Գիրք` 2. Ելք

Գլուխ 29

Քահանաների և զոհասեղանի օրհնությունը
   
1. Եվ սա է, որ պիտի անես նրանց սրբացնելու համար, որպեսզի Ինձ համար քահանայություն անեն: Կվերցնես արջառներից մեկ զվարակ և երկու անարատ խոյ,
2. Եվ բաղարջ հաց, յուղով շաղախված բաղարջ բլիթներ և յուղով շաղված բաղարջ լավաշներ: Դրանք կպատրաստես ցորենի ընտիր ալյուրից:
3. Եվ կդնես մի սակառի մեջ ու դրանք կմատուցես սակառով, ինչպես նաև զվարակն ու երկու խոյերը:
4. Եվ Ահարոնին ու նրա որդիներին կմոտեցնես վկայության խորանի մուտքին ու նրանց կլվանաս ջրով:
5. Եվ կվերցնես զգեստները, Ահարոնին կհագցնես շապիկը, եփուդի պատմուճանը, եփուդը և լանջապանակը ու եփուդի ժապավենով կգոտևորես նրան:
6. Նրա գլխին կդնես խույրը, և խույրի վրա՝ սուրբ պսակը:
7. Կվերցնես օծության յուղը, այն կհեղես նրա գլխին և կօծես նրան:
8. Մոտ կբերես նրա որդիներին և նրանց շապիկներ կհագցնես:
9. Եվ կգոտևորես նրանց՝ Ահարոնին ու նրա որդիներին, նրանց գլուխներին ապարոշներ կփաթաթես: Եվ թող քահանայությունը նրանցը լինի հավիտենական կանոնով: Այսպես պիտի ընծայաբերես Ահարոնին և նրա որդիներին:
10. Եվ զվարակը կմոտեցնես վկայության խորանի առջև, և Ահարոնն ու նրա որդիները իրենց ձեռքը թող զվարակի գլխին դնեն:
11. Եվ վկայության խորանի մուտքի մոտ՝ Տիրոջ առաջ կմորթես զվարակը:
12. Եվ կվերցնես զվարակի արյունից ու քո մատով կքսես զոհասեղանի եղջյուրներին, իսկ մնացած ամբողջ արյունը կթափես զոհասեղանի տակ:
13. Եվ կվերցնես փորոտիքը ծածկող ամբողջ ճարպը, լյարդի վրայի թաղանթը, երկու երիկամները և դրանց վրա եղած ճարպը ու կայրես զոհասեղանի վրա:
14. Բայց զվարակի միսը, նրա մորթին և նրա աղբը կրակով կայրես բանակատեղիից դուրս: Սա զոհաբերություն է մեղքի համար:
15. Եվ կվերցնես խոյերից մեկին, և Ահարոնն ու նրա որդիները թող իրենց ձեռքերը խոյի գլխին դնեն:
16. Կմորթես այդ խոյը, կվերցնես նրա արյունը և կցողես զոհասեղանի շուրջբոլորը:
17. Եվ խոյը կբաժանես կտորների, կլվանաս նրա փորոտիքը, նրա ոտքերը և դրանք կդնես այդ կտորների ու գլխի վրա:
18. Եվ ամբողջ խոյը կայրես զոհասեղանի վրա: Սա ողջակեզ է Տիրոջ համար՝ անուշահոտ զոհաբերություն Տիրոջը:
19. Եվ կվերցնես մյուս խոյը, և Ահարոնն ու նրա որդիները թող իրենց ձեռքերը խոյի գլխին դնեն:
20. Կմորթես այդ խոյը, կվերցնես դրա արյունից և կքսես Ահարոնի աջ ականջի բլթակին ու նրա որդիների աջ ականջների բլթակներին, նրանց աջ ձեռքի մեծ մատին և նրանց աջ ոտքի մեծ մատին, իսկ մնացած արյունը կցողես զոհասեղանի շուրջբոլորը:
21. Եվ կվերցնես զոհասեղանի վրա եղած արյունից և օծության յուղից ու կցողես Ահարոնի, նրա զգեստների և նրա հետ նաև իր որդիների ու իր որդիների զգեստների վրա: Եվ նա ու նրա զգեստները, նրա հետ նաև իր որդիներն ու իր որդիների զգեստները սուրբ կլինեն:
22. Եվ կվերցնես խոյի ճարպը, դմակը, փորոտիքը ծածկող ճարպը, լյարդի վրայի թաղանթը, երկու երիկամները, դրանց վրայի ճարպը և աջ ազդրը, (որովհետև սա նվիրաբերության համար մորթվող խոյն է):
23. Եվ Տիրոջ առաջ դրած բաղարջի այն սակառից կվերցնես մեկ հացի նկանակ, մեկ յուղով հունցած բլիթ և մեկ լավաշ,
24. Եվ այդ ամենը կդնես Ահարոնի ու նրա որդիների ձեռքին, և Տիրոջ առջև կերերացնես որպես մատուցվող ընծա:
25. Եվ կառնես նրանց ձեռքից ու զոհասեղանի վրայի ողջակեզի վրա կայրես Տիրոջ առաջ՝ որպես անուշահոտ բուրմունք: Սա զոհաբերություն է Տիրոջը:
26. Եվ Ահարոնի օծության համար կվերցնես զոհաբերվող խոյի լանջամիսն ու այն որպես ընծա երերացնելով կմատուցես Տիրոջը: Եվ դա կլինի քո բաժինը:
27. Եվ Ահարոնի համար ու նրա որդիների համար կսրբագործես զոհաբերվող խոյի երերացնելու լանջամիսը և բարձրացնելու ազդրը:
28. Եվ Իսրայելի որդիների կողմից սա պետք է հավիտենական կանոն լինի Ահարոնի և նրա որդիների համար, որովհետև դա բարձրացնելու ընծա է. և Իսրայելի որդիների կողմից բարձրացնելու ընծա պիտի լինի խաղաղության զոհերից՝ իրենց բարձրացնելու բուն ընծան Տիրոջ համար:
29. Եվ Ահարոնի սուրբ զգեստներն իրենից հետո պետք է պատկանեն իր որդիներին՝ դրանցով օծվելու և դրանցով քահանայություն անելու համար:
30. Իր որդիներից իրեն փոխարինող քահանան պետք է յոթ օր հագնի դրանք և ապա մտնի վկայության խորան՝ սրբարանի մեջ պաշտամունք կատարելու համար:
31. Եվ կվերցնես նվիրաբերության համար խոյը և սուրբ վայրում կեփես նրա միսը:
32. Եվ Ահարոնն ու նրա որդիները խորանի մուտքի մոտ պետք է ուտեն խոյի միսը և սակառում եղած հացը:
33. Եվ թող նրանք ուտեն այն բաները, որոնցով իրենց նվիրագործության և սրբագործման համար քավություն եղավ: Օտարականը դրանցից թող չուտի, որովհետև դրանք սուրբ են:
34. Եվ եթե նվիրագործության համար զոհի մսից և հացից մնա մինչև առավոտ, ապա ավելացածը կայրես կրակով: Այն պետք չէ, որ ուտեն, որովհետև սուրբ է:
35. Եվ ամեն բան, ինչ պատվիրեցի Ահարոնի ու նրա որդիների համար, այդպես կանես: Եվ յոթ օրվա մեջ կկատարես նրանց նվիրագործությունը:
36. Եվ օրական մեկ զվարակ որպես մեղքի զոհ պիտի ընծայես քավության համար: Եվ զոհասեղանի համար քավություն անելիս պիտի մաքրես այն ու պիտի օծես սրբագործելու համար:
37. Յոթ օր քավություն կանես զոհասեղանի համար և այն կսրբագործես, որ զոհասեղանը ամենասուրբ լինի: Եվ ինչ որ կդիպչի զոհասեղանին, սուրբ պիտի լինի:
   
Մշտնջենական ողջակեզը
   
38. Եվ սա է, որ պիտի մատուցես զոհասեղանի վրա. մշտապես, ամեն օր՝ մեկ տարեկան երկու գառ:
39. Մի գառը կմատուցես առավոտյան և մյուս գառը՝ երեկոյան դեմ:
40. Մեկ գառան հետ կմատուցես մեկ տասներորդ բաժին ընտիր ալյուրով և մեկ քառորդ գավաթ զտված յուղով շաղախված զանգված և մեկ քառորդ գավաթ գինի՝ հեղելու ընծայի համար:
41. Եվ մյուս գառը կզոհես երեկոյան դեմ. Այն կընծայես առավոտյան հացի ընծայի և նրա հեղելու ընծայի պես՝ որպես անուշահոտ զոհաբերություն Տիրոջ համար:
42. Սա ձեր սերունդների մեջ մշտնջենական ողջակեզ կլինի Տիրոջ առաջ՝ վկայության խորանի մուտքի մոտ, ուր կհանդիպեմ ձեզ՝ քեզ հետ խոսելու համար:
43. Եվ այնտեղ կհանդիպեմ Իսրայելի որդիներին, և խորանն Իմ փառքով սուրբ պիտի լինի:
44. Եվ կսրբացնեմ վկայության խորանն ու զոհասեղանը, կսրբացնեմ նաև Ահարոնին ու նրա որդիներին, որ Ինձ քահանայություն անեն:
45. Եվ կբնակվեմ Իսրայելի որդիների մեջ ու նրանց Աստվածը կլինեմ:
46. Եվ պիտի իմանան, որ Ես եմ իրենց Տեր Աստվածը, որ դուրս բերեցի իրենց Եգիպտոսի երկրից՝ իրենց մեջ բնակվելու համար, Ես՝ իրենց Տեր Աստվածը: