Գիրք` 2. Ելք

Գլուխ 11

Եգիպտոսից դուրս գալու հրամանը
   
1. Եվ Տերն ասաց Մովսեսին. «Ես մեկ հարված ևս պիտի հասցնեմ փարավոնին և Եգիպտոսին, որից հետո նա ձեզ կարձակի այստեղից: Եվ հենց որ արձակի, շուտով ձեզ այստեղից դուրս պիտի անի:
2. Հիմա խոսի՛ր ժողովրդի հետ և ասա՛ նրանց, որ ամեն այր իր մերձավորից և ամեն կին իր հարևանից արծաթե և ոսկե զարդեր խնդրի»:
3. Եվ Տերն իր ժողովրդին շնորհ տվեց եգիպտացիների առաջ: Եվ Մովսեսն էլ Եգիպտոսի երկրի մեջ շատ մեծ մարդ էր փարավոնի ծառաների և ժողովրդի աչքին:
   
Առաջնեկների մահվան սպառնալիքը
   
4. Եվ Մովսեսն ասաց. «Այսպես է ասում Տերը. “Կեսգիշերին Ես կանցնեմ Եգիպտոսի միջով,
5. Եվ Եգիպտոսի երկրում կմեռնեն բոլոր առաջնեկները՝ սկսած իր աթոռին նստած փարավոնի առաջնեկից մինչև երկանքի մոտ աշխատող աղախնու առաջնեկը, և կսատկեն բոլոր անասունների առաջնածինները:
6. Եվ Եգիպտոսի ամբողջ երկրում մեծ աղաղակ կլինի, որի նմանը չի եղել և ոչ էլ կլինի:
7. Եվ Իսրայելի որդիներից ոչ մեկի դեմ՝ մարդուց մինչև անասուն, մի շուն անգամ չի շարժելու իր լեզուն, որպեսզի իմանաք, թե Տերը ինչպես է զատորոշում եգիպտացիներին և իսրայելացիներին:
8. Եվ քո բոլոր ծառաներն Ինձ մոտ կիջնեն և կխոնարհվեն Իմ առաջ՝ ասելով. "Ելեք գնացե՛ք դու և քեզ հետևող ամբողջ ժողովուրդը": Եվ ապա ես դուրս կգնամ”»: Եվ Մովսեսը՝ լցված բարկությամբ, դուրս եկավ փարավոնի մոտից:
9. Եվ Տերն ասաց Մովսեսին. «Փարավոնը ձեզ չի լսի, որպեսզի Ես ավելի շատ հրաշքներ ցույց տամ Եգիպտոսի երկրում»:
10. Եվ Մովսեսն ու Ահարոնը փարավոնի առաջ արեցին այս բոլոր հրաշքները: Տերը կարծրացրեց փարավոնի սիրտը, և նա Իսրայելի որդիներին չարձակեց իր երկրից: