Աստված երևում է Սինա լեռան վրա
1. Իսրայելի որդիների Եգիպտոսի երկրից դուրս գալուց հետո երրորդ ամսում՝ նույն օրը, նրանք հասան Սինայի անապատը:
2. Դուրս գալով Ռափիդիմից՝ եկան Սինայի անապատը և բանակ դրեցին անապատի մեջ: Եվ Իսրայելն այնտեղ՝ լեռան դիմաց, բանակատեղի հաստատեց:
3. Մովսեսը ելավ Աստծո մոտ, և Տերը լեռան վրայից կանչեց նրան՝ ասելով. «Այսպես ասա Հակոբի տանը և հայտնիր Իսրայելի որդիներին.
4. “Դուք տեսաք ամեն բան, ինչ որ արեցի եգիպտացիներին և թե ինչպես ձեզ արծվի թևերի վրա առնելով՝ Ինձ մոտ բերեցի:
5. Եվ այժմ եթե իրապես լսեք Ինձ ու պահեք Իմ ուխտը, այնժամ դուք Ինձ համար կլինեք սեփական ժողովուրդ բոլոր ազգերից, որովհետև Իմն է ամբողջ երկիրը:
6. Եվ դուք Ինձ համար քահանաների թագավորություն և սուրբ ազգ պիտի լինեք”: Ահա սրանք են այն խոսքերը, որ պիտի ասես Իսրայելի որդիներին»:
7. Եվ Մովսեսը եկավ, կանչեց ժողովրդի ծերերին ու նրանց առաջ հայտնեց այս բոլոր խոսքերը, որոնք Տերը պատվիրեց իրեն:
8. Եվ ամբողջ ժողովուրդը միաբերան պատասխանեց ու ասաց. «Մենք կկատարենք Տիրոջ բոլոր ասածները»: Եվ Մովսեսը ժողովրդի խոսքերը հայտնեց Տիրոջը:
Նախապատրաստումներ օրենքը տալու համար
9. Եվ Տերն ասաց Մովսեսին. «Ահա Ես քեզ մոտ կգամ թանձր ամպի մեջ, որպեսզի երբ խոսեմ քեզ հետ, ժողովուրդը լսի և ընդմիշտ հավատա քեզ»: Եվ Մովսեսը ժողովրդի խոսքերը հայտնեց Տիրոջը:
10. Եվ Տերն ասաց Մովսեսին. «Գնա՛ ժողովրդի մոտ, սրբի՛ր նրանց այսօր և վաղը, և թող նրանք լվանան իրենց հանդերձները:
11. Եվ թող պատրաստ լինեն երրորդ օրվա համար, որովհետև երրորդ օրն ամբողջ ժողովրդի աչքի առաջ Տերը պիտի իջնի Սինա լեռան վրա:
12. Եվ դու ժողովրդի շուրջը սահման կդնես ու կասես նրանց. “Զգուշացե՛ք լեռը ելնելուց կամ նրան դիպչելուց, ով դիպչի լեռանը, անշուշտ պիտի մեռնի:
13. Թող նրան ձեռք չդիպչի, դիպչողն անպատճառ պիտի քարկոծվի կամ նետահարվի, անասուն լինի, թե մարդ՝ պիտի չապրի”: Եվ երբ հնչի փողի ձայնը, այնժամ թող նրանք լեռը բարձրանան»:
14. Եվ Մովսեսը լեռան վրայից իջավ ժողովրդի մոտ ու սրբեց ժողովրդին: Եվ նրանք լվացին իրենց հանդերձները:
15. Եվ նա ասաց ժողովրդին. «Պատրաստ եղեք երրորդ օրվա համար, կնոջ չմերձենաք»:
16. Եվ երրորդ օրը, երբ բացվեց առավոտը, որոտներ ու կայծակներ եղան: Մի թանձր ամպ կար լեռան վրա, և փողի ուժգին ձայն էր հնչում, որից զարհուրեց բանակատեղիում եղած ամբողջ ժողովուրդը:
17. Եվ Մովսեսը ժողովրդին բանակատեղիից դուրս բերեց Աստծո առաջ, և նրանք կանգնեցին լեռան ստորոտին:
18. Սինա լեռն ամբողջովին մխում էր, որովհետև Տերը հրով իջել էր նրա վրա: Նրա ծուխը դուրս էր գալիս հնոցի ծխի պես, և ամբողջ լեռն ուժգին ցնցվում էր:
19. Փողի ձայնը գնալով սաստկանում էր, Մովսեսը խոսում էր, և Աստված ձայնով պատասխանում էր նրան:
20. Եվ Տերն իջավ Սինա լեռան վրա՝ լեռան կատարին: Տերը կանչեց Մովսեսին լեռան գագաթը, և Մովսեսը ելավ:
21. Եվ Տերն ասաց Մովսեսին. «Իջի՛ր, պատվիրի՛ր ժողովրդին, որ Տիրոջը տեսնելու համար չանցնեն սահմանը, և նրանցից շատերը չկորչեն:
22. Եվ թող Տիրոջը մոտեցող քահանաներն էլ սրբվեն, որ չլինի թե Տերը պատուհասի նրանց»:
23. Եվ Մովսեսն ասաց Տիրոջը. «Ժողովուրդը չի կարող ելնել Սինա լեռը, որովհետև Դու մեզ պատվիրել ես՝ ասելով. “Սահմա՛ն դիր լեռան վրա և սրբացրո՛ւ այն”»:
24. Եվ Տերն ասաց. «Գնա՛, ցա՛ծ իջիր և ելի՛ր Ահարոնի հետ: Բայց քահանաներն ու ժողովուրդը Տիրոջ մոտ ելնելու համար թող չանցնեն սահմանը, որ չլինի թե պատուհասվեն»:
25. Եվ Մովսեսն իջավ ժողովրդի մոտ ու խոսեց նրանց հետ:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: