Գիրք` 2. Ելք

Գլուխ 32

Ոսկե հորթը
   
1. Եվ երբ ժողովուրդը տեսավ, որ Մովսեսն ուշացավ իջնել լեռան վրայից, հավաքվեց Ահարոնի մոտ և ասաց նրան. «Վե՛ր կաց, մեզ համար աստվածներ շինի՛ր, որ առաջնորդեն մեզ, որովհետև այդ մարդը՝ Մովսեսը, ով մեզ դուրս բերեց Եգիպտոսի երկրից, չգիտենք, թե ինչ եղավ»:
2. Եվ Ահարոնն ասաց նրանց. «Ձեր կանանց, ձեր որդիների և ձեր դուստրերի ականջներից հանե՛ք ոսկե օղերը և ինձ մոտ բերե՛ք»:
3. Եվ ամբողջ ժողովուրդն իրենց ականջներից հանեցին ոսկե օղերը և Ահարոնի մոտ բերեցին:
4. Եվ նա վերցրեց նրանց ձեռքից և, հատիչով քանդակելով, ձուլածո մի հորթ շինեց: Եվ ասացին. «Սրանք են քո աստվածները, ո՛վ Իսրայել, որ քեզ դուրս բերեցին Եգիպտոսի երկրից»:
5. Այդ տեսնելով՝ Ահարոնը դրա առջև զոհասեղան շինեց և ի լուր ամենքի՝ հայտարարեց. «Վաղը տոն է Տիրոջ համար»:
6. Հաջորդ օրը՝ վաղ առավոտյան, վեր կացան և ողջակեզներ մատուցեցին ու խաղաղության զոհեր բերեցին: Եվ ժողովուրդը նստեց ուտելու և խմելու ու վեր կացան՝ պարելու:
   
Մովսեսի Աստծո նախանձախնդրությունը և աղաչանքը ժողովրդի համար
   
7. Եվ Տերն ասաց Մովսեսին. «Գնա՛, իջի՛ր, որովհետև ապականվեց քո ժողովուրդը, որին դուրս բերեցիր Եգիպտոսի երկրից:
8. Շատ արագ նրանք խոտորվեցին այն ճանապարհից, որ պատվիրեցի իրենց: Իրենց համար ձուլածո հորթ շինեցին, երկրպագեցին նրան, զոհեր մատուցեցին և ասացին. “Ո՛վ Իսրայել, սրանք են քո աստվածները, որ քեզ դուրս բերեցին Եգիպտոսի երկրից”»:
9. Եվ Տերն ասաց Մովսեսին. «Ես տեսա, որ ահա այս ժողովուրդը խստապարանոց է:
10. Եվ այժմ թույլ տուր, որ բորբոքվի Իմ բարկությունը նրանց դեմ, ու ոչնչացնեմ նրանց, բայց քեզ մեծ ազգ կդարձնեմ»:
11. Եվ Մովսեսն աղաչեց իր Տեր Աստծուն՝ ասելով. «Ո՛վ Տեր, ինչո՞ւ բորբոքվի Քո բարկությունը Քո ժողովրդի վրա, որին մեծ զորությամբ և զորավոր ձեռքով դուրս բերեցիր Եգիպտոսի երկրից:
12. Ինչո՞ւ եգիպտացիները չարախոսեն և ասեն. “Նրանց դուրս բերեց իրենց չարության պատճառով, որպեսզի սպանի լեռների վրա և նրանց վերացնի երկրի երեսից”: Ե՛տ դարձիր Քո սաստիկ բարկությունից և հեռացրո՛ւ այս չարիքը Քո ժողովրդից:
13. Հիշի՛ր Քո ծառաներին՝ Աբրահամին, Իսահակին և Իսրայելին, որոնց Դու Ինքդ խոստացար՝ ասելով. “Երկնքի աստղերի չափ պիտի բազմացնեմ Ձեր սերունդը և այս ողջ երկիրը, որի մասին խոսեցի, ձեր սերնդին պիտի տամ, ու նրանք պիտի ժառանգեն հավիտյան”»:
14. Եվ Տերը հրաժարվեց պատճառել այն չարիքը, որ ասել էր, թե պիտի անի Իր ժողովրդին:
15. Եվ Մովսեսը վերադարձավ ու իջավ լեռան վրայից: Նրա ձեռքին էին վկայության երկու տախտակները: Տախտակները գրված էին երկու կողմերից, նրանք գրված էին թե՛ մեկ և թե՛ մյուս կողմերից:
16. Եվ տախտակներն Աստծո գործն էին, և գիրն Աստծո գիրն էր՝ փորագրված տախտակների վրա:
17. Եվ Հեսուն լսեց ժողովրդի աղաղակն ու ասաց Մովսեսին. «Պատերազմի ձայն կա բանակատեղիում»:
18. Եվ նա ասաց. «Սա հաղթության աղաղակի ձայն չէ, ոչ էլ՝ պարտության, այլ ես երգի ձայն եմ լսում»:
19. Եվ երբ Մովսեսը մոտեցավ ու բանակատեղիում տեսավ հորթն ու պարողներին, բորբոքվեց նրա բարկությունը և իր ձեռքից նետեց տախտակները՝ կոտրատելով դրանք լեռան ստորոտին:
20. Ապա վերցրեց նրանց ձուլածո հորթը, այրեց կրակով ու փոշիացրեց, այն լցրեց ջրի մեջ և խմեցրեց Իսրայելի որդիներին:
21. Եվ Մովսեսն ասաց Ահարոնին. «Ի՞նչ է արել քեզ այս ժողովուրդը, որ նրանց վրա այսչափ մեծ մեղք բարդեցիր»:
22. Եվ Ահարոնն ասաց. «Թող չբորբոքվի իմ տիրոջ բարկությունը, դու գիտես, որ այս ժողովուրդը միտված է դեպի չարը:
23. Նրանք ասացին ինձ. “Մեզ համար աստվածներ շինի՛ր, որ առաջնորդեն մեզ, որովհետև այս մարդը՝ Մովսեսը, ով մեզ դուրս բերեց Եգիպտոսի երկրից, չգիտենք, թե ինչ եղավ”:
24. Եվ ես ասացի նրանց. “Ով ոսկի ունի, թող հանի և ինձ մոտ բերի”: Ես դրանք գցեցի կրակի մեջ, և ահա ստացվեց այս հորթը»:
25. Եվ Մովսեսը տեսավ, որ ժողովուրդն անսանձ է դարձել, (որովհետև Ահարոնը նրանց անզուսպ էր դարձրել՝ իրենց թշնամիների մեջ խայտառակ լինելու չափ):
26. Եվ Մովսեսը կանգնեց բանակատեղիի մուտքի մոտ ու ասաց. «Ով Տիրոջ կողմից է, թող ինձ մոտենա»: Եվ Ղևիի բոլոր որդիները հավաքվեցին նրա մոտ:
27. Եվ ասաց նրանց. «Այսպես է ասում Իսրայելի Տեր Աստվածը. “Ամեն մարդ թող իր սուրն իր մեջքին կապի: Բանակատեղիում դռնեդուռ անցուդարձ արեք, և թող ձեզանից յուրաքանչյուրը սպանի իր եղբորը, յուրաքանչյուրը՝ իր ընկերոջը, յուրաքանչյուրը ՝ իր հարևանին”»:
28. Եվ Ղևիի որդիները վարվեցին Մովսեսի խոսքի համաձայն, ու այդ օրը ժողովրդից շուրջ երեք հազար մարդ կոտորվեց:
29. Եվ Մովսեսն ասաց. «Այսօր դուք Տիրոջն ընծայվեցիք: Ձեզանից յուրաքանչյուրը ձեռք բարձրեց իր որդու և իր եղբոր վրա, որի համար Տերն այսօր ձեզ կտա Իր օրհնությունը»:
30. Հետևյալ օրը Մովսեսն ասաց ժողովրդին. «Դուք մեծ մեղք գործեցիք: Ես հիմա վեր՝ Տիրոջ մոտ պիտի ելնեմ, գուցե քավություն գտնեմ ձեր մեղքի համար»:
31. Եվ Մովսեսը վերադարձավ Տիրոջ մոտ ու ասաց. «Ո՜հ, այս ժողովուրդը մեծ մեղք գործեց, նրանք իրենց համար ոսկե աստվածներ շինեցին:
32. Բայց այժմ աղաչում եմ, ների՛ր նրանց մեղքերը, ապա թե ոչ, ջնջի՛ր ինձ Քո այն Գրքից, որի մեջ գրել ես ինձ»:
33. Եվ Տերն ասաց Մովսեսին. «Իմ Գրքից Ես կջնջեմ նրան, ով մեղանչել է Իմ դեմ:
34. Իսկ հիմա գնա՛ ու ժողովրդին տա՛ր այնտեղ, ուր քեզ ասացի: Ահա Իմ հրեշտակը կգնա քո առջևից, բայց Իմ այցելության օրը, նրանց մեղքը իրենց վրա պիտի դնեմ»:
35. Եվ Տերը հարվածեց ժողովրդին ձուլածո այն հորթի համար, որ շինել էր Ահարոնը: