Գիրք` 2. Ելք

Գլուխ 33

Մովսեսն աղաչում է ժողովրդի համար և փափագում է տեսնել Տիրոջ փառքը
   
1. Եվ Տերն ասաց Մովսեսին. «Վե՛ր կաց այստեղից դու և այն ժողովուրդը, որին դուրս բերեցիր Եգիպտոսի երկրից ու գնա՛ այն երկիրը, որը խոստացա Աբրահամին, Իսահակին և Հակոբին՝ ասելով. “Այն քո սերնդին եմ տալու”:
2. Քո առջևից մի հրեշտակ կուղարկեմ և դուրս կանեմ քանանացիներին, ամորհացիներին, քետացիներին, փերեզացիներին, խևացիներին և հեբուսացիներին:
3. Եվ նա ձեզ կմտցնի այն երկիրը, ուր կաթ ու մեղր է հոսում: Ես ձեր միջով չեմ գնա, որովհետև դուք մի խստապարանոց ժողովուրդ եք, գուցե ճանապարհին ձեզ բնաջինջ անեմ»:
4. Երբ ժողովուրդը լսեց այս խիստ խոսքերը, սուգ արեց, և ոչ ոք իր վրա զարդեր չկրեց,
5. Որովհետև Տերը Մովսեսին ասել էր. «Ասա՛ Իսրայելի որդիներին. “Դուք մի խստապարանոց ժողովուրդ եք: Եթե մեկ րոպե ձեր միջով գնալու լինեմ, ձեզ բնաջինջ կանեմ: Եվ այժմ ձեր վրայից հանե՛ք ձեր զարդերը, որ իմանամ, թե ձեզ ինչ պիտի անեմ”»:
6. Եվ Իսրայելի որդիները Քորեբ լեռան մոտ հանեցին իրենց զարդերը:
7. Եվ Մովսեսն առավ վրանը, այն կանգնեցրեց բանակատեղիից դուրս՝ բանակատեղիից հեռու, ու այն կոչեց վկայության խորան: Եվ ամեն ոք, ով հայցում էր Տիրոջից, գնում էր դեպի վկայության խորանը, որ գտնվում էր բանակատեղիից դուրս:
8. Երբ Մովսեսը գնում էր դեպի վրանը, ամբողջ ժողովուրդը ոտքի էր ելնում, յուրաքանչյուրը, կանգնած իր վրանի մուտքի մոտ, նայում էր Մովսեսի ետևից, մինչև որ նա վրան էր մտնում:
9. Եվ հենց Մովսեսը վրան էր մտնում, ամպի սյունն իջնում ու կանգնում էր վրանի մուտքի մոտ, և Տերը խոսում էր Մովսեսի հետ:
10. Եվ ամբողջ ժողովուրդը տեսնում էր ամպի սյունը՝ կանգնած վրանի մուտքի մոտ: Ամբողջ ժողովուրդը վեր էր կենում, և ամեն մեկն իր վրանի մուտքի մոտ երկրպագություն էր անում:
11. Եվ Տերը դեմառդեմ խոսում էր Մովսեսի հետ, ինչպես բարեկամի հետ: Ապա Մովսեսը վերադառնում էր բանակատեղի, բայց նրա ծառան՝ Նավեի որդի պատանի Հեսուն, վրանից դուրս չէր գալիս:
12. Եվ Մովսեսն ասաց Տիրոջը. «Ահա Դու ինձ ասում ես. “Դո՛ւրս բեր այս ժողովրդին”, բայց Դու ինձ չհայտնեցիր, թե ում հետ ես ինձ ուղարկելու: Դու ինձ ասացիր. “Քեզ ճանաչում եմ քո անունով, և նաև դու Իմ առջև շնորհ գտար”:
13. Եվ այժմ աղաչում եմ, եթե շնորհ գտա Քո առաջ, խնդրեմ ցո՛ւյց տուր ինձ Քո ճանապարհները, որ ճանաչեմ Քեզ ու շնորհ գտնեմ Քո առաջ, և հիշի՛ր, որ այս ազգը Քո ժողովուրդն է»:
14. Եվ Տերն ասաց. «Ես Ինքս կգնամ քո առջևից և կտանեմ քեզ դեպի հանգիստը»:
15. Եվ Մովսեսն ասաց Տիրոջը. «Եթե Դու մեզ չառաջնորդես, ապա մեզ այստեղից դուրս մի՛ բեր:
16. Բայց եթե Դու առաջնորդես մեզ, այնժամ կիմանանք, որ ես և Քո ժողովուրդը շնորհ ենք գտել Քո առաջ: Եվ այդպես ես և Քո ժողովուրդը գերադաս կլինենք ողջ երկրի բոլոր ժողովուրդներից»:
17. Եվ Տերն ասաց Մովսեսին. «Ինչ որ ասացիր, դա էլ կանեմ, որովհետև Իմ առաջ շնորհ գտար, և Ես քեզ քո անունով եմ ճանաչում»:
18. Մովսեսն ասաց. «Աղաչում եմ, ցո՛ւյց տուր ինձ Քո փառքը»:
19. Եվ Տերն ասաց. «Ես Իմ ամբողջ փառքը կանցկացնեմ քո առջևից և Տիրոջ անունը կկանչեմ առջևդ: Կողորմեմ նրան, ում ողորմելու եմ, և կգթամ նրան, ում գթալու եմ»:
20. Եվ ասաց. «Դու չես կարող Իմ երեսը տեսնել, որովհետև մարդ չի կարող տեսնել Ինձ ու ողջ մնալ»:
21. Եվ Տերն ասաց. «Ահա Ինձ մոտ մի տեղ կա: Կանգնի՛ր այդ ժայռի վրա:
22. Երբ Ես անցնեմ Իմ փառքով, քեզ կդնեմ ժայռի ծերպի մեջ ու Իմ ձեռքով կծածկեմ քեզ, մինչև որ Ես անցնեմ:
23. Ապա Իմ ձեռքը կվերցնեմ քո վրայից, և դու Ինձ կտեսնես թիկունքից, բայց Իմ երեսը չի երևա»: