Ժանտախտը
1. Եվ Տերն ասաց Մովսեսին. «Գնա՛ փարավոնի մոտ, խոսի՛ր նրա հետ ու ասա՛, թե այսպես է ասում եբրայեցիների Տեր Աստվածը. “Արձակի՛ր Իմ ժողովրդին, որ նրանք պաշտեն Ինձ:
2. Որովհետև եթե չուզենաս արձակել և շարունակես ամուր պահել նրանց,
3. Ահա Տիրոջ ձեռքը կիջնի քո դաշտում եղած հոտերի վրա, ձիերի, էշերի, ուղտերի, արջառների ու ոչխարների վրա, և շատ մեծ կոտորած կլինի:
4. Տերը կառանձնացնի Իսրայելի հոտերը և Եգիպտոսի հոտերը, և Իսրայելի որդիների ոչ մի անասուն չի սատկի”»:
5. Եվ Տերը ժամանակ սահմանեց՝ ասելով. «Վաղը Տերն այդ բանը պիտի անի երկրի վրա»:
6. Եվ հաջորդ օրը Տերն արեց այդ բանը. եգիպտացիների բոլոր հոտերը սատկեցին, բայց Իսրայելի որդիների հոտերից մեկ հատ էլ չսատկեց:
7. Եվ փարավոնը մարդ ուղարկեց ու տեսավ, որ ահա Իսրայելի հոտերից մեկն անգամ չէր սատկել: Եվ փարավոնի սիրտը խստացավ ու չարձակեց ժողովրդին:
Պալարներն ու խոցերը
8. Եվ Տերն ասաց Մովսեսին ու Ահարոնին. «Ձեր ձեռքերում լիքը հնոցի մոխիր լցրեք, և թող փարավոնի առաջ Մովսեսը ցրի այն դեպի երկինք:
9. Եգիպտոսի ամբողջ երկրի վրա փոշի կլինի, և Եգիպտոսի ամբողջ երկրի մարդկանց և անասունների վրա պալարներ առաջացնող խոցեր կլինեն»:
10. Եվ վերցրին հնոցի մոխիրը, կանգնեցին փարավոնի առաջ, և Մովսեսը ցրեց այն դեպի երկինք: Եվ մարդկանց ու անասունների վրա պալարներ առաջացնող խոցեր գոյացան:
11. Եվ խոցերի պատճառով մոգերը չկարողացան կանգնել Մովսեսի առաջ, որովհետև խոցեր առաջացան թե՛ մոգերի և թե՛ բոլոր եգիպտացիների վրա:
12. Եվ Տերը կարծրացրեց փարավոնի սիրտը, ու նա չլսեց նրանց, ինչպես որ Տերն ասել էր Մովսեսին:
Կարկուտը
13. Եվ Տերն ասաց Մովսեսին. «Վաղ առավոտյան վե՛ր կաց, գնա՛ և կանգնի՛ր փարավոնի առաջ ու ասա՛ նրան. “Այսպես է ասում եբրայեցիների Տեր Աստվածը. "Արձակի՛ր Իմ ժողովրդին, որ պաշտեն Ինձ,
14. Որովհետև այս անգամ Իմ բոլոր հարվածները պիտի ուղղեմ քեզ վրա, քո ծառաների և քո ժողովրդի վրա, որպեսզի իմանաս, որ ամբողջ երկրի մեջ չկա Ինձ նմանը,
15. Այժմ Ես կմեկնեմ Իմ ձեռքը և ժանտախտով կհարվածեմ քեզ ու քո ժողովրդին, և դու կվերանաս երկրի երեսից:
16. Եվ քեզ պահեցի հենց այն պատճառով, որպեսզի Իմ զորությունը ցույց տամ քեզանով, և Իմ անունը հայտնի լինի ամբողջ երկրով մեկ:
17. Դու դեռևս դեմ ես դուրս գալիս Իմ ժողովրդին, որ չարձակե՞ս նրանց:
18. Ահա վաղը՝ այս ժամին, Ես ուժգին կարկուտ կտեղացնեմ, որի նմանը չի եղել Եգիպտոսում իր հաստատման օրից մինչև հիմա:
19. Եվ այժմ մարդ ուղարկի՛ր և հավաքի՛ր հոտերդ ու այն ամենը, ինչ որ ունես դաշտում, որովհետև ամեն մարդ ու անասուն, որ կգտնվեն դաշտում և չեն լինի տներում, նրանց վրա կարկուտ կտեղա, և նրանք կվերանան"”»:
20. Եվ փարավոնի այն ծառաները, ովքեր երկյուղ ունեին Տիրոջ խոսքից, իր ծառաներին ու հոտերը հավաքեցին տներում:
21. Եվ ով ականջ չդրեց Տիրոջ խոսքին, իր ծառաներին ու հոտերը թողեց դաշտում:
22. Եվ Տերն ասաց Մովսեսին. «Ձեռքդ դեպի երկինք մեկնիր, և կարկուտ կգա Եգիպտոսի ամբողջ երկրի վրա՝ մարդկանց ու անասունների վրա և Եգիպտոսի երկրի արտերի ողջ բուսականության վրա»:
23. Եվ Մովսեսն իր գավազանը դեպի երկինք մեկնեց: Այնժամ Տերը որոտ ու կարկուտ ուղարկեց, և երկրի վրա կրակ թափվեց: Եվ Տերը Եգիպտոսի երկրի վրա կարկուտ տեղացրեց:
24. Եվ կարկուտ եղավ, ու կարկտի հետ խառնված կրակ իջավ այնքան սաստիկ, որ Եգիպտոսի ամբողջ երկրում նմանը չէր եղել իր ազգի առաջացումից ի վեր:
25. Եվ կարկուտը հարվածեց Եգիպտոսի ամբողջ երկրին՝ դաշտում եղած ամեն մարդուց մինչև անասուն, հարվածեց դաշտի ամբողջ բուսականությանը ու կոտրատեց դաշտի բոլոր ծառերը:
26. Միայն Գեսեմի երկրում, ուր բնակվում էին Իսրայելի որդիները, կարկուտ չեղավ:
27. Եվ փարավոնը մարդ ուղարկեց, կանչեց Մովսեսին ու Ահարոնին և ասաց նրանց. «Այս անգամ մեղանչեցի, Տերն արդար է, իսկ ես ու իմ ժողովուրդը՝ մեղավոր:
28. Աղաչեցե՛ք Տիրոջը, որ դադարեն Աստծո ուղարկած որոտներն ու կարկուտը: Ես կարձակեմ ձեզ, և այլևս չեք մնա»:
29. Եվ Մովսեսն ասաց նրան. «Երբ դուրս գամ քաղաքից, ձեռքերս կտարածեմ դեպի Տերը, և կդադարեն որոտները, ու այլևս կարկուտ չի լինի, որպեսզի իմանաս, որ երկիրը Տիրոջն է:
30. Բայց ես գիտեմ, որ դու և քո ծառաները Տեր Աստծուց դեռ չեք վախենում»:
31. Եվ կտավատն ու գարին վնասվեցին, որովհետև գարին հասած էր, իսկ կտավատը՝ սերմակալած:
32. Բայց ցորենն ու հաճարը չվնասվեցին, որովհետև դրանք ուշ են բուսնում:
33. Եվ Մովսեսը դուրս եկավ փարավոնի մոտից, մտավ քաղաք, ձեռքերը տարածեց դեպի Տերը: Դադարեցին որոտներն ու կարկուտը, և երկրի վրա անձրև չտեղաց:
34. Եվ երբ փարավոնը տեսավ, որ դադարեցին անձրևը, կարկուտը և որոտները, դարձյալ մեղանչեց և խստացրեց սիրտը, ինքը և իր ծառաները:
35. Եվ այսպես կարծրացավ փարավոնի սիրտը, ու նա չարձակեց Իսրայելի որդիներին, ինպես որ Տերը պատվիրել էր Մովսեսին:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: