Խորանի ընծաները
1. Եվ Տերը խոսեց Մովսեսի հետ՝ ասելով.
2. «Խոսի՛ր Իսրայելի որդիների հետ, որ Ինձ ընծա բերեն: Իմ ընծան կառնեք միայն հոժարակամ տվող մարդուց:
3. Եվ այս է այն ընծան, որ պիտի առնեք նրանցից. ոսկի, արծաթ և պղինձ,
4. Կապույտ, ծիրանագույն և մուգ կարմիր թելեր, նրբահյուս բեհեզ և այծի մազ,
5. Կարմիր ներկված խոյի մորթիներ, կապույտ ներկված մորթիներ, սատիմի փայտեր,
6. Լույսի համար յուղ, օծման յուղի ու անուշահոտ խունկի համար բուրավետ նյութեր,
7. Եղնգաքարեր և եփուդի ու լանջապանակի վրա ամրացվող քարեր:
8. Եվ Ինձ համար թող մի սրբարան շինեն, որ բնակվեմ իրենց մեջ:
9. Խորանի, նրա ամբողջ սպասքի օրինակը և ամեն բան, ինչպես որ քեզ ցույց տվեցի, այնպես պիտի շինեք:
Տապանակը և կափարիչը
10. Եվ թող սատիմի փայտից մի տապանակ շինեն, որի երկարությունը լինի երկուսուկես կանգուն, լայնությունը՝ մեկուկես կանգուն, և բարձրությունը՝ մեկուկես կանգուն:
11. Եվ այն կպատես մաքուր ոսկով, ներսից ու դրսից կպատես այն ու նրա շուրջբոլորը մի ոսկե շրջանակ կշինես:
12. Եվ դրա համար չորս ոսկե օղակ կձուլես ու կամրացնես չորս անկյուններում այնպես, որ մի կողմին երկու օղակներ, և մյուս կողմին երկու օղակներ լինեն:
13. Եվ սատիմի փայտից ձողեր կշինես ու դրանք ոսկով կպատես:
14. Եվ ձողերը տապանակի կողքերին եղած օղակներին կանցկացնես, որ տապանակը դրանցով վերցնեն:
15. Ձողերը թող տապանակի օղակների մեջ լինեն ու դրանցից չհանվեն:
16. Եվ տապանակի մեջ կդնես այն վկայությունը, որ քեզ պիտի տամ:
17. Եվ մաքուր ոսկուց կպատրաստես տապանակի կափարիչը: Դրա երկարությունը թող երկուսուկես կանգուն լինի, դրա լայնությունը՝ մեկուկես կանգուն:
18. Եվ կոփածո երկու ոսկե քերովբեներ կպատրաստես կափարիչի երկու ծայրերին դնելու համար:
19. Մի քերովբեն կպատրաստես մի ծայրի և մյուս քերովբեին՝ մյուս ծայրի համար: Քերովբեները կափարիչից կպատրաստես ու կդնես նրա երկու ծայրերին:
20. Քերովբեները, վերևից տարածած լինելով իրենց թևերը, պետք է դրանցով ծածկեն կափարիչը: Նրանց երեսները պետք է միմյանց հանդեպ լինեն, և քերովբեների երեսները դեպի կափարիչն ուղղված լինեն:
21. Եվ կափարիչը կտեղադրես տապանակի վրա վերևի կողմից, իսկ տապանակի մեջ կդնես այն վկայությունը, որը կտամ քեզ:
22. Եվ այնտեղ կհանդիպեմ քեզ ու կափարիչի վրայից՝ վկայության տապանակի վրա եղած երկու քերովբեների մեջտեղից, կխոսեմ քեզ հետ ու կպատվիրեմ ամեն բան Իսրայելի որդիների համար:
Սեղանը
23. Եվ սատիմի փայտից մի սեղան կպատրաստես: Դրա երկարությունը թող լինի երկու կանգուն, լայնությունը՝ մեկ կանգուն, և բարձրությունը՝ մեկուկես կանգուն:
24. Եվ այն կպատես մաքուր ոսկով ու նրա շուրջը մի ոսկե շրջանակ կդնես:
25. Եվ դրա բոլոր կողմերից մեկ թզաչափ եզրագոտի կդնես, և եզրագոտուն բոլոր կողմերից մի ոսկե շրջանակ կպատրաստես:
26. Եվ դրա համար ոսկե չորս օղակներ կպատրաստես և այդ օղակները կդնես չորս անկյուններին՝ չորս ոտքերի մոտ:
27. Օղակները պետք է կցված լինեն եզրագոտուն՝ որպես ձողերի տեղեր՝ սեղանը դրանցով վերցնելու համար:
28. Եվ ձողերը սատիմի փայտից կպատրաստես ու դրանք ոսկով կպատես: Սեղանը դրանցով պիտի վերցնեն:
29. Եվ կպատրաստես սեղանի սկուտեղները, խնկամանները, սկիհները և անոթները, որպեսզի դրանցով հեղելով՝ ընծայաբերություն արվի: Դրանք մաքուր ոսկուց կպատրաստես:
30. Եվ սեղանի վրա՝ Իմ առաջ, միշտ կդնես առաջավորության հացը:
Աշտանակը
31. Եվ մաքուր ոսկուց մի աշտանակ կպատրաստես: Աշտանակը պետք է լինի բոլորաձև, նրա բունը, ճյուղերը, սկահակները, գնդիկներն ու ծաղիկները՝ միաձույլ:
32. Եվ վեց ճյուղեր պետք է տարածվեն նրա կողքերից. երեք ճյուղեր՝ աշտանակի մի կողմից, և երեք ճյուղեր՝ աշտանակի մյուս կողմից:
33. Մեկ ճյուղի վրա պետք է լինեն գնդիկով և ծաղիկով երեք նշաձև սկահակներ, և մյուս ճյուղի վրա ևս՝ գնդիկով ու ծաղիկով երեք նշաձև սկահակներ: Այսպես պետք է լինեն աշտանակից ելած վեց ճյուղերը:
34. Եվ թող աշտանակի վրա չորս նշաձև սկահակներ լինեն իրենց գնդիկներով ու ծաղիկներով:
35. Եվ երկու ճյուղերի տակ իրենից պետք է լինի մեկ գնդիկ, մյուս երկու ճյուղերի տակ՝ իրենից մեկ գնդիկ, և երրորդ երկու ճյուղերի տակ՝ իրենից մեկ գնդիկ: Թող այսպես լինեն այն վեց ճյուղերը, որոնք դուրս են գալիս աշտանակից:
36. Դրանց գնդիկներն ու ճյուղերը պետք է լինեն իրենից, կոփածո՝ մեկ կտոր մաքուր ոսկուց:
37. Եվ դրա ճրագները պետք է յոթը լինեն: Եվ ճրագները պետք է դրվեն այնպես, որ լուսավորեն առջևի կողմը:
38. Եվ դրա ունելիներն ու ճրագակալները պետք է մաքուր ոսկուց լինեն:
39. Եվ թող աշտանակն ու նրա ամբողջ սպասքը պատրաստվեն մեկ տաղանդ մաքուր ոսկուց:
40. Եվ տե՛ս, որ պատրաստես ըստ այն օրինակի, ինչպես որ լեռան վրա քեզ ցույց տվեցի»:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: