Գիրք` 2. Ելք

Գլուխ 1

Իսրայելի որդիների բազմանալը և նրանց չարչարանքը Եգիպտոսում
   
1. Ահա սրանք են Իսրայելի որդիների անունները, որ գնացին Եգիպտոս, գնացին Հակոբի հետ՝ յուրաքանչյուրն իր տնով.
2. Ռուբեն, Շմավոն, Ղևի և Հուդա,
3. Իսաքար, Զաբուղոն և Բենիամին,
4. Դան և Նեփթաղիմ, Գադ և Ասեր:
5. Եվ Հակոբից սերված բոլոր անձինք յոթանասուն հոգի էին: Հովսեփն էլ Եգիպտոսում էր:
6. Եվ մեռան Հովսեփը, նրա բոլոր եղբայրներն ու ամբողջ այդ սերունդը:
7. Եվ Իսրայելի որդիներն աճեցին, բազմացան, շատացան ու խիստ հզորացան, և այդ երկիրը լցվեց նրանցով:
8. Արդ, Եգիպտոսի վրա մի նոր թագավոր ելավ, որը Հովսեփին չէր ճանաչում:
9. Եվ նա ասաց իր ժողովրդին. «Ահա Իսրայելի որդիների ժողովուրդը մեզանից մեծ է և հզոր:
10. Եկեք խորագետ լինենք նրանց հանդեպ. միգուցե նրանք բազմանան, և եթե պատահի, որ պատերազմ լինի, նրանք կմիանան մեր թշնամիներին, կպատերազմեն մեր դեմ և դուրս կգան այս երկրից»:
11. Այդ պատճառով գործավարներ կարգեցին նրանց վրա, որ ծանր գործերով չարչարեն նրանց: Եվ նրանք փարավոնի համար կառուցեցին շտեմարանի քաղաքներ՝ Փիթոմը և Ռամսեսը:
12. Բայց որքան չարչարում էին, այնքան Իսրայելի որդիներն առավել բազմանում ու աճում էին: Եվ նրանք Իսրայելի որդիներից երկյուղ կրեցին:
13. Եվ եգիպտացիները բռնությամբ ծառայեցնում էին Իսրայելի որդիներին.
14. Դառնացնում էին նրանց կյանքը կավի, աղյուսների հետ ծանր աշխատանքներով և դաշտի բոլոր գործերով: Ինչ ծառայություն, որ անել էին տալիս, բռնությամբ էր անում:
15. Եվ Եգիպտոսի թագավորը խոսեց եբրայեցիների մանկաբարձների հետ, որոնցից մեկի անունը Սեփրա էր, մյուսինը՝ Փուա:
16. Եվ ասաց. «Եբրայեցի կանանց ծնունդն ընդունելիս նայե՛ք, եթե տղա լինի՝ սպանե՛ք նրան, և եթե՝ աղջիկ, թողեք, որ ապրի»:
17. Բայց մանկաբարձները վախեցան Աստծուց և չարեցին, ինչպես պատվիրել էր Եգիպտոսի թագավորը. նրանք ողջ թողեցին նաև արուներին:
18. Եվ Եգիպտոսի թագավորը կանչեց մանկաբարձներին ու հարցրեց նրանց. «Ինչո՞ւ այդպես արեցիք և արուներին ողջ թողեցիք»:
19. Եվ մանկաբարձներն ասացին փարավոնին. «Որովհետև եբրայեցի կանայք նման չեն եգիպտացի կանանց. նրանք աոույգ են, և մանկաբարձը դեռ իրենց չմոտեցած՝ ծնում են»:
20. Եվ Աստված մանկաբարձներին բարիք արեց, իսկ ժողովուրդն էլ բազմացավ ու խիստ հզորացավ:
21. Մանկաբարձները վախենում էին Աստծուց, և Աստված շենացրեց նրանց տները:
22. Եվ փարավոնը հրամայեց իր ժողովրդին՝ ասելով. «Գե՛տը նետեք ծնվող բոլոր տղաներին, իսկ բոլոր աղջիկներին ո՛ղջ թողեք»: