Գիրք` 2. Ելք

Գլուխ 12

Զատիկը
   
1. Եվ Տերը Եգիպտոսի երկրում խոսեց Մովսեսի ու Ահարոնի հետ՝ ասելով.
2. «Այս ամիսը թող ձեզ համար ամիսների սկիզբը լինի, թող այն ձեզ համար տարվա ամիսներից առաջինը լինի:
3. Խոսե՛ք ամբողջ ժողովրդի հետ՝ ասելով. “Այս ամսվա տասներորդ օրը թող յուրաքանչյուրն իր համար մեկ գառ առնի՝ ամեն տունը մեկ գառ՝ ըստ իրենց ընտանիքների:
4. Եվ եթե մեկ տան անդամները քիչ լինեն մեկ գառան համար, թող նա այն առնի իր տան մոտ եղած հարևանի հետ՝ ըստ իրենց անձանց թվի: Գառան համար հաշիվ արեք յուրաքանչյուրի կերածի չափով:
5. Եվ ձեր գառը պետք է լինի անարատ, արու և մեկ տարեկան: Այն կվերցնեք ոչխարներից կամ այծերից:
6. Եվ մինչև ամսվա տասնչորսերորդ օրը կպահեք, և ապա Իսրայելի ամբողջ ժողովուրդը երեկոյան դեմ թող մորթի այն:
7. Եվ թող վերցնեն դրա արյունից ու քսեն այն տան երկու կողմի դրանդիներին և վերևի սեմին, որտեղ այն պիտի ուտեն:
8. Եվ թող միսն ուտեն այդ գիշեր՝ կրակի վրա այն խորովելով, բաղարջով ուտեն և դառը խոտերով:
9. Դրանից թող չուտեն հում կամ ջրի մեջ եփած, այլ՝ կրակի վրա խորոված: Դրա գլուխը թող ոտքերով և փորոտիքով միասին ուտեն:
10. Եվ թող մինչև առավոտ դրանից ոչինչ չմնա, իսկ դրանից մնացածը մինչև առավոտ թող կրակով այրեն:
11. Եվ թող այսպես ուտեն. ձեր գոտիները թող ձեր մեջքին լինեն, ձեր կոշիկները՝ ձեր ոտքերին, և ձեր ցուպերը՝ ձեր ձեռքին: Եվ թող արագ ուտեն, դա Տիրոջ զատիկն է:
   
Առաջնեկների մահը
   
12. Եվ այդ գիշեր Ես կանցնեմ Եգիպտոսի երկրով ու կհարվածեմ Եգիպտոսի երկրի բոլոր առաջնեկներին՝ մարդուց մինչև անասուն: Եվ Եգիպտոսի բոլոր աստվածների դեմ դատաստան պիտի անեմ: Ես եմ Տերը:
13. Եվ արյունը թող ձեզ համար նշան լինի ձեր տների վրա, որտեղ դուք եք: Եվ երբ տեսնեմ արյունը, կանցնեմ ձեր կողքով, ու երբ հարվածեմ Եգիպտոսի երկրին, ձեզ վրա հարված չի գա կործանելու համար:
14. Եվ այդ օրը թող ձեզ համար հիշատակի օր լինի: Տոնե՛ք այն Տիրոջ համար, որպես հավիտենական կանոն՝ տոնե՛ք այն սերնդե-սերունդ:
15. Յոթ օր բաղարջ կերեք: Հենց առաջին օրը ձեր տներից հեռացրեք թթխմորը, որովհետև առաջին օրվանից մինչև յոթերորդ օրը թթխմորով հաց ուտող անձը կվերանա Իսրայելից:
16. Եվ թող առաջին օրը սուրբ ժողով լինի, և յոթերորդ օրը ևս թող սուրբ ժողով լինի ձեզ համար: Այդ օրերին բնավ գործ մի՛ արեք, ով ինչ պիտի ուտի, միայն ա՛յդ պատրաստեք:
17. Պահե՛ք բաղարջների տոնը, որովհետև ձեր զորքերը հենց այդ օրը դուրս բերեցի Եգիպտոսի երկրից: Այդ պատճառով սերնդե-սերունդ պահե՛ք այդ օրը՝ որպես հավիտենական կանոն:
18. Սկսած առաջին ամսվա տասնչորսերորդ օրվա երեկոյից մինչև ամսվա քսանմեկերորդ օրվա երեկոն՝ բաղարջ պիտի ուտեք:
19. Յոթ օր ձեր տներում պետք է թթխմոր չլինի, որովհետև թթխմորով հաց ուտող անձը պետք է վերանա Իսրայելի ժողովրդից, լինի օտարական, թե տեղաբնակ:
20. Թթխմորով հաց պետք է չուտեք, ձեր բոլոր բնակավայրերում բաղարջ պիտի ուտեք”»:
21. Եվ Մովսեսը կանչեց Իսրայելի բոլոր ծերերին ու ասաց նրանց. «Ընտրե՛ք և ձեր յուրաքանչյուր ընտանիքի համար գառ առե՛ք, և մորթե՛ք զատիկը:
22. Զոպայի մի փունջ առե՛ք, թաթախե՛ք կոնքի մեջ եղած արյան մեջ և դրանից քսեք դռան վերևի սեմին և երկու դրանդիներին: Եվ մինչև առավոտ թող ոչ ոք դուրս չգա իր տան շեմից:
23. Եվ Տերը պիտի անցնի եգիպտացիներին հարվածելու համար: Եվ երբ դռան սեմի և երկու դրանդիների վրա արյուն տեսնի, այնժամ Տերը կանցնի այդ դռան վրայով և թույլ չի տա սատակչին, որ մտնի ձեր տները՝ ձեզ հարվածելու համար:
24. Եվ այս բանը՝ որպես օրենք, հավիտյան կպահեք քեզ ու քո որդիների համար:
25. Եվ երբ գաք այն երկիրը, որ Տերը պիտի տա ձեզ, ինչպես որ ասել էր, այն ժամանակ կկատարեք այս պաշտամունքը:
26. Եվ եթե ձեր որդիները հարցնեն ձեզ, թե՝ «Այս ի՞նչ պաշտամունք է»:
27. Այն ժամանակ կասեք, որ սա զատկի զոհաբերությունն է Տիրոջ համար, Ով Եգիպտոսի երկրում եգիպտացիներին հարվածելիս անցավ Իսրայելի որդիների տների վրայով, ազատեց մեր տները, և ժողովուրդը խոնարհվեց ու երկրպագություն արեց»:
28. Եվ Իսրայելի որդիները գնացին ու արեցին, ինչպես որ Տերը պատվիրել էր Մովսեսին ու Ահարոնին: Նրանք այդպես արեցին:
29. Եվ կեսգիշերին Տերը Եգիպտոսի երկրում հարվածեց բոլոր առաջնեկներին՝ իր աթոռին նստած փարավոնի առաջնեկից մինչև բանտում գտնվող գերու առաջնեկը, ինչպես նաև՝ բոլոր անասունների առաջնածիններին:
30. Եվ գիշերվա մեջ վեր կացան փարավոնը, նրա ծառաներն ու բոլոր եգիպտացիները: Մեծ աղաղակ բարձրացավ Եգիպտոսի մեջ, որովհետև տուն չկար, որտեղ մեռել չլիներ:
31. Եվ գիշերը կանչեց Մովսեսին ու Ահարոնին և ասաց. «Վե՛ր կացեք և հեռացե՛ք իմ ժողովրդի միջից դուք և Իսրայելի որդիները և գնացեք պաշտե՛ք Տիրոջը, ինչպես որ ասում էիք:
32. Ձեզ հետ առե՛ք ձեր հոտերն ու արջառները, ինչպես որ ասում էիք, գնացե՛ք և ինձ էլ օրհնեցե՛ք»:
33. Եվ եգիպտացիները ստիպեցին ժողովրդին, որ շտապ այդ երկրից հեռացնեն նրանց, որովհետև ասում էին. «Ամենքս էլ կմեռնենք»:
Իսրայելացիները դուրս են գալիս
34. Եվ ժողովուրդն իրենց դեռ չհասունացած խմորը և իրենց խմորի տաշտերը՝ իրենց կտավներով փաթաթած, իրենց ուսերին առան:
35. Եվ Իսրայելի որդիներն արեցին Մովսեսի խոսքի համաձայն. եգիպտացիներից արծաթե ու ոսկե զարդեր և հանդերձներ ուզեցին:
36. Եվ Տերը ժողովրդին շնորհ տվեց եգիպտացիների առաջ, և եգիպտացիները տվեցին, ինչ որ նրանք ուզեցին: Այդպես նրանք կողոպտեցին եգիպտացիներին:
37. Եվ Իսրայելի որդիները Ռամսեսից դեպի Սոկքոթ շարժվեցին: Ընտանիքներից զատ՝ վեց հարյուր հազարի չափ հետևակ այրեր էին:
38. Եվ նրանց հետ խառը բազմություն ևս դուրս եկավ, նաև՝ ոչխարների ու արջառների շատ մեծ հոտ:
39. Եվ Եգիպտոսից իրենց դուրս բերած խմորի զանգվածից, որը դեռ չէր խմորվել, անթթխմոր շոթեր պատրաստեցին, որովհետև իրենց Եգիպտոսից հեռացնելու պատճառով չէին կարող հապաղել և իրենց համար պաշար պատրաստել:
40. Եվ Իսրայելի որդիները չորս հարյուր երեսուն տարի բնակվեցին Եգիպտոսի մեջ:
41. Եվ չորս հարյուր երեսուն տարվա վերջին օրը՝ հենց նույն օրը, Տիրոջ բոլոր զորքերը ելան Եգիպտոսի երկրից:
42. Սա հսկման մի գիշեր է Տիրոջ համար, որ նրանց դուրս բերեց Եգիպտոսի երկրից: Սա այն գիշերն է, որ Տիրոջ համար պիտի հսկեն Իսրայելի բոլոր որդիներն ու իրենց սերունդները:
43. Եվ Տերն ասաց Մովսեսին ու Ահարոնին. «Սա է զատկի կանոնը. ոչ մի օտարական դրանից պիտի չուտի:
44. Դրամով գնված յուրաքանչյուր ծառա թող ուտի դրանից միայն նրան թլփատելուց հետո:
45. Օտարականն ու վարձկանը դրանից պիտի չուտեն:
46. Մեկ տան մեջ պիտի ուտեն այն: Տնից դուրս չհանեք այդ մսից և դրա մեկ ոսկորն անգամ չկոտրեք:
47. Իսրայելի ամբողջ ժողովուրդը թող այդպես անի:
48. Եվ երբ մի օտարական քեզ մոտ պանդուխտ լինի ու Տիրոջ զատիկն անելու լինի, թող թլփատվեն նրա տան բոլոր արուները, և ապա մոտենա կատարելու համար, ու ինքը պիտի տեղաբնակի պես լինի, որովհետև անթլփատ որևէ մեկը դրանից պիտի չուտի:
49. Տեղացու և ձեր մեջ բնակվող օտարականի համար թող նույն օրենքը լինի»:
50. Եվ Իսրայելի բոլոր որդիներն այդպես արեցին: Ինչպես Տերը պատվիրեց Մովսեսին ու Ահարոնին, այդպես արեցին:
51. Եվ հենց այդ օրը Տերը Եգիպտոսի երկրից դուրս բերեց Իսրայելի որդիներին՝ իրենց զորքերով հանդերձ: