Տրվում է օրենքը
1. Եվ Մովսեսին ասաց. « Տիրոջ մոտ ելե՛ք, դու և Ահարոնը, Նադաբը և Աբիուդը, Իսրայելի ծերերից յոթանասուն հոգի ու հեռվից երկրպագություն արեք:
2. Եվ թող Տիրոջը մոտենա միայն Մովսեսը, իսկ նրանք չմոտենան, և ժողովուրդը նրա հետ չելնի»:
3. Եվ Մովսեսը եկավ ու ժողովրդին հայտնեց Տիրոջ բոլոր խոսքերն ու բոլոր օրենքները: Եվ ամբողջ ժողովուրդը միաձայն պատասխանեց ու ասաց. «Պիտի կատարենք Տիրոջ ասած բոլոր խոսքերը»:
Օրենքի գրքի զոհը
4. Ե վ Մովսեսը գրի առավ Տիրոջ բոլոր խոսքերը: Առավոտյան վեր կացավ, լեռան ստորոտին զոհասեղան շինեց և ըստ Իսրայելի տասներկու ցեղերի՝ տասներկու քարեր կանգնեցրեց:
5. Եվ Իսրայելի որդիներից երիտասարդներ ուղարկեց, ովքեր ողջակեզներ մատուցեցին ու Տիրոջը զվարակներ զոհաբերեցին խաղաղության զոհերի համար:
6. Եվ Մովսեսն արյան կեսն առավ, լցրեց կոնքերի մեջ, իսկ մյուս կեսը ցողեց այդ զոհասեղանի վրա:
7. Առավ ուխտի գիրքը, կարդաց ի լուր ժողովրդի, և նրանք ասացին. «Մենք կկատարենք Տիրոջ բոլոր ասածները և կհնազանդվենք Նրան»:
8. Եվ Մովսեսն առավ արյունը, ցողեց ժողովրդի վրա ու ասաց. «Ահա այն ուխտի արյունը, որ Տերը հաստատեց ձեզ հետ այս բոլոր խոսքերի համաձայն»:
Քահանաները և յոթանասուն ծերեր տեսնում են Տիրոջը
9. Այդժամ Մովսեսն ու Ահարոնը, Նադաբն ու Աբիուդը և Իսրայելի ծերերից յոթանասուն հոգի ելան
10. Եվ տեսան Իսրայելի Աստծուն. Նրա ոտքերի տակ ասես շափյուղյա սալահատակ լիներ և պայծառությամբ բուն երկնքի նման էր:
11. Նա իր ձեռքը չդրեց Իսրայելի որդիների ընտրյալների վրա: Եվ նրանք տեսան Աստծուն, կերան և խմեցին:
Մովսեսը դարձյալ բարձրանում է լեռը
12. Եվ Տերն ասաց Մովսեսին. «Ելի՛ր լեռը՝ Ինձ մոտ, և կանգնի՛ր այնտեղ: Ես քեզ կտամ քարեղեն տախտակները և Իմ գրած օրենքն ու պատվիրանները, որ սովորեցնես նրանց»:
13. Եվ Մովսեսն ու նրա սպասավոր Հեսուն վեր կացան, և Մովսեսը Աստծո լեռը ելավ:
14. Եվ ասաց ծերերին. «Դուք այստեղ սպասեք, մինչև ձեզ մոտ վերադառնանք: Ահա Ահարոնը և Ովրը ձեզ հետ են: Ով որ դատ ունենա, թող նրանց մոտ գնա»:
15. Մովսեսը լեռը ելավ, և ամպը ծածկեց լեռը:
16. Տիրոջ փառքն իջավ Սինա լեռան վրա, և վեց օր ամպը ծածկեց այն: Եվ յոթերորդ օրը Տերն ամպի միջից կանչեց Մովսեսին:
17. Եվ լեռան գագաթին Տիրոջ փառքի երևմունքը լափող կրակի պես էր Իսրայելի որդիների աչքի առաջ:
18. Մովսեսը լեռը ելնելով՝ մտավ ամպի մեջ: Եվ Մովսեսը քառասուն օր և քառասուն գիշեր լեռան վրա էր:

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: