Առաջնեկների ընծայումը
1. Եվ Տերը խոսեց Մովսեսի հետ՝ ասելով.
2. «Սրբացրու Ինձ համար բոլոր առաջնեկներին՝ Իսրայելի որդիների մեջ ամեն արգանդ բացողին, լինի մարդ թե անասուն: Այն Իմն է»:
Պատվեր բաղարջի համար
3. Եվ Մովսեսն ասաց ժողովրդին. «Հիշե՛ք այս օրը, երբ դուրս եկաք Եգիպտոսից՝ ծառայության տնից, որովհետև Տերը զորավոր ձեռքով ձեզ դուրս բերեց այդտեղից: Եվ թթխմորով հաց պետք է չուտեք:
4. Դուք դուրս եք եկել այս օրը՝ Ապիպ ամսին:
5. Եվ երբ Տերը քեզ տանի քո հայրերին խոստացած քանանացիների, քետացիների, ամորհացիների, խևացիների և հեբուսացիների երկիրը, ուր կաթ ու մեղր է հոսում, այս ամսվա մեջ պիտի կատարես այս պաշտամունքը:
6. Յոթ օր պիտի բաղարջ ուտես, և յոթերորդ օրը տոն պիտի լինի Տիրոջ համար:
7. Այն յոթ օրերին բաղարջ պիտի ուտեք և ձեզ մոտ թթխմորով հաց պիտի չլինի, և ոչ էլ քեզ մոտ՝ ձեր բոլոր տարածքներում, թթխմոր պիտի չլինի:
8. Եվ այն օրը քո որդուն պիտի պատմես՝ ասելով. “Սա այն բանի համար է, որ Տերն արեց ինձ՝ իմ Եգիպտոսից դուրս գալու ժամանակ”:
9. Եվ սա քեզ համար նշան պիտի լինի ձեռքիդ վրա և հիշատակ՝ աչքերիդ միջև, որ Տիրոջ օրենքը քո բերանում լինի, որովհետև Տերը զորավոր ձեռքով քեզ դուրս բերեց Եգիպտոսից:
10. Եվ դու այս կանոնը պիտի պահես տարեցտարի՝ իր ժամանակին:
11. Եվ երբ Տերը քեզ քանանացիների երկիրը տանի, ինչպես որ խոստացել է քեզ և քո հայրերին՝ այն քեզ տալու համար,
12. Այնժամ Տիրոջ առջև կբերես յուրաքանչյուր արգանդ բացող առաջնեկին: Եվ քո ունեցած անասունների բոլոր արու առաջնածինները թող Տիրոջը լինեն:
13. Եվ էշի ամեն մի առաջնածին կփոխանակես մի ոչխարով, և եթե չփոխանակես, կկտրես նրա վիզը: Եվ քո որդիների մեջ մարդկանց բոլոր առաջնեկների համար փրկագին պիտի տաս:
14. Եվ եթե վաղը քո որդին հարցնի քեզ ու ասի. “Սա ի՞նչ է”, նրան կպատասխանես. “Տերը զորավոր ձեռքով մեզ դուրս բերեց Եգիպտոսից՝ ծառայության տնից:
15. Եվ երբ խստացավ փարավոնի սիրտը, և նա չուզեց մեզ արձակել, Տերը Եգիպտոսի երկրում բոլոր առաջնեկներին՝ մարդու առաջնեկից մինչև անասունի առաջնածինը, կոտորեց: Այդ պատճառով ես ամեն արգանդ բացող արու առաջնեկին զոհում եմ Տիրոջը և իմ որդիների յուրաքանչյուր առաջնեկի համար փրկագին տալիս”:
16. Եվ սա թող քո ձեռքի վրա նշան և աչքերի միջև ճակատանոց լինի, որովհետև Տերը զորավոր ձեռքով մեզ դուրս բերեց Եգիպտոսից»:
Ամպի ու կրակի սյունը
17. Եվ երբ փարավոնն արձակեց ժողովրդին, այնժամ Աստված նրանց չտարավ փղշտացիների երկրի ճանապարհով, թեև այն մոտ էր, որովհետև Աստված ասաց. «Միգուցե ժողովուրդը պատերազմ տեսնի, զղջա ու Եգիպտոս վերադառնա»:
18. Այլ Աստված ժողովրդին շրջանցել տվեց Կարմիր ծովի անապատի ճանապարհով, և Իսրայելի որդիները գոտեպնդված ելան Եգիպտոսի երկրից:
19. Եվ Մովսեսն իր հետ տարավ Հովսեփի նշխարները, որովհետև Իսրայելի որդիներին նա ամուր երդվել էր տվել՝ ասելով. «Աստված անպատճառ պիտի ձեզ այցելի: Այնժամ իմ ոսկորներն այստեղից ձեզ հետ դուրս կբերեք»:
20. Եվ Սոկքոթից մեկնեցին ու իջևանեցին Ոթոմի մեջ՝ անապատի եզրին:
21. Եվ Տերը գնում էր նրանց առջևից. ցերեկը գնում էր ամպի սյունով՝ նրանց ճանապարհ ցույց տալու համար, իսկ գիշերը՝ կրակի սյունով՝ նրանց լույս տալու համար, որպեսզի գնան գիշեր ու ցերեկ:
22. Ցերեկը ամպի սյունը չհեռացրեց ժողովրդի առջևից, ոչ էլ գիշերը՝ կրակի սյունը:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: