրայելն Իմ որդին է՝ Իմ անդրանիկը:
23. Ասում եմ քեզ՝ արձակի՛ր Իմ որդուն, որ նա պաշտի Ինձ: Իսկ եթե չկամենաս արձակել, ահա Ես կսպանեմ քո որդուն՝ քո առաջնեկին”»:
24. Եվ ճանապարհին՝ մի իջևանում, Տերը հանդիպեց Մովսեսին ու կամեցավ սպանել նրան:
25. Սեպփորան մի սուր քար վերցրեց, թլփատեց իր անթլփատ որդուն և թլիփը նրա ոտքերի մոտ գցեց՝ ասելով. «Դու ինձ համար մի արյունոտ ամուսին ես»:
26. Այդպես Տերը թողեց նրան: Եվ այդժամ Սեպփորան թլփատության պատճառով ասաց՝ արյունոտ ամուսին:
27. Եվ Տերն ասաց Ահարոնին. «Գնա՛ անապատ՝ Մովսեսին ընդառաջ»: Եվ նա գնաց, Աստծո լեռան վրա հանդիպեց նրան և համբուրեց:
28. Եվ Մովսեսն Ահարոնին հայտնեց Տիրոջ բոլոր խոսքերը, Ով ուղարկել էր իրեն, նաև այն բոլոր նշանների մասին, որ պատվիրեց իրեն:
29. Եվ Մովսեսն ու Ահարոնը գնացին և հավաքեցին Իսրայելի որդիների բոլոր ծերերին:
30. Եվ Ահարոնը նրանց հայտնեց Տիրոջ այն բոլոր խոսքերը, որ ասել էր Մովսեսին ու նշաններ ցույց տվեց ժողովրդի առաջ:
31. Եվ ժողովուրդը հավատաց: Երբ լսեցին, որ Տերն այցելություն է արել Իսրայելի որդիներին՝ տեսնելով նրանց նեղությունները, խոնարհվեցին ու երկրպագություն արեցին: