Գիրք` 2. Ելք

Գլուխ 20

Տասը պատվիրանները
   
1. Եվ Աստված նրանց ասաց այս բոլոր խոսքերը.
2. «Ես եմ Տերը, քո Աստվածը, որ քեզ դուրս բերեցի Եգիպտոսի երկրից՝ ծառայության տնից:
3. Ինձանից բացի՝ ուրիշ աստվածներ չունենաս:
4. Քեզ համար կուռք չշինես ո՛չ վերևում՝ երկնքում, ո՛չ ներքևում՝ երկրի վրա, կամ երկրի տակ՝ ջրերում եղած որևէ բանի նմանությամբ:
5. Նրանց երկրպագություն չանես և նրանց չպաշտես, որովհետև Ես՝ քո Տեր Աստվածը, նախանձոտ Աստված եմ, որ հայրերի անօրենությունների համար պատժում եմ որդիներին՝ մինչև նրանց երրորդ ու չորրորդ սերունդը, որոնք ատում են Ինձ:
6. Եվ մինչև հազար սերունդ ողորմում եմ նրանց, ովքեր սիրում են Ինձ և պահում Իմ պատվիրանները:
7. Եվ քո Տեր Աստծո անուն զուր տեղը բերանդ չառնես, որովհետև Տերն Իր անունը զուր տեղը բերանն առնողին անպատիժ չի թողնի:
8. Հիշի՛ր հանգստյան օրը՝ այն սուրբ պահելու համար:
9. Վեց օր աշխատի՛ր և արա՛ քո բոլոր գործերը,
10. Բայց յոթերորդ օրը՝ քո Տեր Աստծո հանգստի օրն է: Ոչ մի գործ չանես, ո՛չ դու, ո՛չ քո որդին, ո՛չ քո դուստրը, ո՛չ քո ծառան ու աղախինը, ո՛չ քո անասունը, ո՛չ էլ քո տանը եղող օտարականը,
11. Որովհետև Տերը վեց օրվա մեջ արարեց երկինքն ու երկիրը, ծովն ու ցամաքը և նրանց մեջ բոլոր եղածները և յոթերորդ օրը հանգստացավ: Այդ պատճառով Տերն օրհնեց հանգստյան օրը և սրբացրեց այն:
12. Պատվի՛ր քո հորն ու մորը, որ քո օրերը երկար լինեն այն երկրի վրա, որ քո Տեր Աստված տալու է քեզ:
13. Սպանություն մի՛ արա:
14. Շնություն մի՛ արա:
15. Գողություն մի՛ արա:
16. Քո հարևանի դեմ սուտ վկայություն մի՛ տուր:
17. Մի՛ ցանկացիր քո հարևանի տանը, քո հարևանի կնոջը կամ նրա ծառային կամ նրա աղախնուն»:
18. Եվ ամբողջ ժողովուրդը լսում էր որոտներն ու փողի ձայնը, տեսնում էր կայծակները, մխացող լեռը: Եվ ժողովուրդը վախեցավ, ետ քաշվեց ու հեռու կանգնեց:
19. Եվ ասաց Մովսեսին. «Դո՛ւ խոսիր մեզ հետ, և մենք կլսենք, բայց թող Աստված չխոսի մեզ հետ, որ չմեռնենք»:
20. Եվ Մովսեսն ասաց ժողովրդին. «Մի՛ վախեցեք, որովհետև Աստված ձեզ փորձելու եկավ: Թող Նրա երկյուղը միշտ ձեր առաջ լինի, որ չմեղանչեք»:
21. Ժողովուրդը հեռու կանգնեց, իսկ Մովսեսը մոտեցավ այն թանձր մառախուղին, ուր Աստված էր:
22. Եվ Տերն ասաց Մովսեսին. «Այսպես ասա Իսրայելի որդիներին. “Դուք տեսաք, որ երկնքից խոսեցի ձեզ հետ:
23. Ինձ հետ պաշտելու համար արծաթից և ոսկուց աստվածներ չշինե՛ք ձեզ համար:
24. Ինձ համար հողաշեն զոհասեղան կպատրաստես և նրա վրա կմատուցես քո ողջակեզները, քո խաղաղության զոհերը, քո ոչխարները և քո արջառները: Եվ ամեն տեղ, ուր հիշել կտամ Իմ անունը, քեզ մոտ պիտի գամ ու քեզ պիտի օրհնեմ:
25. Եթե Ինձ համար քարե զոհասեղան շինես, այն չշինես տաշած քարից, որովհետև եթե դրան երկաթե գործիք դիպցնես, այն պղծած կլինես:
26. Եվ աստիճաններով չելնես Իմ զոհասեղանին, որ դրա վրա չերևա քո մերկությունը”»: