Սրբարանի անոթները
1. Եվ Բեսելիելը տապանակը պատրաստեց սատիմի փայտից: Դրա երկարությունը երկուսուկես կանգուն էր, լայնությունը՝ մեկուկես կանգուն, և բարձրությունը՝ մեկուկես կանգուն:
2. Այն ներսից ու դրսից պատեց մաքուր ոսկով ու դրա շուրջը պատրաստեց ոսկե շրջանակ:
3. Դրա չորս անկյունների համար չորս ոսկե օղակներ ձուլեց՝ երկուսը մի կողմից, երկուսը՝ մյուս կողմից:
4. Եվ սատիմի փայտից ձողեր պատրաստեց ու դրանք պատեց ոսկով:
5. Եվ ձողերն անցկացրեց տապանակի կողքերին եղած օղակների մեջ, որ դրանցով վերցնեն տապանակը:
6. Եվ կափարիչը պատրաստեց մաքուր ոսկուց: Դրա երկարությունը երկուսուկես կանգուն էր, և դրա լայնությունը՝ մեկուկես կանգուն:
7. Եվ երկու ոսկե քերովբեներ շինեց, դրանք կոփածո շինեց կափարիչի երկու ծայրերում:
8. Մի քերովբեն այս կողմի ծայրին էր, իսկ մյուս քերովբեն՝ մյուս կողմի ծայրին: Քերովբեները շինեց կափարիչից՝ նրա երկու ծայրերին:
9. Եվ քերովբեները իրենց վեր տարածած թևերով ծածկում էին կափարիչը, նրանց երեսները դեմ հանդիման էին՝ ուղղված դեպի կափարիչը:
10. Եվ սեղանը պատրաստեց սատիմի փայտից: Նրա երկարությունը երկու կանգուն էր, լայնությունը՝ մեկ կանգուն, և բարձրությունը՝ մեկուկես կանգուն:
11. Եվ այն պատեց մաքուր ոսկով ու շուրջը մի ոսկե շրջանակ պատրաստեց:
12. Եվ դրա շուրջբոլորը մի թզաչափ բարձրությամբ եզրագոտի պատրաստեց, որի շուրջն էլ՝ մի ոսկե շրջանակ:
13. Եվ չորս օղակներ ձուլեց ու այդ օղակները տեղադրեց դրա չորս անկյուններում՝ չորս ոտքերի մոտ:
14. Օղակները կցված էին եզրագոտու հետ որպես ձողերի տեղեր՝ սեղանը վերցնելու համար:
15. Եվ ձողերը պատրաստեց սատիմի փայտից ու դրանք պատեց ոսկով՝ սեղանը դրանցով վերցնելու համար:
16. Եվ մաքուր ոսկուց պատրաստեց սեղանի վրա դրվող անոթները, սկուտեղները, խնկամանները, կոնքերն ու սկիհները, որոնցով ընծայաբերություն է արվում:
17. Եվ մաքուր ոսկուց պատրաստեց աշտանակը, միաձույլ պատրաստեց այն: Նրա բունը և նրա ճյուղերը, սկահակները, գնդիկները և ծաղիկները միաձույլ էին:
18. Աշտանակի կողքերից վեց ճյուղեր էին տարածվում. երեք ճյուղերը մի կողմից, և երեք ճյուղերը՝ մյուս կողմից:
19. Մեկ ճյուղի վրա երեք նշաձև գնդիկով և ծաղիկով սկահակներ կային, մյուս ճյուղի վրա ևս՝ երեք նշաձև գնդիկով և ծաղիկով երեք սկահակներ: Այսպիսին էին աշտանակից ճյուղավորված վեց ճյուղերը:
20. Եվ աշտանակի վրա չորս նշաձև սկահակներ կային՝ իրենց գնդիկներով և ծաղիկներով:
21. Եվ երկու ճյուղերի տակ կար իրենից դուրս ելնող մեկ գնդիկ, մյուս երկու ճյուղերի տակ՝ իրենից մեկ գնդիկ, և երրորդ երկու ճյուղերի տակ՝ իրենից մեկ գնդիկ: Այսպես էին այն վեց ճյուղերը, որոնք տարածվում էին նրանից:
22. Նրանց գնդիկներն ու ճյուղերն իրենից էին, ամբողջը միաձույլ՝ մեկ կտոր մաքուր ոսկուց:
23. Եվ դրա համար մաքուր ոսկուց պատրաստեց յոթ ջահեր, ունելիներ, ճրագակալներ:
24. Աշտանակն ու նրա բոլոր պարագաները պատրաստեց մեկ տաղանդ մաքուր ոսկուց:
25. Եվ խնկարկության սեղանը պատրաստեց սատիմի փայտից: Դրա երկարությունը մեկ կանգուն էր, լայնությունը՝ մեկ կանգուն՝ քառակուսի, և բարձրությունը՝ երկու կանգուն: Դրա եղջյուրներն իրենից էին:
26. Եվ սեղանի երեսը, դրա չորս կողմի պատերը և եղջյուրները պատեց մաքուր ոսկով: Եվ դրա շուրջբոլորը մի ոսկե շրջանակ պատրաստեց:
27. Եվ եզրագոտու տակ՝ նրա երկու կողքերին և երկու կողմերի վրա, երկու ոսկե օղակներ պատրաստեց՝ դրանց մեջ ձողեր անցկացնելու և սեղանը դրանցով վերցնելու համար:
28. Եվ ձողերը պատրաստեց սատիմի փայտից ու դրանք պատեց ոսկով:
29. Եվ վարպետ յուղագործի հմտությամբ պատրաստեց օծության սուրբ յուղը և մաքուր անուշահոտ խունկը:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: