Մովսեսի օրհներգը
1. Այդ ժամանակ Մովսեսն ու Իսրայելի որդիները այս երգը երգեցին Տիրոջը՝ ասելով.
«Օրհներգում եմ Տիրոջը, որովհետև փառքով է փառավորված.
Ձիուն ու ձիավորին ծովը գցեց։
2․ Տերն իմ զորությունն ու իմ գովասանքն է
Եվ իմ փրկությունը եղավ։
Նա՛ է իմ Աստվածը, և ես կփառավորեմ նրան.
Նա իմ հոր Աստվածն է, ես կբարձրացնեմ նրան։
3. Տերը հզոր պատերազմող է.
Նրա անունը Տեր է:
4. Ծովը նետեց փարավոնի կառքերն ու նրա զորքերին,
Եվ նրա ընտիր կառամարտիկներն ընկղմվեցին Կարմիր ծովի մեջ:
5. Անդունդները ծածկեցին նրանց:
Նրանք քարի պես խորունկներն իջան:
6. Քո աջը, ո՛վ Տեր, զորությամբ է փառավորված:
Քո աջը, ո՛վ Տեր, խորտակեց թշնամուն:
7. Քո փառքի մեծությամբ խորտակեցիր Քո դեմ ելնողներին:
Առաքեցիր Քո բարկությունը և այրեցիր նրանց հարդի պես:
8. Քո շնչի փչմամբ հավաքվեցին ջրերը,
Եվ դեզի պես կանգնեցին հեղեղները,
Ու անդունդները քարացան ծովում:
9. Թշնամին ասաց. “Հալածեմ, հասնեմ,
Ավարը բաժանեմ, անձս հագենա նրանցից,
քաշեմ սուրս, ձեռքս հափշտակի նրանց”։
10. Փչեցիր Քո հողմը, ծովը ծածկեց նրանց,
Եվ կապարի պես ընկղմվեցին զորավոր ջրերի մեջ:
11. Ո՛վ Տեր, աստվածների մեջ ո՞վ կա Քեզ նման:
Ո՞վ է Քեզ նման՝ սքանչելի օրհնություններով փառավորված սրբության մեջ,
Եվ հրաշքներ գործող:
12. Մեկնեցիր Քո աջը,
Եվ երկիրը կուլ տվեց նրանց:
13. Քո ողորմությամբ առաջնորդեցիր այս ժողովրդին, որին Դու փրկեցիր
Եվ Քո զորությամբ տարար նրանց Քո սուրբ օթևանը:
14. Ժողովուրդները կլսեն ու կսարսափեն:
Ցավն է պատելու փղշտացի բնակիչներին:
15. Այնժամ կտագնապեն Եդոմի իշխանները,
Դողն է համակելու Մովաբի զորավորներին,
Եվ պիտի վհատվեն Քանանի բոլոր բնակիչները:
16. Ահն ու դողը պիտի համակի նրանց,
Քարի պես կպապանձվեն Քո բազկի զորությունից,
Մինչև որ անցնի Քո ժողովուրդը, ո՛վ Տեր,
Մինչև որ անցնի այս ժողովուրդը, որին Դու ստացար:
17. Դու կբերես նրանց, կտնկես նրանց Քո ժառանգության լեռան վրա,
Այն վայրում, որ Քո բնակության համար շինեցիր, ո՛վ Տեր,
Այն սրբարանում, Տե՛ր, որ Քո ձեռքերը շինեցին:
18. Տերը պիտի թագավորի հավիտյանս հավիտենից,
19. Որովհետև փարավոնի ձիերը նրա կառքերով և հեծյալներով ծովը մտան, ու Տերը ծովի ջրերով ծածկեց նրանց, բայց Իսրայելի որդիները ծովի միջով գնացին ցամաքի վրայով»:
20. Եվ Ահարոնի քույրը՝ Մարիամ մարգարեուհին, թմբուկը ձեռքն առավ: Եվ բոլոր կանայք թմբուկներով և պարերով նրա ետևից դուրս եկան:
21. Եվ Մարիամը ասաց նրանց.
«Օրհներգե՛ք Տիրոջը, որովհետև փառքով է փառավորված:
Ծովը նետեց երիվարին ու հեծյալին»:
Մովսեսը դառը ջուրը քաղցրահամ է դարձնում
22. Մովսեսը Իսրայելի համար Կարմիր ծովի միջով ճանապարհ բացեց, և նրանք եկան Սուրի անապատը: Երեք օր ճանապարհ գնացին անապատի միջով և ջուր չգտան:
23. Եվ եկան Մեռա, բայց չկարողացան խմել Մեռայի ջրերից, որովհետև դառն էին: Այդ պատճառով այդ վայրը Մեռա կոչվեց:
24. Եվ ժողովուրդը տրտնջաց Մովսեսի դեմ՝ ասելով. «Ի՞նչ պետք է խմենք»:
25. Եվ նա աղաղակեց Տիրոջը: Տերը նրան մի փայտ ցույց տվեց, և նա այն գցեց ջրերի մեջ, ու ջրերը քաղցրահամ դարձան: Այդտեղ Տերը նրանց օրենք ու իրավունք տվեց և այդտեղ նրանց փորձության ենթարկեց:
26. Եվ ասաց. «Հիրավի, եթե անսաս քո Տեր Աստծուն և անես այն, ինչ որ ճշմարիտ է Նրա առաջ, ականջալուր լինես Նրա պատվիրաններին ու պահես Նրա բոլոր օրենքները, այնժամ քեզ վրա չեմ բերի այն ախտերից, որոնք բերեցի եգիպտացիների վրա, որովհետև Ես եմ Տերը՝ քո բժիշկը»:
27. Եվ եկան Եղիմ, որտեղ տասներկու ջրի աղբյուրներ և յոթանասուն արմավենիներ կային: Եվ այնտեղ՝ ջրերի մոտ, բանակ դրեցին:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: